Ի՞նչն է Արցախի նախագահին 4 տարի անց ստիպել տարակուսել մեր հաղթանակի հարցում

Օգոստոսին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսաուղերձների ձևաչափով անդրադարձել էր 2016թ. ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան բանակցություններին և հանրությանը հուզող այլ հարցերի։

Այս տեսաուղերձներից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը պնդում է՝ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմում Հայաստանը հաղթանակ է տարել, Ադրբեջանը՝ պարտվել, ասել էր. «Իմ լավ ընկեր Վաղարշակ Հարությունյանը, վերջերս, կարծեմ, հարցազրույցներից մեկում շատ դիպուկ նշել էր՝ եթե Հայաստանը մի քանի հատ էլ էսպիսի հաղթանակ տոներ ապրիլյան պատերազմի ընթացքում, մենք, շատ հնարավոր է՝ Արցախը կորցնեինք»:

Կրկին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ այս անգամ արդեն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, դարձյալ կասկածի տակ դրեց Ապրիլյան պատերազմում տարած հաղթանակը և մեկ քայլ առաջ անելով՝ նշեց, որ պատերազմն իրականում պատերազմ չի եղել.

«Ընդհանրապես ես և այն ժամանակ, և հիմա պնդում եմ, որ դա պատերազմ չի եղել, դա եղել է դիվերսիոն գործողություն, սա առաջինը շեշտենք, որ պարզ լինի: Երկրորդը` փաստը նա է, որ ինչքան էլ ուզում ենք ասել, որ հաղթել ենք, թե ինչ ենք արել, մենք տարածք ենք կորցրել, իսկ տարածք կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին:

Այն ամբողջը, որ ներկայացնում են, որ մեր ուժերը կարողացան կանգնեցնել հակառակորդի մեծ պատերազմը, իրականության հետ չի համապատասխանում, դա ուղղակի բառախաղեր են, որ անում են ու փորձում դրանով արդարանալ»:

Ահա այս հայտարարությունների ֆոնին շատերը հանկարծ սկսեցին «վերարժևորել» կատարվածը, սկսեցին կասկածի տակ դնել անգամ իրենց համոզումները կատարվածի վերաբերյալ: Ամենատարբեր հարթակներում հայտնվեցին պնդումներ, որոնք հերքում էին ոչ միայն մեր հաղթանակի, այլ պատերազմի փաստն ինքնին, ու այդպես էլ չհնչեց որևէ հասկանալի բացատրություն, թե ինչ է տալու այս ամենը հայկական կողմին, և ինչո՞ւ հենց հիմա սկսվեց այս արշավը:

«Մարտական գործողություններ եղել են՝ անվանում ենք պատերազմ, թե չէ՝ արդեն մենք կարող ենք բնութագրել»,- պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասել էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով բառախաղին, թե «Ապրիլյանը» պատերազմ չի, այլ ռազմական գործողություն:

Դաշտ նետված հաջորդ՝ «հաղթանակ, թե պարտություն», թեզի վերաբերյալ էլ Արցախի նախագահը հետաքրքիր քայլ արեց՝ փորձելով դրսևորել ընդգծված չեզոքություն.

«Ի՞նչ է նշանակում՝ հաղթել ենք կամ պարտվել ենք, ես այդ հարցի պատասխանը չունեմ: Կարող ենք ֆիքսել՝ Ադրբեջանին հաջողվել է մի քանի դիրք վերցնել, բայց չի հաջողվել, ինձ թվում է, լուծել այն խնդիրը, որը դրված էր Ադրբեջանի զինված ուժերի առջև: Ինչպես գնահատել սա. Այն, որ դիրքեր գրավել են՝ գրավել են: Այն, որ դիրքերը եղել են ռազմավարական, չկան ոչ ռազմավարական դիրք հասկացողություն, բայց արդյո՞ք դա կարելի է համարել պարտություն մեր կողմից, կամ հաղթանակ Ադրբեջանի կողմից, կամ հաղթանակ մեր կողմից, ամեն մարդ կարող է յուրովի…»:

Նկատենք սակայն, որ մինչ այս հայտարարությունը՝ ավելի վաղ, Արայիկ Հարությունյանը տարբեր հարթակներում հրապարակային կերպով հաստատել է պատերազմի փաստը և խոսել հաղթանակի մասին:

Քանի որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ասուլիսում արված այս հայտարարություններն էականորեն տարբերվում էին մինչ այդ իր կողմից հնչեցրած տեսակետներից, 168.am-ը գրավոր հարցմամբ փորձեց տեղեկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը:

««Ապրիլյան քառօրյան» պատերազմ կարող ենք կոչել, թե ոչ, հաղթել ենք, թե պարտվել հարցերին ի պատասխան՝ ասուլիսում հայտնած Ձեր դիրքորոշումը անհասկանալի մնաց: Սակայն մեկ անգամ չէ, որ ինքներդ ամենատարբեր հարթակներից քառօրյան վստահորեն անվանել եք պատերազմ, իսկ հաղթանակի մասին հիշեցրել նույնիսկ անցյալ տարի ապրիլի 2-ին հղած Ձեր ուղերձում՝ հետևյալ ձևակերպման մեջ. «Հազա՛ր փառք մեր բանակին, որ ստիպեց թշնամուն, պատերազմը դեռ չսկսած, հրադադար խնդրել»:

Ի վերջո, ի՞նչն է 4 տարի անց Ձեզ ստիպել տարակուսել մեր հաղթանակի հարցում»,- հետաքրքրվել էինք Արայիկ Հարությունյանից:

Ի պատասխան՝ ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն ընդամենը հարկ էր համարել հայտնել. «Հարցի հետ կապված լրացուցիչ մեկնաբանության կարիք չենք տեսնում»:

Տեսանյութեր

Լրահոս