«Վարչապետի հետ հանդիպեցինք, սուրճ խմեցինք, բայց հացադուլը շարունակելու եք». ՌԴ մեկնել ցանկացողներ

«Երեկ երեկոյան հայտարարեցինք հացադուլի մեկնարկը, 20 հոգով կառավարության դիմաց ենք գիշերել»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասացին Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները:

«Նորմալ անցել է գիշերը, 2 անգամ շտապօգնություն ենք կանչել, քանի որ ճնշման խնդիր է եղել»,- ասաց քաղաքացին:

Տևական ժամանակ ակցիաներ իրականացնելու, վարչապետի առանձնատան մոտ նստացույցեր անելուց հետո, Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան որոշել է հանդիպել քաղաքացիների հետ.

«Լույսը բացվեց, ժամը 9:30-ի կողմերը վարչապետը հրավիրեց իր մոտ, մեր պահանջը կրկին ներկայացրեցինք: Շատ ջերմ զրույց եղավ, ջերմ ընդունեցին, սուրճ էլ խմեցինք վարչապետի հետ: Նա մեզ ոչ մի ստույգ բան չասեց, բայց հավաստիացրեց, որ կփորձեն լուծման եզրեր գտնել»:

Քաղաքացիները Փաշինյանից հետաքրքրվել են նաև, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Ռուսաստանը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ օդային սահմանները բացել է, բացառությամբ Հայաստանի, վարչապետն էլ պատասխանել է, որ պատճառը կորոնավիրուսի թվերն են: Քաղաքացիները նշեցին, որ հացադուլը շարունակում են և սպասում են վարչապետի պատասխանին:

Մանրամասները տեսանյութում՝

Տեսանյութեր

Լրահոս