«Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը»․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթն այսօր իր խմբագրականում անդրադարել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային և բանակցային ֆորմատին։

«Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրով հրապարակման մեջ թերթը գրել է. «Պատերազմի չորրորդ օրը բացառիկ էր ոչ միայն կիրառած զինատեսակների կրակային հզորությամբ, այլև կրած կորուստներով ու հայկական ուժերի պատժիչ գործողությունների արդյունավետությամբ։ Բավական է նշել միայն, որ օրվա ընթացքում հայկական ուժերը ոչնչացրել են «Սմերչ» և «Ուրագան» կայանքներ, երկու «ՏՕՍ-1» տիպի հրանետեր ու տասնյակ միավոր զրահատեխնիկա, իսկ ոչնչացված այլ զինատեսակներն ու կենդանի ուժն արդեն հաշվելն անիմաստ է։ Ամեն դեպքում մի բան ակնհայտ է՝ պատերազմի չորս օրերի ընթացքում թշնամին ավելի շատ զենք ու ռազմամթերք է օգտագործել մեր դեմ, քան 1991-94 թվականների ողջ ընթացքում։

Օրը բացառիկ էր նաև ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու հակամարտող կողմերին ուղղված կոչերի առատությամբ, բայց այդ կոչերը հասկանալիորեն կորան պատերազմի աղմուկի մեջ։ Հիմա իսկապես դրա ժամանակը չէ, որովհետև քանի դեռ թշնամին վերջնականապես չի ջախջախվել՝ անհասկանալի է, թե ինչի շուրջ պետք է բանակցել, և որքան կտևի անպտուղ բանակցությունների հերթական փուլը։ Իսկ թշնամին ոչ միայն վերջնականապես չի ջախջախվել, այլև դեռ հույս ունի Թուրքիայի օգնությամբ ու միջազգային հանրության անտարբերության պայմաններում իր օգտին փոխել պատերազմի ընթացքը։ Այնպես որ հայկական բանակն ու մեկ միասնական բռունց դարձած մեր ժողովուրդը դեռ շատ անելիքներ ունեն։ Ավելին՝ հնարավոր է, որ ամեն ինչ նոր միայն սկսվում է և հիմնական փորձությունները դեռ առջևում են։

Բայց հասկանալի է նաև, որ ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է, և սկսվում է բանակցությունների փուլը։ Իսկ այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնցից մեկն էլ հետևյալն է, իսկ ինչո՞ւ պետք է Հայաստանը պատերազմի Թուրքիայի դեմ, բայց բանակցությունների նստի Ադրբեջանի հետ։ Եթե Ադրբեջանը դարձել է Թուրքիայի հերթական վիլայելը (իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ հենց այդպես էլ կա՝ Ադրբեջանն այլևս անկախ ռազմաքաղաքական միավոր չէ), ժամանակը չէ՞ արդյոք, որ այդ վիլայեթն ընդանրապես դուրս մղվի բանակցային գործընթացից, իսկ մենք ուղիղ բանակցություններ վարենք նրա «տիրոջ» հետ։ Ի դեպ՝ ժամանակին ադրբեջանցիներին հաջողվեց իրականացնել այդ հնարքը։ Նրանք հարձակվել էին Արցախի վրա, Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չէր, բայց նրանք կարողացան  Արցախը դուրս թողնել  բանակցություններից և ամբողջ աշխարհին հարցն այնպես ներկայացնել, թե հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է։ Հիմա այլևս որևէ կասկած չկա, որ սա պատերազմ է Հայաստանի ու Թուրքիայի միջև, հետևաբար՝ բանակցություններն էլ պիտի այդ պետությունների միջև ընթանան։ Իսկ Ադրբեջանը, եթե շատ է ցնականում, կարող է ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԼՂՀ-ի հետ։ Կամ էլ բանակցությունները կարող են լինել քառակողմ։

Հասկանալի է, որ միջազգային հանրությունն առայժմ ռազմական գործողություններին Թուրքիայի անմիջական մասնակցության «ապացույցներ» չի տեսնում։ Պատերազմի ելքն անորոշ է, ու նրանք չեն շտապում տեսնել ակնհայտը։ Բայց հենց որ համոզվեն, որ հայկական զինուժն ընդունակ է ինքնուրույն դիմակայել ցանկացած ագրեսիայի, պլանավորված բլից-կրիգն էլ է վերածվում տարածաշրջանային մեծ պատերազմի, անմիջապես «կտեսնեն»։ Այ, այդ ժամանակ էլ բանակցություններն իմաստ կունենան։ Ընդ որում առարկայական բանակցությունները, որտեղ ընդգրկված կլինեն այնպիսի հարցեր, ինպիսիք են Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում, Հայոց ցեղասպանությունն ու դրա հետևանքների պատասխանատվությունը, Ադրբեջանի՝ որպես արհեստականորեն ձևավորված պետական կազմավորման գոյության իրավունքը, և այլն։

Իսկ առայժմ հիմնական խոսքը հայոց բանակինն է։ Այդ բանակն է, որ հերոսաբար ապահովում է երբևէ որևէ հարցի շուրջ բանակցելու մեր իրավունքը»։

Տեսանյութեր

Լրահոս