Մոմոյի շարունակությունը․ նոր քաղաքային լեգենդը գրավել է Facebook-ը
Համացանցում է հայտնվել Սելենա Դելգադո Լոպեսը՝ Մոմոյի գործի շարունակողը. սոցիալական ցանցերում նախազգուշացումներ են տարածվում, որ անհայտ պատճառով այս կինը գտնվում է ձեր ֆեյսբուքյան ընկերների ցուցակում: Ո՞վ է Սելենա Դելգադո Լոպեսը, և ո՞րն է այս քաղաքային լեգենդի իմաստը:
Facebook-ում հայտնվել է մի կին, որը գաղտնի լրտեսում է բոլոր օգտվողներին՝ խորհրդավոր կերպով հայտնվելով ընկերների ցանկացած ցուցակում, հայտնում է Mashable-ը: Նրա անունը Սելենա Դելգադո Լոպես է:
Մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ մի անհայտ կին Facebook-ի բոլոր օգտվողների ընկերն է:
Մտահոգ օգտվողները միմյանց զգուշացնում էին, որ նրան պետք է անհապաղ արգելափակել, քանի որ նա խաբեությամբ ընդգրկվել էր ընկերների ցուցակում, և նրա մտադրությունները պարզ չէին:
«Փնտրեք նրան և տեսեք, արդյո՞ք նա ձեր ընկերների ցուցակում է: Բոլորն ունեն դա: Անմիջապես ստուգեք, շատ սարսափելի է»,- գրում է օգտվող @NeiceyMonet-ը:
«Ֆեյսբուքում ստուգեք Սելենա Դելգադո Լոպեսին… Այո, դուք ընկերներ եք… Այո, ես նույնպես չգիտեմ՝ ինչու: Արգելափակեք նրան»,- զգուշացնում է @realdeahl-ը:
Սելենա Դելգադո Լոպեսի մասին հրապարակումները սկսվեցին Facebook-ի իսպանախոս հատվածում՝ աստիճանաբար տարածվելով սոցիալական ցանցի մնացած մասում։ Անհասկանալի է, արդյո՞ք այս կինն իսկապես գոյություն ունի: Այնուամենայնիվ, հայտնի է, որ մի քանի տասնամյակ առաջ մեքսիկական Canal 5 հեռուստաալիքի եթերում հաղորդումներ էին տարածվում անհայտ կորածների մասին: Նրանց թվում էր Սելենա Դելգադո Լոպեսը:
Եթե դուք բացեք կնոջ ֆեյսբուքյան հաշիվը, կտեսնեք, որ կարող եք նրան անձնական հաղորդագրություն ուղարկել. այս տարբերակը հասանելի է միայն նրանց, ովքեր փոխադարձ հետևորդներ են:
Այնուամենայնիվ, նա ձեր ընկերների ցուցակում չէ. դուք կարող եք դա ստուգել՝ որոնելով ձեր ընկերների ցուցակը: Բացի այդ, Facebook-ի կանոնները արգելում են ունենալ ավելի քան 5 հազար ընկերներ, ուստի Սելենա Դելգադո Լոպեսը չի կարող միաժամանակ հետևել սոցիալական ցանցի մի քանի միլիարդ օգտվողներին:
Այս պարզ ստուգումը չի խանգարում կեղծիքի տարածմանը. կնոջ հիմնական լուսանկարն արդեն ունի ավելի քան 17 հազար տարածում, իսկ YouTube-ի տեսանյութերը, որոնք խոստանում են պատմել «ամբողջ ճշմարտությունը» Սելենա Դելգադո Լոպեսի մասին, միլիոնավոր դիտումներ են հավաքում:
Ինչպես նշում է Mashable-ը, Ֆեյսբուքում նման առասպելները հաճախ վիրուսային են դառնում՝ մեծ մասամբ սոցիալական ցանցի գաղտնիության խառնաշփոթ պարամետրերի և մեծ թվով օգտագործողների տեխնոլոգիական անգրագիտության շնորհիվ: Այս պահին անհնար է պարզել՝ սա համացանցային տրոլոներից մեկի նպատակաուղղված աշխատա՞նքն էր, թե՞ կատակ, որը մի քանի ընկերներ փոխանակեցին, բայց դա դուրս եկավ վերահսկողությունից, այս կամ այն կերպ, ինտերնետում այժմ կա ևս մեկ քաղաքային լեգենդ:
Չի կարելի չհիշել նախորդ նմանատիպ պատմությունը, որն արագորեն գլոբալ դարձավ՝ խոսքը կես կին, կես թռչուն Մոմոյի մասին է: 2018-ի վերջին WhatsApp-ի օգտվողները Գերմանիայից, Իսպանիայից և մի շարք այլ երկրներից բողոքեցին տարօրինակ վիրուսից. նրանց շփումներում հայտնվեց մի արարած, որը նրանց սարսափելի նկարներ էր ուղարկում գիշերը:
Այս արարածն իրեն անվանում էր Մոմո և մարդկանց հետ շփվում էր ճապոնական հեռախոսահամարից: Այն կարծես սարսափելի կին ագռավ լինի և պնդում է, որ մահացել է երեք տարի առաջ: Հաղորդվել է, որ Մոմոն կարող է տարօրինակ լուսանկարներ ուղարկել և նույնիսկ գիշերներով դուրս գալ տեսազանգերի: Միևնույն ժամանակ, Momo-ից հաղորդագրություններ ստացող օգտվողներին խնդրել են կատարել տարբեր ծայրահեղ առաջադրանքներ` կապված հոգեբանության և կյանքի ռիսկի հետ: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում դեռահասների շրջանում ինքնասպանության մի քանի դեպքեր ոստիկանությունը և լրատվամիջոցները փոխկապակցում են Momo խաղերի հետ:
Սիրարփի Աղաբաբյան