«Հույս ունեմ, որ կողմերը կվերադառնան բանակցային սեղան». Տաթևիկ Հայրապետյան

168.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

– Տիկին Հայրապետյան, սեպտեմբերի 14-ին Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին` նշելով, որ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և հրավիրել են առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով: Ի՞նչ նախապայմանների մասին է խոսքը, և կարո՞ղ ենք ասել, որ նախկինում եղել են որոշակի նախապայմաններ, այդ պատճառով էլ երկու երկրների արտգործնախարարները չեն նստել բանակցային սեղանի շուրջ:

– Այդ հարցին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետը՝ նշելով, որ, երբ Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականության մասին՝ մասնավորապես նշելով, թե Արցախին չի կարող լինել այլ կարգավիճակ, քան Արցախն Ադրբեջանի կազմում, ապա դա արդեն ինքնին նախապայման է և անընդունելի: Իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանը հայտնի է իր մաքսիմալիստական դիրքորոշմամբ: Այդուհանդերձ, արդեն մի քանի տասնամյակ, մի քանի փուլերով, ընդհատումներով, ամեն դեպքում ունենք բանակցային գործընթաց: Կարծում եմ՝ խաղաղ բանակցային գործընթացին այլընտրանք լինել չի կարող, որովհետև դա բերում է հերթական էսկալացիայի և սադրանքի: Այդուհանդերձ, հույս ունեմ, որ կողմերը կվերադառնան բանակցային սեղան, և քննարկումները կշարունակվեն այդ ձևաչափով:

 – Այն, որ վերջին մի քանի ամիսներին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները չեն քննարկել Արցախի հարցը, որևէ հանդիպում չի կայացել, միայն կորոնավիրո՞ւսն է պատճառը, թե՞ այլ խնդիրներ կան:

– Կարծում եմ՝ տավուշյան դեպքերից հետո որոշակի լարվածություն է ի հայտ եկել, և վերջերս էլ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար պարոն Տոնոյանն անդրադարձավ այդ խնդրին, որ վերջին շրջանում կրկնապատկվել են կրակոցները: Այդուհանդերձ, հաշվի առնելով համանախագահների ջանքերը, նաև Ռուսաստանի ակտիվությունը, կարծում եմ՝ կողմերը, ի վերջո, կգան այն փուլին, որ պետք է վերադառնալ բանակցային սեղան և շարունակել քննարկումները: Իմ համոզմամբ՝ սա բխում է նաև Ադրբեջանի շահերից:

– Ի՞նչ եք կարծում, հուլիսյան դեպքերից հետո Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ կփոխի՞ իր մոտեցումները, այսինքն՝ հուլիսյան դեպքերից հետո Ադրբեջանը դասեր քաղե՞լ է:

– Դասեր, իհարկե, քաղել է, բայց բանակցային սեղանին, հաշվի առնելով նաև արտգործնախարարի փոփոխությունը և այն դժգոհությունները, որ Ալիևն արտահայտել է, չեմ կարծում, որ էական փոփոխություն լինի։ Ընդհակառակը գուցե փորձեն ավելի կոշտ դիրքերից հանդես գալ: Ամեն դեպքում դրան այընտրանք չկա:

– Վերջերս ՀՀ արտգործնախարարը Եգիպտոս կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան վարձկաններ է ուղարկում Ադրբեջան, որոնք ներգրավվում են Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած սադրանքներում: Այս առումով մտավախություններ չունե՞ք: Հայաստանն ի՞նչ գործուն քայլեր պետք է ձեռնարկի այդ ամենը դիմագրավելու կամ կանխելու համար:

– Կարծում եմ՝ Հայաստանի անվտանգային համակարգը հաշվի է առնում բոլոր այն ռիսկերը, որոնք առաջացել են տարածաշրջանում, հատկապես վերջին շրջանում: Այն, որ Թուրքիան մեր հանդեպ, մեղմ ասած, բարեկամաբար չի տրամադրված, դա բոլորիս է հայտնի: Մեր արտգործնախարարի շեշտադրումները Մերձավոր Արևելքում, որ Թուրքիան միակ երկիրն է, որը սատարեց ու քաջալերեց ադրբեջանական ագրեսիան՝ շատ խոսուն է: Սա ցույց է տալիս, որ Թուրքիան իսկապես այնպես է դիրքավորվում, որպեսզի մենք մեր անվտանգությունը հարմարեցնենք՝ նաև հաշվի առնելով թուրքական սպառնալիքը:

– Եթե այս ամենը հաշվի առնենք, կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանն իսկապես պատրաստվում է պատերազմի:

– Ադրբեջանը մշտապես է պատերազմի պատրաստվում, և սա որևէ մեկի համար գաղտնիք չէ, տարիներ շարունակ մենք դրա ականատեսն ենք եղել: Ժամանակ առ ժամանակ փորձելով իր ուժերը և հասկանալով, որ չի կարող՝ հետ է շպրտվում, այնուհետև որոշակի դադար է վերցնում և կրկին փորձում: Հայաստանը ոչ թե ցանկանում է պատերազմ, այլ պատրաստ է պաշտպանելու իր և Արցախի անվտանգությունը, և այդ տեսանկյունից մենք ևս պատրաստ ենք պաշտպանելու մեր ազատ ապրելու իրավունքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ նրանք դիտարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին հուլիսին արձանագրված էսկալացիային հաջորդող իրադարձություններին: Համանախագահները ուշադիր դիտարկել ու գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային հաղորդագրություններն ու մտահոգությունները: Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից տեղեկացվել են տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ և ողջունել են մոնիտորինգի գործընթացի վերսկսման հետ կապված նախապատրաստությունը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս