Բաժիններ՝

«Երկրորդ ալիքի վտանգը օդում կախված է». Մհեր Գրիգորյանը՝ համաճարակի մասին

«Որքան էլ մենք միասնական ստանդարտ սահմանենք, վստահաբար ասում եմ, որ էպիդեմիոլոգիական իրավիճակը լինելու է թիվ 1 գործոնը, որպեսզի այդ կանոնին երկիրը ենթարկվի կամ չենթարկվի։ Այդ իմաստով միանում եմ այն հորդորին, որ առավել զգույշ և առավել կանոնակարգված պետք է լինենք, որովհետև երկրորդ ալիքի վտանգն օդում կախված է»,- Կառավարության այսօրվա նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային  համաճարակի ընդհանուր իրավիճակին։

Նրա խոսքով՝ կան երկրներ, որոնց գործողությունների տրամաբանությունը բխում է հենց վարակի  երկրորդ ալիքի հավանականությունից, հետևաբար՝ վիճակագրությունն ու կայունությունը շատ կարևոր է, ինչը նշանակում է՝ առավել զգույշ պետք է լինել և ենթարկվել կանոնների։

Արձագանքելով փոխվարչապետի խոսքին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ երկրորդ ալիքի վտանգը ոչ թե օդում կախված է, այլ երկրորդ ալիք այսօր եվրոպական շատ երկրներում տեղի է ունենում. «Երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել են, որ իրենք, վերջ՝ արդեն հաղթահարել են կորոնավիրուսը, բայց այսօր համատարած կարանտինի ռեժիմի են վերադառնում՝ ընդհուպ պարետային ժամի ռեժիմի։ Այնպես որ, այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, և ես կարծում եմ՝ կորոնավիրուսի հետ կապված այս պատմություններից հետևություններ անելը շատ վաղ է։ Երբ բոլորս կարձանագրենք, որ կորոնավիրուսն ամբողջ աշխարհում հաղթահարված է, այդ ժամանակ կտեսնենք, թե որտեղ ինչ է կատարվում»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս