Քանի որ հանրությունը դոզավորված ինֆորմացիա է ստանում, ցանկացած ինֆորմացիա, որը գալիս է դրսից, արագ է տարածվում. Քաղտեխնոլոգ
ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցությունների մասին ադրբեջանական լրատվամիջոցի «գաղտնազերծումը» նոր քննարկումների օրակարգ է ստեղծել Հայաստանում:
Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցը գրել էր Ալիևի և Փաշինյանի էմիսարների միջև գաղտնի բանակցությունների մասին: Հայաստանի բանագնացի դերում, ըստ կայքի, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է եղել:
Ինքը` Արսեն Խառատյանը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն «հերքել» է գաղտնի բանակցություններին իր մասնակցության վերաբերյալ տեղեկությունը:
«Ալիևի անձնական օգտագործման հաքքինազ-ը հերթական սուտ ու կեղծ տեքստն է հրապարակել, այս անգամ մտացածին պատումներ ներկայացնելով իմ անվան շահարկմամբ: Այսպես` իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ: Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիևի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որևէ հարց չեմ քննարկել:
Թե ինչու են ադրբեջանցիներն այս փուլում այսպիսի կեղծ տեքստ հրապարակում` պետք է իրենցից պարզել: Միայն կարող եմ ենթադրել, որ հուլիսյան հաղթական օպերացիայից և դրան հաջորդած Ալ-Ջազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիևի որոշ պաշտոնյաներ դեռևս ուշքի չեն եկել, որոնց խորհուրդ կտամ սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները: Ի դեպ, այդ օրը շատ հեռու չէ…»,- գրել էր նա:
168.am–ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ադրբեջանցիները հատկապես այս շրջանում նման տեղեկություններ շրջանառում, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց. «Կարծում եմ՝ քանի որ արցախյան բանակցային գործընթացի շուրջ ինֆորմացիոն լուրջ վակուում է առաջացել, այսինքն՝ հայաստանյան հանրությունը շատ դոզավորված ինֆորմացիա է ստանում, նման պայմաններում ցանկացած ինֆորմացիա, որը գալիս է դրսից, բավականին արագ է տարածվում և դառնում քաղաքական օրակարգի թեմա»:
Նա ընդգծեց, որ հաճախ դրսի աղբյուրներն ունեն կոնկրետ անուն-ազգանուններ. «Միշտ չէ, որ այդ արտահոսքն ընդամենը «հավաստի աղբյուրների» վրա է հիմնվում, շատ դեպքերում լուրջ մակարդակի. պաշտոնական աղբյուրներն են դրա մասին խոսում. շատ դեպքերում՝ այդ աղբյուրներն ունեն կոնկրետ անուն-ազգանուն՝ օրինակ՝ Սերգեյ Լավրով»:
Վիգեն Հակոբյանն այս համատեքստում հիշեց նաև ադրբեջանական մեկ այլ արտահոսքի՝ Մեջլիսի մամլո հաղորդագրության մասին, որի թիրախը կրկին Հայաստանն էր:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Միլի Մեջլիսի պաշտոնական հաղորդագրությանը, գրել էին, թե Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Ս. Գաֆարովայի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին»։
Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր. «Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»:
«Պարզ է, որ ադրբեջանական աղբյուրն ունի իր կոնկրետ նպատակները, որոնք չեն կարող համընկնել ՀՀ պետական շահին, դա ակնհայտ է: Եղե՞լ են այդպիսի գաղտնի բանակցություններ, թե՞ չեն եղել, և այլն՝ չեմ կարող գնահատել, որովհետև այլ աղբյուր չկա, առավել ևս՝ ընդհանրապես դիվանագիտության, քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից ընդունված պրակտիկա է աշխարհում, երբ երրորդ երկրի մամուլի միջոցով մի այլ երկիր իր ուզածը, իր տեղեկատվական արտահոսքն է կազմակերպում. ես չեմ բացառում, որ այստեղ ոչ թե զուտ ադրբեջանական արտահոսք է, այլ, ասենք՝ ինչ-որ մի երրորդ երկրի:
Ես չեմ բացառում, որ տվյալ դեպքում հակառակորդ երկրի մամուլի միջոցով մի այլ երկիր է, որը գուցե ունի իր շահը և գուցե ուզում է, որպեսզի Հայաստանում սրա մասին իմանան, կամ՝ ինչ-որ քաղաքական օրակարգ է գեներացվում»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը:
Նկատենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադառնալով ադրբեջանական կողմի քարոզչական արշավին՝ ասել է․
«Բայց, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով: Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական»: