«Միգուցե դուք հիմք եք ընդունել այն չափանիշը, որ ընտրեք հենց նրա՞նց, ովքեր որ պատրաստ են Մարտի 1-ի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա». Ալումյան

Սեպտեմբերի 7-ին Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով, որը շատերը կոչում են «Մարտի 1»-ի գործ, տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին՝ դատական նիստերը կոչելով ֆարս, անբովանդակ միջոցառում, թանկարժեք ժամավաճառություն:

Դեռ օգոստոսի 4-ի դատական նիստում գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որով պահանջել էին դադարեցնել այս գործով տուժողների, տուժողների իրավահաջորդների դատարան հրավիրելն այդ կարգավիճակում և միջնորդել էին նրանց դատարան հրավիրել վկայի կարգավիճակով:

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, թե նրանց որպես վկա հրավիրելու միջնորդությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենց տեղեկությունները գործի համար կարող են նշանակություն ունենալ:

«Այս գործը չի քննվում ո՛չ մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ, իսկ տուժողները, ովքեր ներգրավված են եղել, նրանք ներգրավված են եղել կա՛մ մարմնական վնասվածքներ ստանալու պատճառով, կա՛մ գույքային վնաս իրենց պատճառելու հիմքով, կա՛մ տուժողի իրավահաջորդներն էլ ներգրավված են եղել, որովհետև նրանց հարազատները սպանված են եղել: Այս գործը, որը հիմա քննվում է դատարանում, չի վերաբերում ո՛չ սպանություններին, ո՛չ մարմնական վնասվածքներին, և ո՛չ էլ գույքային վնասին»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հիշեցրեց, որ դատարանն այդ միջնորդության քննությունն ընդհատել էր, քանի որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նիստի երկրորդ մասին չէր ներկայացել: Սակայն երեկ դատարանն այդ հարցը քննել էր առանց Տիգրան Եգորյանի:

Հայկ Ալումյանի խոսքով՝ Մարտի 1-ի վեաբերյալ քննվող քրեական գործը, որն այժմ ՀՔԾ վարույթում է, հենց դրանով են քննվում զոհերի վերաբերյալ հարցերը, վնասվածք ստանալու հանգամանքները:

«Այս անձինք պիտի էն գործով ունենան էդ կարգավիճակը, էն գործով պիտի ներկայացնեն իրենց պահանջները, և էն գործով մենք պիտի բոլորս հույս ունենանք և նաև պահանջատեր լինենք, որ էն գործով բացահայտվեն սպանություն կատարած անձինք, բացահայտվեն նրանց հրահանգ տված անձինք և բացահայտվեն բոլոր նրանք, ովքեր մարմնական վնասվածքներ են պատճառել տուժողներին, բայց ոչ էս գործով»,- նշեց Հայկ Ալումյանի:

Մյուս հանգամանքը, որը, ըստ փաստաբանի, իրենց մոտ զարմանք է առաջացնում, Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ներգրավված տուժողների և տուժողների իրավահաջորդների թիվն է: Ալումյանի խոսքով՝ Մարտի 1-ի բուն գործում, որը ՀՔԾ վարույթում է, կա 268 տուժող ճանաչված անձ, մինչդեռ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործում առանձնացրել են 102 տուժող ճանաչված անձի: Ի՞նչ պատճառաբանությամբ կամ ի՞նչ հիմքով՝ փաստաբանի համար անհասկանալի է, քանի որ, Հայկ Ալումյանի խոսքով՝ այդ տուժողները չունեն անգամ վնասվածքների այՅակտարբերություն:

«Միգուցե դուք հիմք եք ընդունել այն չափանիշը, որ ընտրեք հենց նրա՞նց, ովքեր որ պատրաստ են Մարտի 1-ի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա: Միգուցե է՞դ է ձեր չափանիշը: Եթե ոչ, ապա բացատրեք ձեր չափանիշը»,- ասաց Ալումյանը՝ նշելով, որ այս հարցը բարձրացրել են նաև դատարանում, սակայն որևէ պատասխան չեն ստացել:

Ըստ փաստաբանի՝ հստակ տպավորություն կա, որ մեղադրողներն այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք, ու եթե առարկում են որևէ միջնորդության դեմ, իրենց առարկությունները դատարանը դիտում է՝ որպես վետո:

Տեսանյութեր

Լրահոս