«Փխրուն հավասարակշռության պահպանումը ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հարաբերություններում ՌԴ-ից բավականին ջանքեր և զգուշավորություն է պահանջում». վերլուծություն
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության նիստում հայտնել էր, որ ռուսական վերլուծական կենտրոններից մեկը՝ «Ցաստը», հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վերաբերյալ գնահատական։
«Այնտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ՝ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում»,- նշել էր նա:
168.am-ը փորձեց ծանոթանալ ամբողջական վերլուծություն-աշխատությանը:
Ներկայացնելով ՀՀ-ՌԴ հարաբերությունների նախապատմությունը՝ նշվում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի համար ծանր ժամանակներում երկրի այդ ժամանակվա ղեկավարությունն ընտրություն կատարեց հօգուտ ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության, և, որ այդ գործընկերությունն ընկալվում է՝ որպես պաշտպանության երաշխիք պոտենցիալ կործանարար սցենարներից, երբ Հայաստանը ստիպված էր լինելու միայնակ պատերազմել միաժամանակ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի դեմ: Իսկ Ռուսաստանի համար Հայաստանը փաստացի դարձավ ֆորպոստ Անդրկովկասում՝ 1990-ականներին Վրաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ունեցած բարդ հարաբերությունների պայմաններում: Եվ հենց այս համատեքստում են զարգացել ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններն այս տարիներին, ինչպես նկատում են վերլուծության հեղինակները: Շարունակելով, վերլուծաբանները հիշեցնում են, որ ռուսական կողմը լուրջ ներկայություն է ապահովել ՀՀ տարածքում, որ ամրագրված է միջպետական երկարատև համաձայնագրերով: Գնահատականում չի անտեսվում այն, որ իր հերթին՝ Երևանը հնարավորությունների չափով պաշտպանել է Մոսկվայի դիրքորոշումը միջազգային կազմակերպություններում, ինչպիսին ՄԱԿ-ն է, որտեղ հայկական պատվիրակությունը հետևողականորեն դեմ է քվեարկել հակառուսական բանաձևերին՝ Ղրիմի հարցով:
Հայ-ռուսական հարաբերությունների ամբողջական և ընդգրկուն գնահատականում շեշտվում է, որ Սիրիա հայկական հումանիտար խումբ ուղարկելու որոշման կայացման հարցում դեր է խաղացել նշանակալի հայկական սփյուռքի առկայությունը, մյուս կողմից՝ այն քաղաքական աջակցության ժեստ էր՝ Սիրիայում ռուսական գործողություններին ուղղված:
Աշխատության ռուս հեղինակները չեն մոռանում ընդգծել, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, տնտեսական և ռազմական նշանակալի պրեֆերանսներ է ստացել՝ հայկական ապրանքների՝ ռուսական շուկա ազատ մուտքից մինչև ՌԴ-ի ներքին գներով սպառազինության գնում:
Միաժամանակ, սակայն, ռուսական կողմում ճիշտ չեն համարում պնդումները, թե ռուս-հայկական հարաբերությունները բացարձակ անխնդիր են. խնդիրներ կան տրանսպորտային հաղորդակցության առումով, ժամանակ առ ժամանակ սրվում են տնտեսական հարցերը, օրինակ, ռուսական գազի մատակարարման գնի հետ կապված: Բացի այս, ասվում է, որ ՌԴ-ՀՀ հարաբերությունների վրա, անկասկած, ազդեցություն է թողնում նաև ԼՂ չլուծված հակամարտությունը:
«Մոսկվան ձգտում է զարգացնել հարաբերությունները ոչ միայն Երևանի, այլ նաև Բաքվի հետ, այդ իսկ պատճառով փխրուն հավասարակշռության պահպանումը ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հարաբերություններում ՌԴ-ից բավականին ջանքեր և զգուշավորություն է պահանջում»,- ասվում է վերլուծության մեջ։
Ըստ վերլուծության՝ Ադրբեջանը վերջին տասնամյակում դարձել է ռուսական սպառազինության խոշոր գնորդը, և Ադրբեջան զենքի մատակարարումները ՀԱՊԿ դաշնակիցների կողմից ՀՀ-ում բնական դժգոհություն են առաջացնում, ինչը սրվեց 2016-ի ապրիլյան պատերազմից հետո:
Այնուամենայնիվ, ռուս փորձագետները նկատում են, որ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում ՌԴ-ՀՀ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, և, որ անգամ 2018-ին ընդդիմադիր ուժերի իշխանության գալուց հետո տարբեր նախագծերի իրականացումը շարունակվում է, մասնավորապես, ՌԴ-ի ներքին գներով սպառազինության մատակարարումները:
«Հարաբերությունների և միության հետագա զարգացումը հիմա մեծապես կախված է ՀՀ նոր ղեկավարության հաջորդական քայլերից և քաղաքական կուրսից»,- կարծում են աշխատության հեղինակները:
Առանձնացնելով ՀՀ ռազմական կարողությունները և հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունները, ռուս վերլուծաբանները նշում են, որ սահմանափակ բյուջետային հնարավորությունների պայմաններում ՀՀ-ն երկար ժամանակ իրեն հետ էր պահում թանկ և նոր սպառազինության, ռազմատեխնիկայի գնումից, սակայն իրավիճակը լրջորեն փոխվեց 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, և երբ ՌԴ-ն ՀՀ-ին տրամադրեց ընդհանուր առմամբ 300 միլիոն դոլար վարկ:
Այս միջոցներով, մասնավորապես, ձեռք են բերվել «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիր, «Իգլա-Ս» և «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության «ՏՈՐ-Մ2ԿՄ», «ԲՈւԿ-Մ1-2» զենիթահրթիռային համալիրներ: Բացի այս, ձեռք են բերվել բարձր ճշգրտությամբ հեռահար հրթիռային համակարգեր, այն է՝ «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Ռուս վերլուծաբանները չեն անտեսում և նշանակալի են համարում Սու-30 ՍՄ կործանիչների ձեռքբերումը: