«Սա դատարկված բյուջեն լցնելու համար է, քանի որ իշխանությունն իրեն թույլ է տվել այնպիսի պարգևավճարումներ, որը համեմատելի չէ որևէ բանի հետ». Լարիսա Ալավերդյանը՝ Ալեն Սիմոնյանի նախագծի մասին

Սեպտեմբերի 7-ին ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ   քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որը հանձնաժողովին էր ներկայացրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Առաջարկվող նախագիծը վերաբերում էր վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքների չափին։

Քաղաքացիական գործող օրենքով նախատեսված է նվազագույն աշխատավարձի մինչև  1000-ապատիկ փոխհատուցում՝ վիրավորանքի դեպքում, իսկ զրպարտության համար՝ նվազագույն  աշխատավարձի մինչև 2000-ապատիկի փոխհատուցում: ԱԺ փոխխոսնակն առաջարկում է 1000-ապատիկը դարձնել 5000-ապատիկ, 2000-ը՝ 10.000-ապատիկ, եթե դրամայինի վերածենք, ապա 1 մլն դրամը դառնում է 5 մլն, իսկ 2 մլն-ը՝ 10 մլն դրամ։ Նախագծի հեղինակն ընդգծեց, սակայն գումարի չափի վերջնական որոշումը թողնվում է դատարանին:

Ալեն Սիմոնյանի մեկնաբանությամբ՝ օրենսդրական այս փոփոխությունը կապահովի լրացուցիչ երաշխիքներ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն՝ ֆիզիկական անձի, այլև՝ զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար:
Հեղինակի կարծիքով՝ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտչական և վիրավորական արտահայտություններից:

168.am հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով վերոնշյալ նախագծին, մասնավորապես՝ առաջարկվող տուգանքների չափին, նկատեց՝ բոլորովին չի վստահում որևէ նախաձեռնության, որն այդ թեմայով այժմ շրջանառության մեջ է  դրվում իշխանական որևէ պատգամավորի կողմից։ Պատճառն այն է, որ այն հակամշակույթը, որն այժմ տիրում է համացանցում և դրա տիրույթից դուրս, նրանք տարածում են ու դարձրել են պետական քաղաքական գործիչների ոճ, որի համար մնացել են անպատիժ։

«Հիմա ցանկացած նման նախաձեռնություն նախ և առաջ՝ կեղծիք է, երկրորդը՝ դա ընտրովի արդարադատություն է և բոլորովին էլ չի հետապնդում այն խնդիրը, որը դրվում է։ Կրկնում եմ՝ միակ ոճը, որն իրենք տիրապետում և կիրառում են՝ վիրավորանքն է, ձեռ առնելը, հիշեք 2018 թվականի ապրիլը։ Այնպես որ, թող չփորձեն որևէ մեկին գցել մոլորության մեջ։ Ինձ համար այստեղ ԱԺ փոխխոսնակը երկրորդական է, ցանկացած այնպիսի քայլ, որն արվում է առանց մեղա գալու, առանց կոչ անելու իրենց կիսախուլիգանական խավին, որը հենց իրենց ջատագովներն են, նրանցից օրինակներ են վերցրել այլք, մինչև սա չլինի, այդ ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն կեղծիք է և մոլորության մեջ գցելու փորձ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Ինչ վերաբերում է տուգանքների չափին, որն ըստ Լարիսա Ալավերդյանի՝ հիմա «կրակում» են, միայն նրա համար է, որպեսզի լցնեն բավականին վատ վիճակում գտնվող բյուջեն։ Ավելին, ըստ նրա՝ սա դիմակներ չկրելու քաղաքականության շարունակությունն է։

«Ամոթ է, արդեն որևէ մեկը չի կասկածում, որ սա միտված չէ զուտ համաճարակի կանխմանը, այլ կոպեկ առ կոպեկ գումարների կորզել է քաղաքացիներից»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

Նա հիշեցրեց, որ նման նախաձեռնություն եղել է նաև նախորդ իշխանությունների ժամանակ, և խոսքի ազատության համար աշխատող, պայքարող հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները դեմ են արտահայտվել,  և նման բան անելն ամբողջ աշխարհում ընկալվում է՝ որպես խոսքի ազատության դեմ ոտնձգություններ։

«Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ դա ուրիշ ձևով է մեկնաբանվում, թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Ինքս այդքան ազատությունների կողմնակիցը չեմ, բայց տվյալ դեպքում, երբ պաշտոնատար անձի դեպքում այստեղ կան կետեր, անշուշտ, սա նշանակում է  միայն ցինիզմի մաս՝ դատարկված բյուջեն լցնելու համար, քանի որ իշխանությունն իրեն թույլ է տվել այնպիսի պարգևավճարումներ, որը համեմատելի չէ որևէ բանի հետ։ Եթե այս ամենը թողնենք մի կողմ, ապա սա առաջին հերթին՝ խոսքի, կարծիքի արտահայտման, սեփական և այլոց կարծիքը փնտրելու և գտնելու դեմ ուղղված օրինագիծ է»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս