«Առ 2020 թվականի հունիսի 26-ը մենք ՍԴ-ում ճգնաժամ չենք ունեցել». Արևիկ Պետրոսյան

Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանն այսօր ՍԴ-ի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մասնակցելու է ՍԴ աշխատանքային նիստին, սակայն որպես ՍԴ նախագահի թեկնածու՝ չի ինքնառաջադրվելու։

«Այս պահի դրությամբ դեռ չկան թեկնածուներ, կտեսնենք՝ ովքեր են լինելու թեկնածուները, ինչպիսի ելույթ կունենան, ինչ տեսլական են պատկերացնում, ինչպիսի գնահատական կտան ստեղծված իրավիճակին, ըստ այդմ էլ՝ կլինի իմ մոտեցումն ու դիրքորոշումը թեկնածուների վերաբերյալ»,- նշեց Ա. Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում այսօր աշխատանքային նիստի օրակարգում լինելու է ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը։

Արևիկ Պետրոսյանի խոսքով՝ ՍԴ-ում, մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, որևէ խնդիր չի եղել քվորումի իրավազորության, որոշումների կայացման հետ կապված՝ ՍԴ-ն բնականոն իր գործունեությունն իրականացրել է։

«ՍԴ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ես հանրայնորեն իմ կարծիքը ներկայացրել եմ, կան երեք խումբ հարցեր, որի մասով այս պահին մանրամասներ չեմ ներկայացնի, քանի որ 1-2 րոպեի ընթացքում ներկայացնելու չէ։ Դրանք պայմանավորված են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությամբ, սահմանադրական փոփոխություններով  և ՍԴ-ի բնականոն գործունեության կազմակերպման հետ կապված հարցերով։ Այդ հարցերը հանգամանալից ու մանրամասն ներկայացվել են գործընկերներին, այդ թվում՝ բնականոն գործունեությունը կազմակերպելու պատասխանատուի հետ։ Առաջարկներ են արվել այդ խնդիրները հանգուցալուծելու առումով, բնականաբար, այս ամենն իրավական տիրույթում քննարկելու և լուծումներ գտնելու համար, սակայն այդ ուղղությամբ որևէ քայլ չի կատարվել, որպեսզի խնդիրը հանգուցալուծվի, և առ այս պահը սպասում ենք, որպեսզի այդ հարցերն իրենց լուծումները ստանան»,- ընդգծեց Արևիկ Պետրոսյանը։

Հարցին՝ ՍԴ-ն իր նոր կազմով արդյոք վայելո՞ւմ է հանրության վստահությունը, Արևիկ Պետրոսյանը պատասխանեց, որ վստահության հարցը նախ և առաջ պայմանավորված է նրանով, թե ինչպես է այդ ամենը գեներացվում, քաղաքական ուժերի կողմից ինչպիսի շեշտադրումներով են դրանք  ներկայացվում և ինչ նպատակներ են հետապնդում։

«Բնականաբար, ՍԴ-ի վստահության հետ կապված հարցերն առաջիկայում, թե ինչպես էին պատկերացնում և ինչպիսին ստացան, նույն ձևով թող տան, հասկանանք, թե համեմատության մեջ ինչպիսին կլինի։ Առ 2020 թվականի հունիսի 26-ը մենք ՍԴ-ում ճգնաժամ չենք ունեցել, որովհետև ՍԴ-ն բնականոն իր գործունեությունն իրականացրել է։ Փաստն այն է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր գործունեությունն իրականացրել է այնպես, որ մենք որևէ խնդիր չենք ունեցել, ստեղծվել են նորմալ, մարդկային աշխատանքային պայմաններ»,- հավելեց նա։

Նա ՍԴ նոր դատավորների հետ կապված որևէ կարծիք չհայտնեց։

Տեսանյութեր

Լրահոս