Բաժիններ՝

«Մենք էլ ենք դժվարության մեջ, բարեգործական հիմնադրամ չենք». ԿԲ նախագահը՝ վարկային արձակուրդ տրամադրելու մասին

«Վարկային արձակուրդի դեպքում, բանկը շարունակելով կատարել ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները, որը բանկի բալանսի մի կողմ է, մյուս կողմի հետ համաձայնության է գալիս՝ վճարումները հետաձգելու ուղղությամբ, այսինքն՝ բնականոն գործունեության ընթացքում վարկառուները մարումներն իրականացնում են բանկին, որից բանկը վճարում է իր ավանդատուների նկատմամբ ունեցած պարտավորությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե վարկային արձակուրդների հետ կապված խնդրին լուծում կա՞, կլինի՞ վարկային արձակուրդ, թե՞ ոչ, հաշվի առնելով նաև բողոքի ակցիաները:

ԿԲ նախագահը նախ հայտնեց, որ վերջին տարիներին ՀՆԱ-ի շուրջ 2.5 տոկոսի չափով, մոտավորապես՝ 120-130 միլիարդ դրամի ավանդ է վերադարձվել մեր հայրենակիցներին, ապա տեղեկացրեց, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ վարկային արձակուրդներ տրամադրելու հետևանքով.

«Հիմա, երբ բանկը վարկային արձակուրդ է տալիս իր հաճախորդին, նշանակում է՝ ավանդը մարելու համար պետք է ունենա որոշակի միջոցներ, ու այդտեղ է կարևորվում այս հարցը, որ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ֆինանսական համակարգին անհրաժեշտ իրացվելիություն տրամադրվելու է: Այսինքն՝ եթե բանկը ավանդներ սպասարկելու տեսանկյունից ունենում է որոշակի ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, կարող է դիմել ԿԲ-ին և ստանալ իրացվելիություն, բայց այդ իրացվելիությունն ունի գին: Այսինքն՝ երբ վարկը չի մարվում, բանկին անհրաժեշտ են լինում ֆինանսական միջոցներ, ինքն այդ ֆինանսական միջոցներն ինչ-որ կերպով հայթայթում է, դրա դիմաց վճարում է որոշակի գին, բանկերի ծախսատարությունն այդ առումով գնում է վերև: Հարցը նրանում է, որ հիմա նորից խոսում ենք վարկային արձակուրդների մասին, կարո՞ղ են բանկերը շարունակաբար ու անընդհատ կրել ծախսեր՝ չակնկալելով եկամտի հոսք: Մեր կարծիքով՝ դա մի քիչ արկածախնդրության է նման, որովհետև չենք կարող վտանգել ընդհանուր համակարգի կայունությունը, որովհետև եթե հանկարծ համակարգի կայունությունը խաթարեցինք, կարող է ընդհանուր տնտեսությանը շատ լուրջ վտանգներ սպառնալ: Կարծում եմ, որ բանկերն իրենց հաճախորդների հետ բավականին խելամիտ աշխատել են այդ 3 ամիսների ընթացքում, մոտավորապես 550.000 ֆիզիկական անձի վարկերը վերանայվել են, տրվել են արձակուրդներ, մոտավորապես 17.000 էլ իրավաբանական անձանց հետ են նույն բանակցությունները տեղի ունեցել: 1.3 տրիլիոն դրամի ընդհանուր վարկային արձակուրդներ հետաձգվել են ու բանկային համակարգ չի մտել մոտավորապես 100 միլիարդ դրամ, եթե այդ պրոցեսը լինի շարունակական, կարծում եմ՝ խնդիր կունենանք, ու բանկային համակարգը միայնակ չի կարողանա դիմագրավել այդ խնդիրներին»:

Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ նաև դժգոհություններին՝ նշելով, որ այդ մարդկանց 2 հիմնական խմբեր կան, որոնցից 1-ը դոմինանտ է:

«Մի խումբն այն մարդիկ են, որոնք բողոքում են, որ իրենց նկատմամբ տեղի է ունեցել անարդարություն: Այսինքն՝ իրենք եկել են ֆինանսական հաստատություն, պայմանավորվածություն են ձեռք բերել վարկի տրամադրման վերաբերյալ, վարկը վերցրել են, հետո տեսել են, որ վարկի պայմանները, որոնց մասին իրենք խոսել են, չի՛ համապատասխանում իրականությանը, այդ դեպքերը չափազանց քիչ են: Այդ դեպքերի համար հորդորում ենք բոլորին, որ «առաջնագծում» փորձեն այդ հարցը լուծել, իրենց սպասարկող ֆինանսական ինստիտուտի հետ, եթե այդ հարաբերությունները չեն կայանում, մենք ստեղծել ենք մի ինստիտուտ, որի անունը դրել ենք՝ ֆինանսական օմբուդսմեն, որն անկախ է, ու նրա կայացրած որոշումների ճնշող մեծամասնությունն ի օգուտ հաճախորդների է, այլ ոչ թե՝ ֆինանսական ինստիտուտների: Եթե դա էլ չի ստացվում մարդկանց մոտ, Կենտրոնական բանկը միշտ պատրաստ է՝ այդ 2 հնարավորությունը սպառելուց հետո, մարդկանց հանդիպել, լսել ու գործերի հետ կապված հետամուտ լինել, ինչը մենք ամեն օր անում ենք»:

Գալստյանի խոսքով՝ մարդկանց մոտ խնդիրները հիմնականում առաջանում են այն ժամանակ, երբ գիտակցված գնում և բարձր տոկոսներով վարկային պայմանագրեր են կնքում, ու հետո երբ տարբեր պատճառներով եկամուտների նվազում է լինում՝ չեն կարողանում սպասարկել այդ վարկերը: Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկն այստեղ որևէ գործիքակազմ չունի:

«Դա պայմանագիր է 2 իրավական սուբյեկտների մեջ, որով նրանք ստանձնել են որոշակի պարտավորություններ: ԿԲ-ն չի՛ կարող խախտել այդ բալանսը, ո՞նց են, էլի, այդ պատկերացումները՝ Կենտրոնական բանկի նախագահը զանգում է X բանկի ղեկավարին, ասում՝ Պողոս Պողոսյանի վարկը կներես, որովհետև իր մոտ եկամուտների նվազում կա՞: Մենք այդտեղ խնդիր ունենք, եթե բանկն անընդհատ հայեցողական մոտեցումներ շարունակեց դրսևորել, խնդիր ենք ունենալու ավանդատուների ավանդները հետ վերադարձնելու հետ կապված, որովհետև հակադարձ հայցն այն կողմից լինելու է, իսկ կարո՞ղ է՝ մենք էլ կարող ենք ավանդները չվերադարձնել, որովհետև մենք էլ ենք դժվարության մեջ, մենք էլ ենք տնտեսվարող սուբյեկտ, բարեգործական հիմնադրամ չենք: Այդ միֆն էլ կա, որ բանկերը՝ չաղ, հարուստ, անընդհատ փող աշխատող կառույցներ են, բայց շատ հետաքրքիր ֆենոմեն կա, եթե տնտեսությունում տեղի ունեցող ճգնաժամերն ազդում են տնտեսության տարբեր ճյուղերի վրա տարբեր կերպ, օրինակ՝ այս ճգնաժամը շատ ավելի լուրջ ազդեցություն է ունեցել ՀՈՌԵԿԱ-ի (հյուրանոցներ, սրճարաններ) վրա ու ավելի քիչ ազդեցություն է ունեցել հանքարդյունաբերության վրա, բանկերը սիստեմատիկ միշտ ազդվում են բոլոր տիպի ճգնաժամերից, ու բանկերի շահութաբերությունը Հայաստանում չափազանց ցածր է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս