«Պաշտոնական վիճակագրությունը կեղծվում է. հեղափոխական Հայաստանում՝ առավելևս». Նաիրի Սարգսյան

2020 թվականի օգոստոսին հրապարակվեց Հայաստանի պետական պարտքի չափը. այն հասավ 7 մլրդ 939 մլն դոլարի, իսկ միայն վերջին 1 տարվա ընթացքում այն ավելացել է մոտ 1 մլրդ դոլարով՝ հասնելով ՀՆԱ 58,6 տոկոսին։ Կառավարության պարտքի սպասարկման համար պետական բյուջեից կծախսվի 169.2 մլրդ դրամ կամ ՀՆԱ շուրջ 2.4%-ը, և այս ցուցանիշը ներառում է միայն Կառավարության պարտքի գծով տոկոսավճարները։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ռազմավարական բարեփոխումների Ազգային խորհրդի ղեկավար Նաիրի Սարգսյանն անդրադառնալով մոտ 8 միլիոն դոլարի հասած արտաքին պարտքին՝ նշեց, որ պետք է վախենալ ոչ թե արտաքին պարտքի ներգրավումից, այլ դրա սխալ ծախսումից։

«Կառավարությունը ճգնաժամի պարագայում այլ եկամուտ չունի, քան պարտք ներգրավելն է, որովհետև եթե բյուջեն սնուցող միակ երակը կտրվում է, մյուսը մնում է պարտքային գործիքները, որոնց միջոցով պետական բյուջե եկամուտ է ներարկվում, բայց եթե այդ պարտքային միջոցներով մենք պարգևավճարներ ենք տալիս և չենք իրականացնում, օրինակ, կապիտալ ծախսեր, սա արդեն վտանգում է մեր տնտեսական ապագան. շատ լուրջ է վտանգում»,- ասաց Սարգսյանը։

Մեր զրուցակիցը վստահ է՝ պարտքը ճիշտ կառավարելու դեպքում պետությունը կարող էր ճանապարհաշինությամբ զբաղվել այնպիսի վայրերում, որոնք կարող էին դառնալ շատ լավ տուրիզմի կենտրոն, և այդ եղանակով կառավարությունը կստեղծեր պրոդուկտ՝ լավ ճանապարհ, որի միջոցով կունենար տուրիստների մեծ հոսք և, հետևաբար՝ եկամուտներ։

«Այս նույն կառավարությունը, երբ ընդդիմադիր էր, պետական պարտքի նեգրավման ամենասուր քննադատն էր, և կարծում եմ՝ դա արվում էր կա՛մ քաղաքական դիվիդենտներ հավաքելու, կա՛մ իրավիճակին չտիրապետելու հետևանքով։ Կրկնում եմ՝ արտաքին պարտքից պետք է չվախենալ, բայց կոնկրետ մեր դեպքում ներգրավված պարտքն անարդյունավետ է ծախսվել, թիրախային չէ, և կառավարությունը չունի ռազմավարություն ու չգիտի, թե այդ պարտքը վերցնելով՝ առաջին հինգ տարում որտեղ է գնում»,- ասաց նա։

Սարգսյանի փոխանցմամբ՝ այն, որ այս կառավարությունը չունի A կետից B կետ հասնելու ռազմավարություն, փաստում են նաև ընդունված մի շարք օրենքներ, որոնք ոչ թե բերելու են տնտեսության աճի, այլ ընդհակառակը՝ Հայաստանից կապիտալի արտահոսք է տեղի ունենալու, ու զրոյացվելու է մեր երկրի ներդրումային միջավայրը։

«Օրինակ՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը բխում է Կառավարության՝ նպատակակետ չունենալուց։ Այդ օրենքն ամբոխահաճո է ընդամենը, բայց ունենալու է շատ բացասական հետևանքներ, բերելու է կապիտալի արտահոսքի, խոչընդոտելու է ներդրումների ներգրավմանը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է արտաքին պարտքի նվազման միտումի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որ 2019 թվականին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում, և սա արդյունք է այն բանի, որ իրենք հստակ խնդիր են դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ, Նաիրի Սարգսյանը հակադարձեց, որ չի հավատում վարչապետի հրապարակած վիճակագրական տվյալներին, որովհետև դրանք համարում է քաղաքական հայտարարություն՝ առանց հիմնավորման։

«Ես լուրջ չեմ վերաբերվում նման հայտարարություններին։ Պաշտոնական վիճակագրությունը տարիներ շարունակ կեղծվում է, հեղափոխական Հայաստանում՝ առավելևս, որովհետև հեղափոխականները, որոնք այդ վիճակագրական տվյալներն արժանահավատ չէին համարում, շարունակեցին այդ նույն համակարգի հետ աշխատանքը։ Դրան գումարած՝ ես ծանոթ եմ Վիճակագրական կոմիտեի աշխատանքին՝ ներքևից սկսած. բիզնեսից սկսած՝ թվեր են ներկայացնում, Վիճակագրական կոմիտեի աշխատակիցները գրիչով ուղղումներ են կատարում, հետո դրանց հիման վրա նույնն անում են ավելի բարձր օղակում, հետո այդպես նաև կառավարությունն է անում, որից հետո նոր թվերը հրապարակվում են, հետևաբար՝ այնտեղ ճշմարտության տարր չկա։ Սրանք հիմք են հանդիսանում, որ ես անձամբ չհավատամ վիճակագրական տվյալներին»,- ասաց նա։

Նաիրի Սարգսյանը խոսեց նաև կապիտալ ծախսերի 60 տոկոսով թերակատարման մասին և նշեց, որ Կառավարությունը զարկ է տվել բացառապես ճանապարհաշինությանը, որովհետև այն շատ ավելի տեսանելի է, քան, ասենք, ջրագծի և դպրոցի կառուցումը կամ վերանորոգումը։

«Իսկ երբ մենք նայենք այս վերջին երկու տարվա ընթացքում մեր շինարարական թույլտվությունների փաթեթները, մենք կտեսնենք, թե ինչ արհեստական խոչընդոտներ են ստեղծված։ Եկեք չմոռանանք Երևանի գլխավոր ճարտարապետի ճոռոմախոս մուտքը քաղաքապետարան և երկու տարի անց շինարարության ոլորտը ձախողելուց հետո նրա փախուստը. պետք է մտավախություն ունենանք, որ այսպես յուրաքանչյուր ոլորտ կձախողեն ու կփախչեն, և պետք է դրա առաջն առնել»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս