Ինչի՞ մասին է լռում Սվիտալսկին․ Աշոտյանի սենսացիոն հայտարարությունը

Օրերս հայտնի դարձավ, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հրատարակել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար (2015-2019), դեսպան Պյոտր Սվիտալսկու գիրքը՝ «Հայկական հեղափոխություն։ Անավարտ Մալուխ» (The Armenian Revolution. An Unfinished Cable) վերնագրով: Գրքում Սվիտալսկին նկարագրում է իրավիճակը Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակաշրջանում։

Հայաստանյան տիրույթում Սվիտալսկու գրքին հանգամանալից անդրադարձ կատարեցին բացառապես արևմտյան լրատվականները, որոնք այս առումով հատուկ առաքելություն ունեն։

Այսօր իր ասուլիսում, ի թիվս այլ հարցերի, այս փաստին անդրադարձավ նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով՝ Սվիտալսկին ԵՄ վատագույն դեսպանն է, որ երբևէ եղել է ՀՀ-ում, քանի որ իր գործունեության ընթացքում աչքի է ընկել ոչ միանշանակ գործունեությամբ։ Մասնավորապես, ինչպես իր խոսքում նշել է ՀՀԿ փոխնախագահը, Սվիտալսկու գիրքը դասական մանիպուլյացիա է, քանի որ այն տեղի ունեցած իրադարձություններն օբյեկտիվ չի ներկայացրել։

Իրականում կարող ենք արձանագրել, որ ԵՄ դեսպանից առավել բան սպասել պետք չէր, քանզի նա 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները մատուցել է այն սոուսով, որը տվյալ պահին համապատասխանում է Արևմուտքի քաղաքական «քիմքին»։  Այլ կերպ ասած՝ եթե խորամուխ լինենք Աշոտյանի ներկայացրած տեղեկատվությանը, ապա պարզ է դառնում, որ ԵՄ նախկին դեսպանը գրքում ներկայացրել է ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթման այն հատվածը, որը ձեռնտու էր իր քաղաքական հայրերին, իսկ մնացած՝ ոչ ցանկալի հատվածն ուղղակի հմտորեն շրջանցել է։

Աշոտյանը որոշակի բացահայտումներ ներկայացրեց նաև Պյոտր Սվիտալսկու դեսպանական գործունեության մութ էջերից։

Մասնավորապես, թե ինչպես է նա թաքցրել Ժան Կլոդ Յունկերի և Դոնալդ Տուսկի՝ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքի դրվագը, որը նրանք ուղարկել էին վարչապետ ընտրվելու կապակցությամբ․ Սվիտալսկին դրա մասին բարձրաձայնել է միայն ուղերձն ուղարկելուց երկու օր անց՝ «մոռացության» մատնելով այդ առանցքային դրվագը։

ԵՄ «օբյեկտիվ» դեսպանն իր գրքում, պարզվում է, չի անդրադարձել նաև Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած առաջին այցին, երբ Յունկերի հետ խոսակցության ժամանակ նա անդրադարձել էր «օլիգարխների գրպանները թարսելուն»։ Բավականին հետաքրքիր կլիներ կարդալ, թե ինչպես է նա իր գրքում խոսում հայաստանյան որոշ լրատվամիջոցների հետ ունեցած իր հանդիպման մասին, որտեղ նա իր վրդովմունքն ու դժգոհությունն է հայտնել Փաշինյանի բրյուսելյան վարքագծից։

Սակայն Աշոտյանի ներկայացրած բացահայտումների շարքից ամենասենսացիոնն այն դրվագն էր, երբ նա խոսեց Պյոտր Սվիտալսկու կողմից ԵՄ տարբեր պաշտոնական շրջանակներին պարբերաբար տրամադրվող տեղեկանքների փաստի մասին, որոնք եվրոպական շրջանակներում մատուցվել են՝ որպես պաշտոնական տեղեկանքներ։  Իսկ հետաքրքրականն այն է, որ Երևանում նրան այդ տեղեկանքները տրամադրվել են Սորոսի գրասենյակի կողմից։

Այստեղ կարևոր է ֆիքսել հետևյալ կարևոր երկու դրվագները․ նախ՝ այն, որ Սվիտալսկին տևական ժամանակ տեղեկանք է ստացել Սորոսի գրասենյակից, և երկրորդ՝ այդ տեղեկանքները նա տրամադրել է եվրոպական համապատասխան կառույցներին։ Այսինքն՝ եվրոպական պաշտոնյաները ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատկերացումներ են կազմել Երևանում գործող Սորոսի գրասենյակի գնահատականներով ու բնորոշումներով, որոնք նրանց Սվիտալսկին ներկայացրել է՝ որպես խորքային վերլուծականներ։

Ամփոփելով՝ նշենք, որ ՀՀԿ փոխնախագահը հանրությանը խոստացավ առաջիկայում հրապարակել իր ձեռքի տակ գտնվող փաստաթուղթը, որը վկայում է վերոնշյալ գործընթացի հավաստիության մասին։

Արթուր Գասպարյան

Տեսանյութեր

Լրահոս