«Ինչ որ տարել են, նյութական առումով արժեք չունի, պարզապես մոլորվածի մեկն է եղել». Աշոտ Բլեյանը՝ իր դպրոցից կատարված գողության մասին

«Թալանի մասին խոսք լինել չի կարող». այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով օգոստոսի 26-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից կատարված գողությանը՝ ասաց տնօրեն Աշոտ Բլեյանը: Փոխտնօրեն Էդիկ Սարիբեկյանը Ոստիկանությանը հայտնել էր, որ գողացել են 2 նոութբուք, 1 ֆոտոխցիկ, 2 տեսախցիկ և 1 ձայնագրիչ։

«Ոչ մի թալան չի եղել, եղել է, իհարկե, տհաճ: Մեզ մոտ ամեն ինչ բաց է, և մենք մեր ծախսերի մեջ մտցնում ենք նաև այդ հնարավոր գողությունը, բայց մենք չենք կարող երեխային դնել հնարավոր գողի տեղ և չգիտես ինչով փակել, որովհետև դա գողերի մանկավարժություն ա: Նորմալ ա, էդ էլ կլինի, որովհետև հասարակության մեջ գողություն էլ կա: Ինչ որ տարել են, նյութական առումով արժեք չունի, պարզապես մոլորվածի մեկն է եղել, վստահ եմ, կգտնեն, որովհետև համապատասխան սարքերն արձանագրել են: Կուզենամ, որ էդ տղան հանկարծ չընկնի բերդ, որովհետև կարող է ՝ինքը օգնության կարիք ունի: Մենք նյութական վնաս չենք կրել, ուղղակի այնտեղ կար ինֆորմացիա, որը մեր Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի տարիների աշխատանքն էր, թարգմանություններ»,- ասաց Բլեյանը:

Լրագրողի հարցին ի պատասխան՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն անդրադարձավ նաև օգոստոսի 21-ին իրեն և ևս մեկ ուսուցչի բերման ենթարկելուն:  Նրանց բերման էին ենթարկել, քանի որ նստել էին թիվ 93 մանկապարտեզի տարածքում և թույլ չէին տալիս, որ այնտեղ ցանկապատ քաշեն:

«Իշխանությունն այսօր առաջինը պետք է գար այստեղ, առաջինը շնորհավորեր, 2020թ.-ի սեպտեմբերի 4-ին Երևանի քաղաքապետարանը պետք է հանդիսավոր, բոլորի ներկայությամբ, քանի որ ես բոլորի հետ պարտիզպանություն եմ արել, Բլեյան Աշոտին պարգևատրեր, ասեր՝ այս պարգևը քեզ, այս բահը, էս գործիքների հավաքածուն քեզ, ծլեք, բարգավաճեք, օրինակ ցույց տվեք, և հասարակությանն ասեր, որ այ էս է դպրոցը: Թե չէ ոստիկան բերել… հլը Վիգեն Ավետիսին ձերբակալեին՝ հասկացանք, բա ինձ ո՞նց եք ձերբակալում: Վիգեն Ավետիսն ամենաշատը դրանից էր նեղացել, ես էլ, որ Վիգեն Ավետիսին են ձերբակալել»,- ասաց Բլեյանը:

Տեսանյութեր

Լրահոս