Մոսկվայից զանգը՝ դիվանագիտական գծով, բավարար եղավ, որպեսզի Թուրքիան իր տեղում մնա․ Տրոֆիմչուկ

«Մոսկվայի արձագանքի բովանդակությունը նույնն է, ինչ նախկինում»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում ստեղծված պատերազմական իրավիճակին և ՌԴ դիրքորոշմանը։

Նա նշեց, որ, ի տարբերություն հայ-ադրբեջանական սահմանին ծավալված հուլիսյան իրադարձությունների, այս անգամ պաշտոնական Մոսկվան արձագանքեց ավելի ծավալուն և արագ։ Թեև, նրա խոսքով, ընդհանուր առմամբ այդ արձագանքի բովանդակությունը նույնն էր՝ կրակի դադարեցման և բանակցային գործընթացը շարունակելու կոչ։

Տրոֆիմչուկը նաև ասաց, որ մեկ այլ տարբերություն էլ, այս պահին դեռ միայն տեղեկատվական բնույթի, Թուրքիայի ավելի ակտիվ դիրքավորումն է։

«Դեռ Մոսկվայից զանգը՝ դիվանագիտական գծով, բավարար եղավ, որպեսզի Թուրքիան իր տեղում մնա։ Թուրքիան հասկանում է, որ բախումներում իր ուղղակի մասնակցությունը նշանակում է՝ նոր պատերազմի ակտիվացում, թեև առանց դրա էլ թուրքական բանակն արդեն իսկ ներգրավված է նմանատիպ մի շարք խնդիրներում։ Ուստի Թուրքիան դեռ հետևում է։ Ռուսաստանից դեռ չի երևում իրական, մասշտաբային պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ իրական պատերազմը կարող է էականորեն դուրս գալ շփման գծի սահմաններից, երբ կարող է խոսք լինել նաև մայրաքաղաքներ հրթիռային հարվածների մասին։ Բայց դեռ երկու մայրաքաղաքները՝ Բաքուն և Երևանը, հիմնականում փորձում են վախեցնել միմյանց։

Ուստի ՌԴ-ն գործելու է նախկինի նման՝ դիվանագիտական եղանակով, այդ թվում՝  ԵԱՀԿ ՄԽ օգնությամբ։ Խնդիրը միայն այն է, որ այդ խումբը, ինչպես կարելի է նկատել, այլևս չի վերահսկում իրավիճակը, ցավոք սրտի, պատասխանատու չէ որևէ բանի համար։ Այս պարագայում չկա նաև ՀԱՊԿ միջամտության առիթ, քանի որ Ղարաբաղը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում չէ։ Թեև ՀԱՊԿ-ի փոխարեն՝ ես չէի տարվի այդ պատճառաբանությամբ, քանի որ վաղ թե ուշ այդ շրջանում կփորձեն հրահրել իրական, երկարատև պատերազմ Ռուսաստանի դեմ»,- նշեց Տրոֆիմչուկը։

Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները, Տրոֆիմչուկը կարծում է, որ այնպես, ինչպես այն զարգացել է վերջին շրջանում՝ ռազմական մեկ բռնկումից մյուսը։

«Այդպիսի շղթան արդեն հստակ ուրվագծվում է՝ 2014թ․ օգոստոս-2016թ. ապրիլ-2020թ. հուլիս–2020թ. սեպտեմբեր։ Բայց մեծ պատերազմն անընդհատ կողքից քայլում է, և վաղ թե ուշ ոչ ոք այն չի կարողանա կանգնեցնել։

Ռուսաստանին մղում են կոնֆլիկտների շրջագիծ՝ պատերազմ Դոնբասում, աճող անկայունություն Բելառուսում, Ղարաբաղի շուրջ և այլն: Ղարաբաղի դեպքում Բաքուն չի հասկանում՝ ինչու Ռուսաստանը կարող է վերաինտեգրել Ղրիմը, բայց դա չի կարող անել Ադրբեջանը: Ղարաբաղի շուրջ իրական պատերազմ սկսելու վրա ազդում են բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ ԱՄՆ-ում ապագա ընտրությունների արդյունքը: Տավուշում, Թովուզում հուլիսյան իրադարձություններից հետո, երբ բոլորը տեսնում էին տարօրինակ դիրքային մարտեր հայ-ադրբեջանական սահմանին և եզրակացություններ անում կոնկրետ բանակների իրական ուժի մասին, Ադրբեջանը չունի Ղարաբաղի համար պատերազմում հաղթանակի 100 տոկոսանոց երաշխիքներ։ Հենց դա էլ Ադրբեջանին ետ է պահում ողջ խորությամբ հարվածներից։

Բացի դրանից, վերլուծաբանները հետևություններ են անում երկրների միջև տեղեկատվական պատերազմի արդյունավետության մակարդակի մասին։ Եվ մանկական հարվածներն այդ ճակատում արձանագրում են միանգամից։ Նմանատիպ հարվածների հեղինակներն օտարազգիների աչքում էապես թույլ են դիտարկվում։ Տեղեկատվական պատերազմը հատուկ նշանակություն ունի, և այն ավելի բարձր է, քան փաստացի ռազմական գործողությունները։ Օրինակ՝ Ադրբեջանի համար բարդ կլինի արտաքին աշխարհին համոզել, որ նա չի արել առաջին կրակոցը, քանի որ Հայաստանին նոր տարածքներ օբյեկտիվորեն հարկավոր չեն։ Բարեբախտաբար, տեղեկատվական պատերազմով զբաղվում են նույն չինովնիկները, ուստի ստեղծարարություն նրանցից սպասել հարկավոր չէ։ Բայց չէ՞ որ քաղաքական ստեղծարարությունը միայն եզակի փորձագետներն ու պրոֆեսիոնալները կարող էին փոխել Ղարաբաղի շուրջ միջավայրը։ Ուստի պատերազմող չինովնիկները վտանգ չեն ներկայացնում, նրանց մտադրությունները և գործողությունները ափի վրա են։ Զրոյական ռազմական խորամանկություն»,- ասաց Տրոֆիմչուկը։

Տեսանյութեր

Լրահոս