Մշակույթի տունն ունի դահլիճի ու տանիքի վերանորոգման, գույքի, ինչպես նաև մասնագետներ ներգրավելու խնդիր
Արագածոտնի մարզում գտնվող Նոր Ամանոս համայնքի Մշակույթի տունը, որը համայնքին զուգընթաց է հիմնադրվել՝ 1980-ական թվականների սկզբին, ունի դահլիճի, տանիքի վերանորոգման, գույքի, ինչպես նաև մասնագետների ներգրավման խնդիր:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Նոր Ամանոսի Մշակույթի տան տնօրեն Գարիկ Գալոյանի հետ:
– Ե՞րբ է ստեղծվել Մշակույթի տունը, ի՞նչ գործունեություն է ծավալել, և այն արդյո՞ք ունի շարունակական բնույթ:
– Մշակույթի տունը հիմնադրվելուց հետո աստիճանաբար սկսել է իր գործունեությունը՝ ակտիվացնելով բնակիչների մշակութային կյանքը: Վերելք ապրել է 80-ական թվականների վերջին, երբ գործել են տարբեր մշակութային խմբակներ, համայնքի բնակիչներից կազմավորվել էր թատերական խումբ, որը ներկայացումներով հանդես է եկել թե՛ այս, թե՛ հարակից համայնքներում:
Եղել է նաև կինոդահլիճ, որի մասին հիշողությունները մինչ օրս թարմ են համայնքի ավագ բնակիչների մոտ: Սարքավորումների առկայության դեպքում մեզ մոտ հնարավոր կլինի կինոդիտում կազմակերպել:
Այժմ, որոշ չափով վերաիմաստավորելով մշակութային կյանքը ու հետ վերադարձնելով մշակութային ավանդույթը, փորձում ենք ձեռնամուխ լինել մշակույթում համայնքը լիարժեք ներգրավելուն:
– Տեղյակ եմ, որ խնդիրներ կան՝ թե՛ շենքային պայմանների հետ կապված, թե՛ աշխատողներ ընդգրկելու: Ո՞րն է այդ հարցերի չլուծման պատճառը:
– Վերջին երկու տարվա ընթացքում շենքը մասնակի վերանորոգվում է պետություն-համայնք համագործակցության միջոցով, սակայն դեռևս ունենք դահլիճի ու տանիքի վերանորոգման, գույքի, ինչպես նաև՝ մասնագետներ ներգրավելու խնդիր:
Այս պահին գործում են պարի, դհոլի և քանոնի խմբակներ, ունենք նկարչական և դաշնամուրի խմբակների ստեղծման պահանջ, որը մասնագետներ ներգրավելու հետ է կապված:
Մշակութային կյանքի աշխուժացումը հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում, դրա համար պետք է ամեն ինչ անել՝ պատանիների ու երիտասարդների ինտեգրելու համար:
– Մասնագետներն ինչո՞ւ ցանկություն չեն հայտնում գալ և աշխատել:
– Աշխատավարձի խնդիրն է հարցը: Չէ՞ որ այն ձևավորվում է երեխաների վարձավճարներից, իսկ վարձավճարն այստեղ բարձր չի կարող լինել, 3500-5000 դրամ է, հակառակ դեպքում՝ չեն գա երեխաները: