«Ես ծանոթ չեմ Ազգ-բանակ գաղափարի հիմնադրույթներին». Գաբրիել Բալայան
Աշխարհազորի ստեղծումը չի ենթադրում փողոցներում զինված անձանց առկայություն։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով աշխարհազորի մասին օրենքի նախագծի շուրջ որոշ իրավապաշտպանների և ռազմական մեկնաբանների մտահոգություններին, որոնք, ըստ նրա, չեն էլ ընթերցել նախագիծը:
«Ներգրավումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական անմիջական սպառնալիքի առկայության դեպքում։ Այսինքն` այդ զենքն ու սպառազինությունը բաժանվելու է աշխարհազորում կցագրված դեռևս քաղաքացիական անձանց միայն այն պարագայում, եթե մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ բնակավայրում, վարչական համայնքում, այլ կերպ՝ դրա անմիջական վտանգի ժամանակ»,- ասաց Բալայանը` հավելելով, որ իր համար հասկանալի չէ, թե որտեղից է առաջացել այն միտքը, թե փողոցներում հայտնվելու են կամ շրջելու զինված անձինք. զենքը մարտական գործողությունների ժամանակ բաժանվելու է, որից հետո այն վերադարձվելու է համապատասխան պահման վայր:
Ըստ նրա՝ սպառազինության քանակը կցագրման վայրերում ավելացվելու է, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն կարողանան լիարժեք բաժանել:
Փոխնախարարը հիշեցրեց, որ 2016թ. ապրիլին կազմավորվել էին կամավորական ռազմական խմբեր, որոնք, ըստ նրա, ավելի շատ խանգարում էին ԶՈՒ-ին։
Նշենք, որ աշխարհազորում կներգրավվեն մինչև 70 տարեկան անձինք, որոնք հաշվառված չեն պահեստազորում:
Զորակոչվելուց հետո նրանց կտրվի զինծառայողի կարգավիճակ` դրանից բխող սոցիալական երաշխիքներով։
Իսկ թե որքանով է աշխարհազորի ստեղծման նախագիծը համահունչ Ազգ-բանակ գաղափարին, Գաբրիել Բալայանն արձագանքեց. «Ես ծանոթ չեմ Ազգ-բանակ գաղափարի հիմնադրույթներին, չեմ կարող մեկնաբանել: Մենք ձևավորում ենք աշխարհազոր, բանակ: Այսինքն՝ երբ բանակին աջակցության կարիքը լինի, աշխարհազորն իր տեղում է լինելու»:
Այս համատեքստում պաշտպանության փոխնախարարը շեշտեց, որ թեպետ ուսումնասիրել են այլ երկրների փորձը, սակայն այն, ինչ ուզում են անել, հայկական մոդել է:
Ինչ վերաբերում է ԵԿՄ-ի կարգավիճակին այդ մոդելի կիրառման արդյունքում, Բալայանն ասաց, որ իրենց գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, մասնավորապես՝ ԵԿՄ վարչության նախագահի, և կարող է ասել, որ ԵԿՄ-ն տարբերվում է աշխարհազորից. «Երկրապահը» հասարակական կազմակերպություն է, իրավաբանական անձ, որը կարող է փոխլրացնել աշխարհազորին։
Աշխարհազորայինները կարող են ներգրավվել սահմանների վտանգավոր հատվածների պաշտպանության, հակառակորդի դիվերսիոն ու հետախուզական խմբերի դեմ պայքարում, ինչպես նաև հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանության գործում։ Բայց նրանք կարող են կատարել նաև ոչ մարտական խնդիրներ, օրինակ, բնակչության տարհանում որևէ վտանգի դեպքում:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք հաշվի են առնվել այն ռիսկերը, խնդիրները, որոնց կարող ենք բախվել մարտական հերթապահության ժամանակ աշխարհազորայինների և մարտական դիրքը պահող ժամկետայինի, պայմանագրային զինծառայողի հետ փոխհամագործակցության շրջանակում, պաշտպանության փոխնախարարը պատասխանեց՝ առաջարկելու են, որ աշխարհազորային ստորաբաժանումը ղեկավարելու համար համայնքներում և մարզպետարաններում տեղակալի հաստիքներ ստեղծվեն, որոնք կհամալրեն պաշտոնաթող սպաները, ինչն արվում է՝ հաշվի առնելով, որ պահեստազորի սպաները հոյակապ տիրապետում են ամեն խնդրի, ըստ այդմ՝ ներդաշնակումը ԶՈւ գործող ստորաբաժանումների հետ ապահովվելու է հենց նրանց միջոցով:
«Մենք ունենք գեներալական կազմ, գնդապետներ, փոխգնդապետներ, որոնք զորամասի և ավելի բարձր օղակների հրամանատարներ են եղել: Կարծում ենք, որ օրենքի ընդունումից հետո այդ հաստիքների համալրումը տեղի կունենա հենց այդ անձնակազմից, որոնք նաև տեղացի են, ինչը կարևոր է: Հրամանատարների մեծ մասը բավական մեծ հարգանք է վայելում այդ համայնքներում, այդ լիդերության հատկանիշները հրամանատարների մենք փորձելու ենք օգտագործել և մեր պաշտոնաթող փորձառու և հասարակության վստահությունը վայելող սպաներին առաջարկելու ենք նշանակել այդ պաշտոններում: Կան համայնքներ, որոնք թափուր հաստիք ունեն և համալրված չեն և կնշանակվեն: Մարզպետարանները, եթե չեմ սխալվում, հիմա մեկ տեղակալի հաստիք ունեն: Եթե օրենքն այս ձևակերպմամբ ընդունվեց, նոր հաստիքների անհրաժեշտություն կառաջանա: Համայնքներում էլ, որտեղ անհրաժեշտություն կա, նոր հաստիք կբացվի, որտեղ թափուր հաստիք կա, կլրացվի»,- պարզաբանեց նա:
168.am-ի հաջորդ հարցին, որ 70 տարեկան աշխարհազորայինը զենքի կիրառման հետ կապված խնդիրներ կարող է ունենալ, Բալայանն ասաց, որ, եթե 15-20 տարի առաջ նա փայլուն և դիպուկ կրակել է հրաձգային զենքերից, ապա կարճ ժամանակում կարող է վերհիշել և վերականգնել իր հմտությունները: Իսկ այն, որ սա հնարավոր չէ հրետանային միջոցների դեպքում, պաշտպանության փոխնախարարը նախընտրեց հարցը շրջանցել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում