«Մեր մտավախությունն այն է, որ կարանտինի ուղերձը լինի ավելի խիստ, և սահմանները չբացեն». Էդմոն Մարուքյան
«Հայաստանից դեպի Ռուսաստան գնալու համար սահմանները բացելու մասին խոսակցություններ չկան, եղել է նախկինում խոսակցություն առ այն, որ, եթե Հայաստանում արտակարգ դրությունը վերացվի, Ռուսաստանը մեզ համար կբացի սահմանը, որ կարողանանք թեստով գնանք»: Այսօր ԱԺ-ի դարպասների մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երբ արտակարգ դրությունը դադարի, Հայաստանում, ըստ նոր քննարկվող օրենքի, երկրով մեկ պետք է հայտարարվի կարանտին, և մեր մտավախությունն այն է, որ հնարավոր է՝ այս կարանտինի ուղերձը լինի ավելի խիստ, ավելի անհասկանալի, և սահմանները շարունակաբար չբացեն, որովհետև շատ դժվար է լինելու բացատրել, որ արտակարգ դրությունից ավելի մեղմ ռեժիմի մեջ ենք մտնում, որի անունը կարանտին է, որը հայտարարվել է ամբողջ երկրի տարածքով մեկ»,- ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ կարանտինային ռեժիմը չպետք է հայտարարվի ամբողջ երկրով մեկ, իսկ սահմանափակումները պետք է համապատասխանեն սահմանադրությանը:
«Սահմանափակումները, որոնք շարունակաբար պետք է պահպանվեն, պետք է համապատասխանեն ՀՀ սահմանադրությանը, որի մի մասը չի համապատասխանում: Մեր առաջարկը եղել է՝ ողջամիտ սահմանափակումները պահպանել, պահպանելով սահմանադրության դրույթները»,- ասաց պատգամավորը:
Մարուքյանը մեկ խնդիր էլ նկատեց՝ կապված օրենսդրական նոր փոփոխությամբ սահմանվող կարանտինային ռեժիմի հետ: Նրա խոսքով՝ եթե նախկինում՝ արտակարգ դրության պարագայում, ամեն ամիս գալիս էին խորհրդարան, որ ևս մեկ ամսով արտակարգ դրությունը երկարաձգվեր, ապա 6 ամսով կարանտինային ռեժիմ հայտարարելու դեպքում՝ խորհրդարան գնալու որևէ կարիք չկա.
«Այդ ռեժիմը հայտարարվելու է, կառավարության ձեռքում է, ինքը ոնց կուզենա, երբ կուզենա՝ կհանի, երբ կուզենա՝ կմտցնի»:
Քաղաքացիների պնդումներին, որ այնպիսի տպավորություն է, որ մեր երկիրը չի բանակցում սահմանները բացելու համար, Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ այդ ուղղությամբ բանակցություններ եղե՞լ են, թե՞ ոչ, կարող են ասել միայն վարչապետը և պարետը, ապա հավելեց.
«Եթե բանակցություններ տարվեին, կբացեին, էլի, մի բան կանեին»:
Հիշեցնենք, որ քաղաքացիները երեկ էլ բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի դիմաց, սակայն ժամերով սպասելուց հետո, երբ որևէ ներկայացուցիչ չմոտեցավ նրանց, ակցիան տեղափոխվեց ԱԳՆ շենքի դիմաց, որտեղ ցուցարարներին հետ հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ բանակցություններ ընթանում են, սակայն դեպի Ռուսաստան սահմանը բացելու որոշումը պետք է կայացնի տվյալ երկիրը:
Մանրամասները՝ տեսանյութում