Հայաստանի ու Արցախի հաջողությունները պատերազմի դաշտում կստիպեն հակառակորդին կանգնել, դա գլխավոր նախաձեռնությունն է․ Ցինկեր
«Իսրայելում ՀՀ դեսպանին ետ կանչելու ՀՀ ԱԳՆ որոշումը հասկանում եմ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում վերսկսված պատերազմին, Իսրայելի դիրքորոշմանն ու Իսրայելից ՀՀ դեսպանին խորհրդակցությունների նպատակով ետ կանչելու ՀՀ ԱԳՆ որոշմանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր, որ այս օրերին, երբ միջազգային ողջ հանրությունն Ադրբեջանին մարտական գործողությունների դադարեցման կոչ է անում, Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին: «Այս գործելաոճը մեզ համար անընդունելի է: Ելնելով ստեղծված իրավիճակից` Արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին»,- նշել էր նա: Իսրայելում ՀՀ դեսպանն Արմեն Սմբատյանն է: Իսրայելում Հայաստանի դեսպանությունը սկսել էր գործել այս ամռան վերջին:
Ալեքսանդր Ցինկերն ասաց, որ հետևում է հակամարտության գոտուց ստացվող հաղորդագրություններին, որոնք չափազանց մտահոգիչ են։
«Դեսպանի ետկանչը խորհրդակցությունների նպատակով դիվանագիտական քայլ է, որն օգտագործել է հայկայան կողմը, և դա ես հասկանում եմ, քանի որ մի կողմից՝ իսկապես Իսրայելի և Ադրբեջանի միջև կա սպառազինությունների առևտրային մեծ համաձայնագիր, և պետք է այն իրականացնել, մյուս կողմից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ սկսվել են ռազմական գործողություններ և ընթանում է պատերազմ, ապա ավելի մարդասիրական, ճիշտ և պատշաճ կլիներ դադարեցնել այս փուլում ռազմական մատակարարումները, որը կարող է օգտագործվել խաղաղ բնակչության դեմ, Արցախի և Հայաստանի դեմ։ Ցավից բացի, այլ զգացումներ չունեմ։
Ցավոք, Իսրայելի ղեկավարությունը կենտրոնացած և զբաղված է մի շարք ներքին խնդիրներով՝ համավարակ, հարաբերություններ, կոալիցիաներ, ես տպավորություն ունեմ, որ իրականության օբյեկտիվ գնահատական չկա և երկրի ներսի, և դրսի իրադարձությունների վերաբերյալ։ Մենք որևէ հայտարարություն չտեսանք Իսրայելի ԱԳՆ-ի կողմից՝ կողմ, դեմ, չեզոք, ոչինչ չեղավ, ինչը զարմացնում է։ Ուստի ևս մեկ անգամ եմ ասում՝ ստիպված եմ միայն ցավով խոսել այս մասին։ Մյուս կողմից՝ մաղթել հայ ժողովրդին խաղաղ երկինք, որպեսզի չզոհվեն իր քաղաքացիները՝ հույսով, որ ռազմական գործողությունները կավարտվեն, և միջազգային հանրությունն իսկապես կփորձի լուծել այս խնդիրը, քանի որ 1994 թվականից ԵԱՀԿ ՄԽ-ն էական ոչինչ չի արել, և այս 26 տարիների ընթացքում կուտակվել է այնքան խնդիր, որ ինչ-որ մի օր դրանք պետք է պայթեին, և պայթեց»,- ասաց նա։
Ըստ նրա, մի կողմից՝ պետք է հասկանան Հայաստանում, որ իրենց դաշնակիցն Արցախն է, իսկ Արցախում հասկանան, որ դաշնակիցը Հայաստանն է, և այն հաջողությունները, որոնք կգրանցվեն պատերազմի դաշտում՝ գլխավոր նախաձեռնությունն է, որը կստիպի հակառակորդին կանգնել։
Այսինքն, ըստ նրա, սա կարող է փոխել իրավիճակը հակամարտության գոտում։
«Հարկավոր է նաև շատ կոշտ որոշում, որը կիրականացնեն ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, դեռ նրանք միայն խոսել են փաստի մասին՝ առանց ավելի «հեռուն» գնալու, իսկ եթե չգնան, ապա լուծումներ չեն լինի, ավելին՝ առաջին հերթին պետք է լուծվի վարձկաններին տարածաշրջանից դուրս բերելու հարցը։ Իսկ Թուրքիան մեկ այլ առանձին թեմա է, որն իրականացնում է Մեծն Թուրանի ծրագիրը, փորձում ազդեցություն գրավել թե Նախիջևանում, Զանգեզուր և այլն, ամեն ինչ հասկանալի է»,- ասաց Ցինկերը։
Ալեքսանդր Ցինկերը նաև տեղեկացրեց, որ իսրայելական կայքերում սկսվել է ստորագրահավաք՝ պահանջով՝ դադարեցնել իսրայելական սպառազինության մատակարարումները երկրներ, որոնք սպանում են խաղաղ բնակչությանը։