Ո՞ւր մնացին կառավարության ծրագրերը. տնտեսական ակտիվության անկումը հասավ 5,7 տոկոսի

Տնտեսական զարգացումները Հայաստանում շարունակում են անկումային լինել։ Անկումն առայժմ ոչ միայն նահանջելու մտադրություն չունի, այլև խորանում է։

Արդեն հայտնի են այս տարվա առաջին 2 եռամսյակների ՀՆԱ տվյալները, ու դրանք փաստում են, որ Հայաստանի տնտեսությունը շատ ծանր է արձագանքել համավարակին։ Եթե առաջին եռամսյակին տնտեսությունը ոչ շատ բարձր, բայց աճ է գրանցել, ապա արդեն երկրում պարզապես տապալվել է՝ չնայած կառավարության ձեռնարկած մեծաթիվ հակաճգնաժամային միջոցառումներին։ Առաջին եռամսյակի 3,9 տոկոս աճից հետո, երկրորդում անկումը կազմել է 13,7 տոկոս։

Անկման նման ցուցանիշ վաղուց Հայաստանի տնտեսությունը չէր տեսել։

Այն, անշուշտ, շատ ավելի մեծ կլիներ, եթե օգնության չգար գործող իշխանությունների կողմից ժամանակին այդքան պախարակված տնտեսության ճյուղերից մեկը՝  հանձին հանքարդյունաբերության։ Հանքարդյունաբերությունը ճգնաժամային այս իրավիճակում պարզապես փրկություն է դարձել կառավարության համար։ Ի տարբերություն տնտեսության բազմաթիվ ճյուղերի, ճգնաժամի պայմաններում այն շարունակել է ակտիվ աճ արձանագրել։ Պարզ է, թե ինչի հաշվին. ընդերքը քանդել և արտահանելու հաշվին։ Տարվա առաջին կեսին հանքարդյունաբերության աճը գերազանցեց 24 տոկոսը՝ մնալով տնտեսության այն առանցքային ճյուղերից մեկը, որի վրա իշխանությունները հենվում էին թե՛ մինչև իշխանափոխությունը, և թե՛ իշխանափոխությունից հետո։

Չնայած ընդերքի անխնահ շահագործումից հրաժարվելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններին՝ ճգնաժամի պայմաններում ընդերքի շահագործումը Հայաստանում նոր թափ է հավաքել։ Շահագործման ծավալներն այսօր աննախադեպ են։ Նախկինում երբևէ արդյունահանման նման մակարդակ չէինք ունեցել, թեև դա չէր խանգարում, որպեսզի ժամանակին գործող իշխանության ներկայացուցիչները մեծ վայնասուն բարձրացնեին՝ նախկին «արատավոր» համակարգի կողմից ընդերքը քանդել-ծախելու անհագուրդ մղումների վերաբերյալ։

Այսօր այդ մասին նրանք այլևս չեն խոսում, որովհետև դա օդ ու ջրի պես անհրաժեշտ է իշխանություններին՝ ճգնաժամի ազդեցությունները տնտեսական ցուցանիշների վրա որոշ չափով մեղմելու համար։ Եվ ոչ միայն տնտեսական ցուցանիշների։

Երբ տնտեսության տարբեր հատվածներում արձանագրվող անկման հետևանքով նվազում են հարկային եկամուտները, ընդերքի շահագործումը լրացուցիչ միջոցներ է բերում պետական բյուջեի համար։ Թեև նույնիսկ այդ պայմաններում ունենք մուտքերի սարսափելի տխուր վիճակագրություն։ Հարկային եկամուտները չեն հասնում անգամ նախորդ տարվա ցուցանիշներին։ Մինչդեռ պլանավորված էր շատ ավելի բարձր աճ։

Չստացված եկամուտները կառավարությունը որոշել է փակել նոր պարտքային պարտավորություններ ստանձնելու միջոցով, ինչը հետագա տարիներին պետական բյուջեի վրա ավելացնելու է պարտքի սպասարկման բեռը։ Հատկապես որ, անհայտ է ներգրավվող միջոցների տնտեսական նշանակությունը։ Պետությունը ստանձնում է նոր պարտքային պարտավորություններ ոչ թե՝ կոնկրետ տնտեսական ծրագրեր իրականացնելու, այլ՝ բյուջեի ճեղքվածքը փակելու համար։ Այն ճեղքվածքը, որը գնալով մեծանում է՝ տնտեսական անկման խորացմանը զուգահեռ։

Արդեն հայտնի են նաև այս տարվա տնտեսական զարգացումների 7 ամիսների ցուցանիշները, ու դրանք ևս լավատեսության հիմքեր չեն տալիս։

Հրապարակված օպերատիվ տվյալներով՝ տնտեսական ակտիվության անկումը Հայաստանում հասել է 5,7 տոկոսի՝ խորանալով ևս 1 տոկոսային կետով։

Հուլիսը ևս բարվոք չի եղել տնտեսության համար. կրկին արձանագրվել է երկնիշ անկում։ Նախորդ տարվա համեմատ՝ տնտեսական ակտիվությունը նվազել է 10,2 տոկոսով։

Անկում է արձանագրվել տնտեսության անխտիր բոլոր ճյուղերում։ Արդյունաբերության արտադրանքի ծավալը կրճատվել է 2,3 տոկոսով, առևտրի շրջանառությունը պակասել է 10,4 տոկոսով, ծառայությունների ծավալը նվազել է 21,6 տոկոսով։

Նիկոլ Փաշինյանի ասած՝ «շինհրապարակի վերածվող Հայաստանում» հուլիսին 19,5 տոկոսով պակաս շինարարական աշխատանքներ են կատարվել, քան անցած տարվա նույն ամսին։

Անմխիթար է վիճակը նաև արտաքին առևտրի ոլորտում։ Նվազել է՝ ինչպես ներմուծումը, այնպես էլ՝ արտահանումը։ Հուլիսին ներմուծման անկումը կազմել է 18,6 տոկոս, արտահանմանը՝ 5,9 տոկոս։

7 ամիսների տվյալներով՝ ունենք արտահանման՝ 6,4, և ներմուծման՝ 13,7 տոկոսանոց նվազում։

Միակ ոլորտը, որտեղ հուլիսին աճ է եղել, վերաբերում է աշխատավարձերին։ Միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ մեր երկրում ավելացել է 2,5 տոկոսով, այն էլ՝ մեծամասամբ պետական հատվածի հաշվին։

Պետական հատվածում 1 տարվա կտրվածքով աշխատավարձերը, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելացել են 4,2 տոկոսով, ինչը տեղի է ունեցել տնտեսության խորը անկման և պետական բյուջեի եկամուտների նվազման պայմաններում։ Մինչ տնտեսական ու ֆինանսական իրավիճակը երկրում վատանում է, պետական պաշտոնյաները շարունակում են պարգևատրել իրենց։

Մասնավորում աշխատավարձի աճը շատ ավելի համեստ է՝ ընդամենը 1,7 տոկոս։

Պաշտոնական վիճակագրության հրապարակած այս տվյալները վկայում են, որ տնտեսական իրավիճակը Հայաստանում շարունակում է վատանալ։

Տարվա կտրվածքով ամենամեծ անկումը տեղի է ունեցել շինարարության մեջ։ 7 ամսում այն հասնում է 23 տոկոսի։ Նույն ժամանակահատվածում առևտրի և ծառայությունների շրջանառությունները կրճատվել են մի դեպքում՝ 11, մյուս դեպքում՝ 9,3 տոկոսով։

Աճի փոքր մակարդակը դեռևս պահպանում է արդյունաբերությունը, այն էլ՝ հիմնականում հայտնի ճյուղի զարգացումների, եթե կարելի է այդպես ասել, հաշվին։ 7 ամսվա տվյալներով՝ արդյունաբերության մեջ առկա է 1,3 տոկոսանոց հավելաճ։

Ահա այսպես է Հայաստանի տնտեսությունը «դիմակայում» ճգնաժամին։ Այն տնտեսությունը, որը 1,5 տարի առաջ բռնեց «տնտեսական հեղափոխության» ճանապարհը՝ խոստանալով ապահովել թռիչքային աճեր։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս