
Ձերբակալվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վադիմ Շամարինը

Ռուսաստանում ձերբակալվել է ՌԴ զինված ուժերի կապի գլխավոր տնօրինության պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը։
Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ գեներալը բերման է ենթարկվել մայիսի 22-ին։ Նույն օրը նա տարվել է քննչական մարմին, որտեղ հարցաքննվել է։
Ավելի վաղ՝ մայիսի 21-ին, Ռազմական դատարանը երկու ամսով կալանավորել է ՌԴ ԶՈՒ 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովին։
Պոպովը ձերբակալվել էր խարդախության կասկածանքով։ Բացի այդ, ապրիլի 23-ին կաշառք վերցնելու կասկածանքով կալանավորվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը:
Նա մեղադրվում է ՊՆ կապալառուներին գույքային օգուտ ստանալու դիմաց պաշտպանություն ապահովելու համար։ Գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Սերգեյ Բորոդինը և OlympCityStroy ՍՊԸ-ի համահիմնադիր Ալեքսանդր Ֆոմինը։