
«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ»․ Բլինքեն

«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե էլ ինչ կարող ենք անել՝ Հայաստանին մեր աջակցությունն ու նրա հետ համագործակցությունն ամրապնդելու համար», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներին։Այս մասին հայտնում է «Ազատությունը»
Պետքարտուղարը հիշեցրել է, որ շաբաթներ առաջ Բրյուսելում իր, Հայաստանի վարչապետի և Եվրահանձնաժողովի ղեկավարի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է կայացել՝ նշելով, որ այդ հանդիպման նպատակն էր պարզել, թե ինչպես կարող են Վաշինգտոնն ու Բրյուսելն աջակցել Երևանին մի շարք ոլորտներում։
«Եվ մենք առաջ ենք գնալու մի շարք տարբեր ոլորտներում», – ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարն՝ առանց հավելյալ մանրամասների։
Բլինքենը միաժամանակ հույս է հայտնել, որ Երևանին ու Բաքվին կհաջողվի համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի շուրջ։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ջիմ Կոստան հիշեցրել է՝ Ալիևի վարչակազմը բազմիցս է խախտել Հայաստանի հետ պայմանավորվածությունները և պատասխանատվության չի ենթարկվել։
«Պարոն քարտուղար, ես և Դուք տարբերվում ենք այս հարցում. ես չեմ վստահում Ադրբեջանին»,- ասել է հանրապետական օրենսդիրը։
«Ինչպես ասում են՝ վստահիր, բայց ստուգիր»,- արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարը։