«Կողմնորոշվեք՝ ըստ ՌԴ դիրքորոշման, ոչ թե՝ ըստ տարատեսակ մեկնաբանությունների». Զախարովան՝ Լավրովի խոսքերի աղավաղման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մոսկվայում Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Ս. Գաֆարովայի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ԼՂ հարցի վերաբերյալ ադրբեջանական մեկնաբանություններին:
Նա ասել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը Լավրովը քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլորին վաղուց հայտնի բազային սկզբունքները, «որոնք ենթադրում են ԼՂ կարգավիճակի հարցի լուծում, ինչպես նաև՝ նրա շուրջը գտնվող տարածքների ազատում»։
Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ի դիրքորոշումն այդ հարցի հետ կապված քաջ հայտնի է, և խնդրել է կողմնորոշվել՝ ըստ դրա, ոչ թե՝ ըստ «տարատեսակ մեկնաբանությունների», որոնք արվում են ոչ ռուսական կողմից (տեսանյութում՝ 1:00:21 րոպեից):
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Միլի Մեջլիսի պաշտոնական հաղորդագրությանը, գրել էին, թե իբր հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին»։ Բացի այս, ըստ ադրբեջանական քարոզչական լրատվականների, Լավրովը նշել է, որ «Մոսկվան կողմ է 5 «օկուպացված» շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը և տրանսպորտային-հաղորդակցային համակարգերի վերականգնմանը»:
Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր. «Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»: