Հազարավոր ուզբեկ միգրանտներ են հավաքվել Սամարայի մերձակայքի վրանային ճամբարում
ՌԴ Սամարայի մարզի Կինելի շրջանում շարունակում է գործել Ուզբեկստանից աշխատանքային միգրանտների ժամանակավոր կեցության վրանային ճամբարը. այստեղ հավաքվել է արդեն 4282 մարդ: Այդ մասին հաղորդել է մարզային կառավարության մամուլի ծառայությունը: Այնտեղ հայտնում են, որ կան ադմինիստրատիվ եւ բժշկական վրաններ, ջրի մատակարարման կազմակերպիչներ, կատարվում է բերովի մթերքների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների առեւտուր: Ապահովվում է ինչպես օտարերկրացի քաղաքացիների, այնպես էլ տեղի բնակիչների անվտանգությունը: Հասարակական կարգի խախտումներ չեն գրանցվել:
Ինչպես հաղորդվել է, Ուզբեկստանի ավելի քան 8,5 հազար քաղաքացիներ մայիսից Սամարայի մարզից ուղարկվել են հայրենիք: Սեպտեմբերի 14-ին եւ 12-ին գնացքով հայրենիք է ուղարկվել ավելի քան 1,5 հազար մարդ, հաջորդ գնացքը կմեկնի սեպտեմբերի 19-ին: Սամարայի մարզում միգրանտների կուտակում առաջին անգամ առաջացավ մայիսին, երբ սկսեցին Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտներ ժամանել ռուս-ղազախստանյան սահման: Նրանք տեղեկատվություն էին ստացել սահմանները բացելու վերաբերյալ, որը չէր համապատասխանում իրականությանը: Արդյունքում Բոլշայա Չեռնիգովկա գյուղի շրջանում հազարից ավելի մարդ կուտակվեց: Ստեղծվեց վրանային ավան, մարդկանց ապահովեցին սնունդով, խմելու ջրով եւ անհատական պաշտպանության միջոցներով: Հետագայում բացառության կարգով Ուզբեկստանի քաղաքացիներին թույլ տվեցին հայրենիք մեկնել Ղազախստանի տարածքով: Հունիսի սկզբին իրադրությունը կրկնվեց:
Ավելի քան 350 ուզբեկներ կրկին հավաքվեցին տարածաշրջանում: Հարցը լուծելու համար ժամանեց Պրիվոլժսկի դաշնային օկրուգում Ուզբեկստանի գլխավոր հյուպատոսը: Հունիսի 6-ին նրանց ուղարկեցին Ղազախստանի հետ սահմանով, որտեղից ուզբեկական կողմի տրամադրած ավտոբուսներով տարան հայրենիք: Օգոստոսի երկրորդ կեսին Սամարայի մարզում ռուս-ղազախստանյան սահմանի մոտ կրկին սկսեցին Ուզբեկստանի քաղաքացիներ ժամանել ՌԴ-ի տարբեր տարածաշրջաններից՝ Ղազախստանի սահմանով տուն մեկնելու հույսով: Օգոստոսի վերջին հանրապետության իշխանությունները հայտարարեցին իրենց քաղաքացիներին ամեն շաբաթ երկաթուղային չվերթերով տեղափոխելու պլանների մասին: Սամարայի մարզի իշխանություններն ազատ տեղեր պատրաստեցին աշխատանքային միգրանտների համար, սակայն նրանք հրաժարվում են աշխատանքից եւ մտադիր են հայրենիք վերադառնալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: