«Հայաստանի համար անընդունելի է Թուրքիայի ներգրավումն այս կոնֆլիկտում՝ կան բազմաթիվ հիմնավորումներ՝ դիվանագիտական, քաղաքական, ռազմական և այլն». Ռուբեն Մելքոնյան
«Հայկական Ժամանակ» թերթն այսօր իր խմբագրականում անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային և բանակցային ֆորմատին։
«Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» թերթը վերնագրով հրապարակման մեջ գրել է. Պատերազմի չորրորդ օրը հայկական կողմի գրանցած հաջողություններից զատ, բացառիկ էր նաև ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու հակամարտող կողմերին ուղղված կոչերի առատությամբ, բայց այդ կոչերը հասկանալիորեն կորան պատերազմի աղմուկի մեջ։
«Հիմա իսկապես դրա ժամանակը չէ, որովհետև քանի դեռ թշնամին վերջնականապես չի ջախջախվել՝ անհասկանալի է, թե ինչի շուրջ պետք է բանակցել, և որքան կտևի անպտուղ բանակցությունների հերթական փուլը։ Հասկանալի է նաև, որ ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է, և սկսվում է բանակցությունների փուլը։ Իսկ այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնցից մեկն էլ հետևյալն է, իսկ ինչո՞ւ պետք է Հայաստանը պատերազմի Թուրքիայի դեմ, բայց բանակցությունների նստի Ադրբեջանի հետ։ Եթե Ադրբեջանը դարձել է Թուրքիայի հերթական վիլայեթը (իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ հենց այդպես էլ կա՝ Ադրբեջանն այլևս անկախ ռազմաքաղաքական միավոր չէ), ժամանակը չէ՞ արդյոք, որ այդ վիլայեթն ընդհանրապես դուրս մղվի բանակցային գործընթացից, իսկ մենք ուղիղ բանակցություններ վարենք նրա «տիրոջ» հետ։ Ի դեպ՝ ժամանակին ադրբեջանցիներին հաջողվեց իրականացնել այդ հնարքը։ Նրանք հարձակվել էին Արցախի վրա, Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չէր, բայց նրանք կարողացան Արցախը դուրս թողնել բանակցություններից և ամբողջ աշխարհին հարցն այնպես ներկայացնել, թե հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է։ Հիմա այլևս որևէ կասկած չկա, որ սա պատերազմ է Հայաստանի ու Թուրքիայի միջև, հետևաբար՝ բանակցություններն էլ պիտի այդ պետությունների միջև ընթանան։ Իսկ Ադրբեջանը, եթե շատ է ցանկանում, կարող է ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԼՂՀ-ի հետ։ Կամ էլ բանակցությունները կարող են լինել քառակողմ»,- նշված է հոդվածում։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով հրապարակված հոդվածին, նշեց, որ, եթե հարցը բաժանենք երկու հատվածի, ապա առաջինն այն է, որ Թուրքիայի երկար տարիների նպատակն է եղել՝ դառնալ բանակցությունների կողմ, ներգրավվել Արցախի կոնֆլիկտի մեջ, և դրա համար գործադրել է տարբեր միջոցներ, սակայն մինչև այս պահը հաջողության չի հասել։
«Հարցի մյուս կողմը քարոզչական է, քանի որ ակնհայտ է, որ ըստ էության Թուրքիան է ղեկավարում այս պատերազմն ընդդեմ Արցախի և Հայաստանի, ուզում եմ հավատալ, որ այդ հրապարակման մեջ եղած ակնարկներն առավելապես քարոզչական են։ Թուրքիան ակնհայտ ընդգրկված է այս կոնֆլիկտի մեջ, և ըստ էության Ադրբեջանը կորցնում է իր սուբեկտայնությունը, դրա համար հոդվածում խոսվում է, որ պետք է բանակցել Թուրքիայի հետ։ Եթե սա քարոզչական չէ, այլ իրատեսության հիմք, և դրա տակ ինչ-որ էլեմենտներ կան, ապա անընդունելի է Թուրքիայի ներգրավումն այս կոնֆլիկտում։ Սա երկար տարիներ Հայաստանի համար եղել է անընդունելի, և սրա համար կան բազմաթիվ հիմնավորումներ՝ դիվանագիտական, քաղաքական, ռազմական և այլն։ Այնպես որ, եկեք հավատանք, որ այս հրապարակման մեջ գերիշխում է քարոզչական մեթոդը, կոմպոնենտը, այլ ոչ թե՝ իրական»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
Հարցին՝ եթե այդուհանդերձ հոդվածում արծարծված մտքերն իրականություն դառնան, այդ ամենն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց, որ պետք չէ առաջնորդվել այդ կանխավարկածով, քանի որ հարցը բավականին տարողունակ և բոլորովին այլ ոլորտներին վերաբերող խնդիր է։
«Թուրքիայի հետ ուղիղ բանակցությունների մեջ մտնելը շատ նախապատրաստական, տարատեսակ հավասարակշռությունները խախտող քայլեր է ենթադրում։ Չեմ կարծում, որ դա հիմա ունի նախ՝ ռացիոնալ հեռանկար, և երկրորդը՝ չեմ կարծում, որ սա իրականում կարող է քննարկվել Հայաստանի ղեկավարության կողմից։ Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ սա ուղղակի տեղավորվում է լրագրողական, քարոզչական ոճի շրջանակներում, որովհետև այստեղ կան իրավական, դիվանագիտական, քաղաքական բաղադրիչներ»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։