Խոստովանություն․ Նիկոլը «պասերով» է խաղում Ալիևի հետ

Բնավ պետք չի լինել կոնֆլիկտաբան կամ աշխարհաքաղաքականության կայացած մասնագետ, որպեսզի հասկանաս, թե ներկայումս ինչ տուրբուլենտ փուլում է գտնվում մեր տարածաշրջանը, որտեղ վերջին մեկ ամսվա ընթացքում ակնհայտորեն լուրջ վերադասավորումներ ու ուժային յուրահատուկ հաշվարկ է ընթանում։

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը հակահայկական դեմարշ է սկսել, որն ուղեկցվում է անթաքույց հակահայ հայտարարություններով՝ սպառնալիքներով ու ռազմական կոչերով։ Անզեն աչքով էլ հասկանալի է, որ առաջիկայում տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը վերածվելու է էսկալացիայի, ընդ որում՝ չի բացառվում, որ այն լինի բավական լայնածավալ։

Ամեն ինչ սկսվեց օրերս Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի բացման առիթով ունեցած հեռավար ելույթից, որտեղ նա Հայաստանին մեղադրել էր պատերազմի պատրաստվելու և ռազմատենչության մեջ՝ կոչ անելով ՄԱԿ երկրներին քայլեր ձեռնարկել Հայաստանի այդ գործողությունները կանխելու համար: Նա նաև նշել էր, թե Արցախի հարցի շուրջ, ըստ էության, ներկայումս բանակցություններ չկան, և դրանց մեղավորը հայկական կողմն է, քանի որ ձախողել է ողջ բանակցային պրոցեսը։ Նա նաև նշել էր, թե իրենց առաջին հանդիպման ժամանակ՝ Դուշանբեում, Փաշինյանն իրենից որոշակի ժամանակ է խնդրել բանակցային գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու համար, որպեսզի կարողանա ներքաղաքական կյանքում հստակեցումներ մտցնել։

Ալիևի հայտարարություններին հաջորդեցին ադրբեջանական լրատվականների կողմից արվող «բացահայտումները», համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում կուլիսային պայմանավորվածությունների է գնացել, իշխանության գալուց հետո հայտնել է բանակցային նոր ձևաչափի մասին, անգամ հարցի փուլային կարգավորման տարբերակ է առաջ քաշել։

Շուրջ մեկ շաբաթից ավելի հնչող ադրբեջանական հայտարարություններին հայկական կողմից ոչ մի ադեկվատ պատասխան չհնչեց, բացառությամբ ԱԳՆ տարածած անատամ դեկլարատիվ հայտարարության տեքստի և Զոհրաբ Մնացականյանի անհասկանալի մեկնաբանության, թե «Ալիևի հայտարարությունը չափից ավելի հուզական է, և մեկնաբանելու իմաստ չկա»։

Տեղի ունեցած հայտարարությունների ֆոնին, սակայն, ամենացնցողը Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ արված մեկնաբանությունն էր։

Փաշինյանն ասել է․ «Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները և ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ և սկսեցինք նման կարգի  տեղեկատվություններ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»։

Մի պահ դադար տանք և վերստին կարդանք վերոշարադրյալ բառացի մեջբերումը։

Այո, ասվածը Փաշինյանի խոսքերն են, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանից հնչող տարբեր հայտարարություններն ու ինֆորմացիոն «սլիվներն» ամբողջովին իրականություն են։ Այսինքն, ըստ էության, Փաշինյանը,  փաստորեն, հաստատում է ադրբեջանական լրատվամիջոցներում երեկվանից տարածվող լուրերն այն մասին, որ իր և Ալիևի միջև գաղտնի բանակցություններ ու կուլիսային պայմանավորվածություններ կան։ Հաստատում է այն հանգամանքը, որ երկու կողմերն առանձին բանագնացների (էմիսարներ) միջոցով Եվրոպաներում թաքուն հարցեր են քննարկում։ Ավելին, Նիկոլն իր այս արտահայտությամբ ամրագրում է Իլհամի այն պնդումը, որ նրանից օգնություն է խնդրել՝ ներհայաստանյան քաղաքական պայքարում։

Սա, ինչպես ասում են, մարազմի գագաթնակետն է.  Փաշինյանը Բաքվից հնչող հայտարարությունները կտրուկ ու կատեգորիկ հերքելու, կոշտ արձագանքելու փոխարեն, նախ՝ փաստացի հաստատում է, ապա՝ Ադրբեջանին սպառնում է ներքին անկայունությամբ։

Միանշանակ է, որ սա խոսում է Փաշինյանի անմեղսունակության ու հակաազգային գործունեության մասին, և մինչ հայաստանյան իշխանական պրոպագանդան փորձում էր սոցցանցերում և տարբեր լրատվականներում հակադարձել, թե «նման թեզերն առաջ տանողները ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին», և նմանօրինակ պաթոսախառն արտահայտություններ, պարզ է դառնում, որ Հայաստանից Ալիևի ջրաղացին թիվ մեկ ջուր լցնողն իրենց քաղաքական հայրն է։

Համաձայնեք, որ յուրաքանչյուր նորմալ երկրում այս կարգի հայտարարությունները նախ կառավարության և անձամբ նրա ղեկավարի հրաժարականի պահանջի լայն ալիք կբարձրացնեին, որին միանշանակ կհաջորդեին իրավապահ մարմինների համապատասխան գործողությունները։ Վերոշարադրյալը հերթական անգամ ապացուցում է, որ փողոցից եկածը պետք է նույն ճանապարհով հեռանա՝ հայտնվելով քաղաքական լուսանցքում։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս