«Սուտ հերյուրանքներ են, էդ ի՞նչ հեքիաթներ են պատմում». Սասուն Միքայելյան
Երբ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է աշխարհազոր ստեղծել, տարբեր հարթակներում օբյեկտիվ հարց հնչեց, թե նախագիծն օրենքով ամրագրելուց հետո՝ ի՞նչ պետք է անի Երկրապահ կամավորականների միությունը:
168.am-ը նախագծի ներկայացումից անմիջապես հետո թեմայի շուրջ զրուցել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի հետ՝ նրանից հետաքրքրվելով, թե ի՞նչ կարծիք ունի ՊՆ այս նախագծի վերաբերյալ, արդյո՞ք աշխարհազորը կգա փոխարինելու կամավորական խմբերին, նաև ԵԿՄ-ին, որոնք ինքնակազմակերպվում էին վտանգի պահին:
«Չի փոխարինի. «Երկրապահը» մնալու է «Երկրապահ»: Աշխարհազոր մեր կարգի պետությանը պետք է: Մեծ թվաքանակությամբ՝ ոչ թե 10-20-30 հազար, այլ՝ ավել: Առայժմ այդքանը կարող եմ ասել»,- ասել էր նա:
Ու թեև ՊՆ-ի կողմից՝ անգամ փոխնախարարի մակարդակով եղան տարբեր հավաստիացումներ, որ «Երկրապահն» ու «Աշխարհազորը» պետք չի իրար հակադրել, այդուահանդերձ, լրատվամիջոցները հրապարակեցին տեղեկություններ, թե սույն նախագիծը միանշանակ չի ընկալվել ԵԿՄ-ում, և, որ անգամ մտահոգություններ են հնչել, թե իշխանությունը ցանկանում է փակել կառույցը:
Նման մտահոգություններ եղե՞լ են կառույցում, տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը՝ հետաքրքրվեցինք ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանից, պատասխանը հակիրճ էր՝ «Սուտ հերյուրանքներ են, էդ ի՞նչ հեքիաթներ են պատմում»:
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի մի քանի նախագիծ, որոնց հաստատման դեպքում Հայաստանում կստեղծվի աշխարհազոր:
«Ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում:
Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»,- նշված է նախագծերի հիմնավորման մեջ: