Եթե չեք կարդացել, բայց գոնե լսե՞լ եք. «Ազգ-բանակ» հայեցակարգը՝ 2016 թվականից մինչև մեր օրեր

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի մի քանի նախագիծ, որոնց հաստատման դեպքում Հայաստանում կստեղծվի աշխարհազոր:

«Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»,- նշված է նախագծերի հիմնավորման մեջ:

Նշենք, որ նախագծի շուրջ քննարկումները ծավալվեցին ոչ միայն՝ արդյո՞ք մեզ անհրաժեշտ է աշխարհազոր, թե՞ ոչ հարցի շուրջ, այլ՝ արդյո՞ք այս գաղափարը եղել է նախորդ իշխանությունների պաշտպանական հայեցակարգի մաս, թե՞ ոչ:

Օրերս ԱԺ-ում լրագրողներն այդ հարցերի պատասխանը փորձեցին ճշտել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից: Նա մասնավորապես նշեց, որ աշխարհազորի ստեղծումը հասարակության պատրաստությունն է՝ արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Դիտարկմանը՝ արդյո՞ք սա «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում է, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ես այդ հայեցակարգը դեռևս չեմ կարդացել»:

Երեկ էլ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը կրկին նույն հարցի շուրջ նորից հարկ համարեց ասել, թե ծանոթ չէ «Ազգ-բանակ» գաղափարի հիմնադրույթներին:

Ի՞նչ է «Ազգ-բանակը», և պաշտոնյաներն ինչքանո՞վ «ծանոթ չեն» այդ դրույթներին:

Այսպիսով՝ 2016թ. հունվարի 27-ին Բանակի օրվա առթիվ իր ուղերձում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց «Ազզ-բանակ» եզրույթը։ Ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Մենք նաև գիտեինք, որ ֆիդայական շարժումը դատապարտված է ձախողման, եթե ժամանակին՝ հենց մարտի դաշտում, չվերաճի կանոնավոր բանակի: Հայոց կանոնավոր բանակը՝ մեր հաղթական բանակը, բռնեց պատերազմի քննությունը, որովհետև այդ օրերին և՛ Արցախը, և՛ Հայաստանը, և՛ ողջ հայությունը դարձան մեկ միասնական ազգ-բանակ, դարձան այն, ինչ մեր պատմիչն անվանում է «Ասքանազյան ազգ», իսկ Սուրբ գիրքը՝ «Ասքանազյան գունդ», որ իրենից ներկայացնում է և՛ երկիր, և՛ ժողովուրդ, և՛ զինված ուժ»:

2016թ. հոկտեմբերին 29-ին նորանշանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում բարձրաձայնեց «Ազգ-բանակ»-ի հիմնադրույթները։

Նա, մասնավորապես, ասել էր. «Չի կարող հասարակությունը մեկուսացվել բանակից, և հակառակը: Բանակի ժողովրդավարացումը և լիարժեք ինտեգրումը հասարակությանը, տնտեսության, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի բնագավառներ անում են այնպես, որ մենք դառնում ենք մեկ միասնություն, քաղաքացիական կյանքում ունեցած ձեռքբերումներով ամրապնդելով նաև մեր զինված ուժերի մարտունակությունը:

Ազգ-բանակը դա այն բանակն է, որն ունի կրթող, դաստիարակող, ուսուցանող ներուժ, որը փոխանցվում է ժողովրդին: Ազգ-բանակը դա այն հասարակությունն ու զինված ուժերն են, որտեղ նորարար գիտությունից դեպի ռազմարդյունաբերական համալիր մեկ քայլ է, դա այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպի զինված ուժերը, դեպի մեր երկրի սպայական անձնակազմը: Դա այն պաշտպանական համակարգն է, որտեղ զորահավաքին պատրաստ է յուրաքանչյուրը՝ հստակ իմանալով իր անելիքը, տեղը, դերն ու միջոցները»:

Ուշագրավ է, որ այս կոլեգիալ նիստին ներկա է գտնվել նաև այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, այսօր արդեն՝ նախարար Դավիթ Տոնոյանը: Այսինքն՝ ստացվում է՝ եթե անգամ Դավիթ Տոնոյանը չի էլ կարդացել «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին, ապա հիմնական դրույթներին ծանոթ է. գոնե լսել է այդ նիստի ընթացքում:

Նկատենք նաև, որ թե՛ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեքստում, թե՛ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձում հստակ հնչում է «աշխարհազորի կարևորության մասին»:

Արձանագրենք նաև, որ այս հիմնադրույթները դրված են նաև ՊՆ էջում։

Հավելենք, որ ստեղծման օրից երեք տարի շարունակ «Ազգ-բանակի» մասին խոսվում ու գրվում էր ամենատարբեր հարթակներում:

2017 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18-ին կայացած «Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով անցկացված նիստի ընթացքում կրկին խոսել էր հայեցակարգի մասին: Իսկ արդեն ապրիլին՝ «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ընթացքում իր ելույթում հանրային քննարկում մեկնարկելու նպատակով «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո ներկայացրել էր երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ». երկու ծրագրերն էլ ցայսօր գործում են:

Ի դեպ, թե՛ ՊՆ Դավիթ Տոնոյանը, թե՛ նրա տեղակալ Գաբրիել Բալայանը, մեկ անգամ չէ, որ խոսել են «Ազգ-բանակ» հայեցակարգից սկիզբ առած այս երկու ծրագրերի մասին, իսկ թե ինչո՞ւ են այսօր ամեն գնով ուզում ցույց տալ, որ ծանոթ չեն «Ազգ– բանակ»-ին, առնվազն հասկանալի չէ:

Հասկանալի չէ հատկապես Դավիթ Տոնոյանի պարագայում, ով եղել է «Ազգ-բանակ» հայեցակարգը ներկայացրած ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի տեղակալը ու, թերևս, պետք է տեղյակ լիներ այդ ժամանակ նախարարության որդեգրած ռազմավարությանը: Հակառակը հաստատ հօգուտ իրեն չէ։

Լուսանկարը՝ 2016 թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստից

Տեսանյութեր

Լրահոս