Սարգսյանը վստահ է խաղում «սևերով»

Վերջին շրջանում ՀՀ քաղաքական շրջանակներում շատ է խոսվում քաղաքական գործընթացների ակտիվության և հետագա զարգացումների էլ ավելի բովանդակային և գաղափարական դաշտ տեղափոխելու մասին։ Այսօր փաստացի երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օրվա իշխանությունը, քանի որ հասկանում է, որ ամբողջովին տապալել է կառավարումը, և բացահայտ խուսափում է ընդդիմության ակտիվությունից, էլ ավելի՝ կոնսոլիդացիայից։ Չնայած իշխանական ճամբարից պարբերաբար հնչող մտքերին, թե «ՀՀ-ում այսօր չկա այն քաղաքական ուժը, որ կարող է հակադրվել իրենց», կամ, ասենք, «ընդդիմությունը չի կարող համախմբվել, քանի որ չկա ընդհանուր քաղաքական օրակարգ», այնուամենայնիվ, ընդդիմադիր սեկտորում, հատկապես արտախորհրդարանական հատվածում բավականին լուրջ վերադասավորումներ, այդ թվում՝ թիմային վերադասավորումներ են ընթանում։

Ակնհայտորեն նկատելի է, որ անցնող ամիսների ընթացքում քաղաքական դաշտում գերակտիվություն է դրսևորվում ՀՀԿ-ի կողմից․ տարբեր տիպի ֆորումներ, քննարկումներ, կուսակցական համալրումներ, և այս ամենի ֆոնին կտրուկ քաղաքական գործընթացների վերաբերյալ իր դիրքորոշումները սկսեց ներկայացնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով, չնայած հրաժարականից հետո չէր հեռացել քաղաքական գործընթացներից, սակայն ակտիվ մասնակցություն այս երկու տարիների ընթացքում չէր ցուցաբերում։

Ինչպես հայտնի է՝ օրերս Սերժ Սարգսյանը Սևանում հանդիպում է ունեցել ՀՀԿ շարքերը նոր համալրած երիտասարդների հետ։ Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ հանդիպումն անցել է բավականին անկաշկանդ և բաց․ ՀՀ  երրորդ նախագահը պատասխանել է երիտասարդների ամենատարբեր հարցերին։

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն առաջին անգամ հստակ նշել է, որ 2018-ին վարչապետ դառնալու որոշմանն է գնացել՝ Արցախի հարցի բանակցային գործընթացի տվյալ իրավիճակից ելնելով:

Նշենք, որ Սարգսյանը, լինելով քաղաքականապես հղկված պետական գործիչ երկուսուկես տարիների ընթացքում անգամ ամենաինտրիգային ու կրիտիկական պահերին ոչ մի ակնարկ չի արել այս թեմայի վերաբերյալ։ Իսկ հիմա, երբ արդեն ՀՀ-ում տիրող «հեղափոխական» էյֆորիան նկատելիորեն պակասել է, և, ինչպես նախագահ Սարգսյանն իր վերջին ասուլիսի ժամանակ նշեց, իրեն այլ կերպ կհասկանային և ուղղակի չէին լսի։  Սարգսյանը նաև հատուկ ընդգծել է, որ իր ղեկավարության ժամանակահատվածում արտաքին աշխարհի հետ մշտապես արժանապատիվ համագործակցություն է եղել, ու ներկայացրել է ՀՀ շահերը՝ առանց որևէ աշխարհաքաղաքական կաշկանդվածության:

Հատկանշական է նշել, որ թիմակիցների հետ հանդիպման հիմնական շեշտը դրված է եղել ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությամբ, և նախագահ Սարգսյանը փորձել է ներկայումս գոյություն չունեցող արտաքին քաղաքականության ֆոնին ֆիքսել, թե ինչ ձեռքբերումներ և նվաճումներ են ամրագրվել իր կառավարման տարիներին արտաքին քաղաքականության ոլորտում։

Լինելով կառուցողական տեսակի քաղաքական գործիչ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ փորձել է ՀՀ արտաքին վեկտորները գեոպոլիտիկ ուղղություններին համընթաց զուգադրել և ճիշտ դիվերսիֆիկացնել երկրի դիվանագիտական պոտենցիալը։

Սարգսյանը խոստովանել է, որ ինքը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների համոզված կողմնակից է, իսկ այդ հարթակում որպես իր պաշտոնավարման հաջողության օրինակ՝ բերել է Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, ինչպես նաև ռուսական ռազմաբազայի Հայաստանում տեղակայման ժամկետի երկարաձգումը մինչև 2043 թվական, և հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչի մասին Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ասուլիսում ակնարկել էր:

Աշխարհի այլ գերտերությունների հետ Հայաստանի ազգային շահերի  զարգացման ֆոնին, 2008-2018թթ.-ներն ընկած ժամանակահատվածում բավական գործընկերային մակարդակի վրա են բերվել նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, որոնք իր պաշտոնավարման օրոք ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից գնահատվել են՝ որպես պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա գտնվող հարաբերություններ։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին փուլը ՀՀ արտաքին հարաբերությունների կարևորագույններից էր, քանի որ 2017-ի նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ի թիվս այլ հարցերի, նաև ամրագրում էր Արցախյան խնդրի լուծման համար այնպիսի բանաձև, որը շեշտադրում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, և այդ բանաձևը ԵՄ CEPA-ի վերջնական վավերացումից հետո դառնալու է իրավաքաղաքական մոտեցում ԵՄ անդամ 27 երկրների համար:

Արթուր Գասպարյան

Տեսանյութեր

Լրահոս