«Վարչապետի հայտարարած 1.5 միլիարդ դոլարի բյուջեի հավելաճը ԱՎԾ հրապարակած տվյալներում չկա. որտե՞ղ է այդ թիվը». Աշոտ Սիմոնյան

Հայ հեղափոխական դաշնակցությունը Լիբանանում տեղի ունեցած պայթյունից հետո նախաձեռնեց «Օգնիր եղբորդ-Լիբանան» կարգախոսով դրամավահաք, որի շրջանակում հավաքված 25 միլիոն դրամով 11 տոննա սննդամթերք Հայաստանից տեղափոխվեց Լիբանան։

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանն օրերս է վերադարձել Լիբանանից և 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմեց, որ պայթյունից ուղիղ մեկ ամիս անց էլ Լիբանանում մեր հայրենակիցները շարունակում են գտնվել ծանր վիճակում, և այնտեղ շարունակում է լուրջ խնդիր մնալ՝ ինչպես պարենային անվտանգության, այնպես էլ՝ մարդկանց բնակարանային ապահովության հարցը։

«Լիբանանում մեր հայությունը տագնապահար վիճակում է, որը պայմանավորված է և՛ պայթյունով, և՛ ավելի վաղ ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակով։ Մեր հայրենակիցները ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան։ Նշեմ, որ մենք ինքնաթիռով երբ մեկնեցինք, այն դատարկ էր, իսկ վերադարձի ժամանակ ինքնաթիռում ասեղ գցելու տեղ չկար. մեզ հետ ընտանիքներ են եկել Հայաստան»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ մտահոգիչ է, սակայն, այն, որ, ինչպես տարիներ առաջ՝ սիրիահայերի պարագայում, այնպես էլ հիմա՝ լիբանանահայերի դեպքում, պետության մակարդակով ծրագրեր նրանց Հայաստանում պահելու համար չեն իրականացվում։

Ըստ Սիմոնյանի՝ խնդրահարույց է այն, որ պետությունը հայրենադարձության կազմակերպման հստակ ռազմավարություն չունի, ուստի կա վտանգ, որ լիբանանահայերը, գալով Հայաստան, հետո Հայաստանում չեն ապրի, այլ ժամանակավորապես այստեղ հանգրվանելուց հետո կմեկնեն այլ երկրներ։

«Այս առումով ես չեմ պատկերացնում, թե այս իշխանության գործողություններն ու ծրագրերն իրար հետ ի՞նչ կապ ունեն։ Երբ վարչապետի կողմից, օրինակ, թվեր են հրապարակվում, երբ մտնում ես թվերի մեջ, տեսնում ես, որ իրականության հետ դրանք կապ չունեն»,- ասաց Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, այդ դեպքում, երբ հայրենադարձության կազմակերպման համար հստակ ռազմավարություն չունենք, ինչպե՞ս ենք հասնելու վարչապետի մատնանշած 5 միլիոնին։

Խոսելով տարբեր ոլորտներում իշխանությունների մատնանշած և հայտարարած թվերի և իրականության մեջ առկա տարբերությունների մասին՝ Սիմոնյանը նկատեց, որ նույն պատկերն է նաև տնտեսության ոլորտում։

«Եթե վերցնեք Վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական թվերը՝ մասնավորապես բյուջեի հավելաճի մասով, և համեմատեք վարչապետի այն հայտարարության հետ, որ 2019 թվականին 1.5 միլիարդ դոլարից ավելի հարկային եկամուտ ենք ունեցել, ապա կտեսնենք, որ վիճակագրական ծառայության 2018 և 2019 թվականների հարկային եկամուտների մեջ այդ 1.5 միլիարդ դոլարը չի երևում, չկա։ 2018 և 2019 թվականների համեմատությունից երևում է, որ այդ թիվը ոչ թե 1.5 միլիարդ դրամ է, այլ ընդամենը 320 միլիարդ դրամ. այսինքն՝ հավելաճը կազմել է հենց այդքան։ Ես չգիտեմ, թե այդ 1.5 միլիարդ դոլարը որտեղ է, համենայն դեպս, փաստն այն է, որ հավելաճը երկու տարվա կտրվածքով այն թիվը չէ, որի մասին հայտարարել է վարչապետը, իսկ ես գիտեմ եկամուտի մուտքի ընդամենը մեկ գանձարկղ, իսկ դա բյուջեն է»,- ասաց Սիմոնյանը՝ շեշտելով, որ հայտարարված թվերի և պաշտոնական հրապարակված ցուցանիշների տարբերությունները բազմաթիվ են։

Անդրադառնալով ԱՎԾ տվյալներով բյուջեում աշխատավարձի ֆոնդի աճմանը՝ Սիմոնյանը նկատեց, որ սա նոր երևույթ է, որի մեկնարկը տրվել է այս իշխանության կառավարման ժամանակ։

«Պաշտոնական հարցման արդյունքում երևում է, որ մինչև մայիս ամիսը պետական համակարգում տրվել է 105 միլիոն դոլարի պարգևավճար, և դա՝ այն դեպքում, երբ ունենք արտաքին պարտքի 170 միլիոն դոլարի ավելացում, տնտեսության 5.7 տոկոսի անկում, իսկ այդ թիվն իրականում շատ ավելին է։ Այս ցուցանիշները վկայում են, որ երկրում ճգնաժամային կառավարում չի իրականացվում, իսկ դա երկիրը լավ տեղ չի տանում»,- ասաց Սիմոնյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս