«Ադրբեջանը կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ  է բացահայտում». Փաշինյան

Ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը «գաղտնազերծել» է ՀՀ-ի և Ադրբեջանի  ղեկավարների միջև գաղտնի բանակցությունների փաստը: Մասնավորապես, հոդվածում խոսվում է Ալիևի և Փաշինյանի էմիսարների (գործակալ՝ գաղտնի քաղաքական հանձնարարությամբ այլ երկիր ուղարկված անձ,- Մ.Պ) միջև գաղտնի բանակցությունների մասին: Հայաստանի բանագնացի դերում ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է: Ադրբեջանի էմիսարի անունը նշված չէ:

Արսեն Խառատյանի չհերքող հերքումը դեռ չմարսած, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի քարոզչական արշավին,  ասել է.

«Բայց, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով: Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական»:

Սրանով Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի հերքում ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցի «բացահայտումը», այլև, ըստ էության, հաստատում է, որ գոյություն ունեն նմանօրինակ կոնֆիդենցիալ՝ իրենցից գաղտնիք ներկայացնող փաստեր:

Մնում է  պարզել այն անձանց շրջանակը, որոնց հասանելի են եղել և կան նմանօրինակ կոնֆիդենցիալ ինֆորմացիաները, որոնք սպառնում են ՀՀ-ի և Արցախի անվտանգությանը:

Տեսանյութեր

Լրահոս