
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպելու առաջարկ են արել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ: Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերշիկը:
Համանախագահները դիտարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին հուլիսին արձանագրված էսկալացիային հաջորդող իրադարձություններին: Համանախագահները ուշադիր դիտարկել ու գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային հաղորդագրություններն ու մտահոգությունները: Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից տեղեկացվել են տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ և ողջունել են մոնիտորինգի գործընթացի վերսկսման հետ կապված նախապատրաստությունը:
Համանախագահները հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հրավիրել են նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով: