Եվրոպական անվտանգությունը վտանգված է, քանի որ այնտեղ կա մի պետություն, որ սպառնում է մյուսի գոյությանը. Արա Ղազարյան

«Այն անհատական գանգատները, որ ներկայացվում են 2010թ, ինչպես նաև 2016 թվականից՝ բոլորն էլ պատկերացնում էին, որ սա, ի վերջո, բերելու է միջպետական գանգատի»,- «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ն ընդհանրապես ողջունում է միջպետական գանգատը, որովհետև կոնվենցիան, որպես կոլեկտիվ կիրառության իրավական միջազգային փաստաթուղթ, առավել արդյունավետ է կիրառվում:

«Այնպես որ՝ ողջունելի է, որ այս գանգատը ներկայացվեց, և Ադրբեջանը փաստի առջև կանգնեց: Ի դեպ, Ադրբեջանի ձեռագիրն է՝ Եվրոդատարանին կա՛մ ինֆորմացիա չի տրամադրում, կա՛մ սուղ, արհամարհական ձևով ինֆորմացիա է տրամադրում: Դատավարական լեզվով դա մեզ առավելություն է տալիս: Պետք է Հայաստանը նաև հիմնական գանգատը ներկայացնի, և արդեն սկսվել է միջպետական դատավարություն այս երկու պետությունների միջև ու երկար ժամանակ կտևի: Նման գանգատներ քննելիս ՄԻԵԴ-ն աչքի է ընկնում կոնյունկտուրային մոտեցմամբ»:

Իրավաբանը նշեց՝ Ադրբեջանը միշտ կրկնում է Հայաստանի քայլերը և վստահ է, որ նույնպես գանգատ է ներկայացնելու և բարձրացնելու է այն նույն փաստարկները, ինչ Հայաստանը:

«Նրանք սովորաբար սիրում են հայելանման գործ ստեղծել: Իրենց դիվանագիտության մեջ ամրագրվածը հիմա էլ իրավաբանության մեջ են բերում: Եթե մեզ մոտ իրավաբանական ինչ-որ միտք է ծնվում, ու ներկայացնում ենք, մեկ էլ տեսնում ենք՝ իրար կցելով՝ ինչ-որ փաստեր են բերում Եվրոդատարան՝ ստեղծելով հայելանման գործ»:

Խոսելով Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, նրանց  դեմ բազմիցս կիրառվող հրթիռահրետանային արդիական համակարգերի մասին՝ Արա Ղազարյանն ասաց, որ այսօրվա դեպքերը երբ մտովի համեմատում է 2016 թվականի հետ, հասկանում է, որ այսօր ամեն ինչ շատ ավելի տեսանելի է:

«Եթե 2016թ. պետք է գնայինք, 1-3 ամիս հետո փաստեր հավաքեինք, տեսնեինք Մատաղիսի, Թալիշի տների իրավիճակը, այսօր ամեն ինչ ֆիքսվում է հենց տվյալ պահին: Բնականաբար, սա ազդում է իրավական գործընթացների վրա, առավել ճշգրտություն է հաղորդում, հավաստիություն է ապահովում, և տեխնիկայի զարգացումն ու դրա ինտեգրումը ռազմական գործողություններին՝ որոշակի փոփոխությունն է մտցնում և՛ դատավարության, և՛ հուսով եմ՝ նաև իրավաբանության մեջ»:

Արա Ղազարյանը ցավ հայտնեց՝ ընդգծելով, որ չկա այն միջազգային ատյանը, որտեղ մենք կկարողանանք դիմել մարդասիրական իրավունքի խախտման կոնկրետ գործերով, սակայն ամբողջ հարցն այն է, որ միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները փոխհատվում են, հենց թեկուզև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան փոխհատվելիություն ունի Ժնևի կոնվենցիայի հետ, և օգտվում ենք այդ տիրույթից:

Միջազգային իրավունքի մասնագետը հավելեց նաև. «ՄԻԵԴ-ում կա համընդհանուր մտայնություն, որ եվրոպական անվտանգությունը վտանգված է, քանի որ այնտեղ կա մի պետություն, որ սպառնում է մյուսի գոյությանը միայն նրա համար, որ այնտեղ հայեր են ապրում, սա անընդունելի է եվրոպական իրավունքի տեսակետից, հետևաբար՝ ՄԻԵԴ-ում կընդունվեն մեր բոլոր անհատական գանգատները։

Տեսանյութեր

Լրահոս