«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը». Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդներ
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հայտարարությունը՝ նշելով, թե իշխանությունները անկարող են իրականացնել բովանդակային և հետևողական իրավական քաղաքականություն, խնդիրների համար արդյունավետ լուծում գտնել, ինչն էլ հանգեցնում է ձախողման:
«Մարտի 1-ի գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք և ջանադրություն՝ քրեական հետապնդումները համակարգված և հետևողականորեն իրականացնելու ուղղությամբ, առանձին դեմքեր հնարավորություն էին ստանում խուսափելու քննությունից, կամ նրանց ընծայվում էր, այսպես կոչված, հնարավորություն ազատվելու քրեական հետապնդումից»,- ասաց փաստաբանը՝ անդրադառնալով վերջին երկու տարվա իրողություններին:
Վերջին երկու տարում, ըստ փաստաբանի, պետական մարմինների միջև արդյունավետ գործակցության փոխարեն՝ շատ դեպքերում նկատել են հակազդման կամ սաբոտաժի դրսևորումներ, ինչպես, օրինակ, ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի դեպքում:
Փաստաբանի խոսքով, այդ երկու տարում իշխանությունները նաև ձախողել են ՍԴ ճգնաժամի լուծումը:
Եգորյանը նշեց, թե Մարտի 1-ի գործը մեկ դատավորի ուսերին թողնելը այդ գործի քննությունը ձախողելու նկատմամբ անտարբերության նշան է: Ըստ Եգորյանի՝ այդ գործով դատաքննությունը վերածվել է «թանկարժեք ժամավաճառության և ֆարսի», իսկ նախագահող դատավորն էլ իր իշխանությունը կարծես կարողանում է իրացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ:
«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը»,- եզրափակեց փաստաբան Տիգրան Եգորյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով, որը շատերը կոչում են «Մարտի 1-ի գործ», պաշտպանական կողմի փաստաբանները դատական նիստերի մեկնարկից հայտարարում էին, թե այս գործով տուժողների իրավահաջորդների ներկայությունը անտեղի է: