Բաժիններ՝

«32 տարի անց մանրամասն հիշում եմ այն դեպքի ամեն մի մանրամասը, այդ հիվանդիս դեմքը, պատշգամբի դիվանի գույնը…։ Ա.Թորոսյան, ի զորո՞ւ եք հիշել հազար հոգուց ավել մարդու գոնե դեմքը»․ Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին ինքնուրույն աշխատանքային օրս իբրև բժիշկ, 1988 թվականի մի շոգ օգոստոսյան կիրակի, հիվանդս մահացավ։ Հազիվ հասցրել էի ճնշումը չափել, սիրտը կանգ առավ։ Էլ արհեստական շնչառություն, երկու անգամ ներսրտային ադրենալին (որից մեկը հաջող), էլ սրտի մասաժ, էկավ ռեանիմացիոն բրիգադը՝ իրենց ամեն ինչով… Չէ ու չէ։

Գլխավոր բժիշկի առավոտյան հայհոյախառը մենախոսության բովանդակությունը մի հիմնական միտք ուներ` ինչպես են իմ նման անգրագետ, անտաղանդ … (քֆուր) բժշկական ավարտում։ Բայց ամենանսեմացնողը կարդիոռեանիմացիոն բրիգադի գեղեցկուհի և հանգստության աստվածուհի Մարինայի մեղմ ձայնով ասված հորդորն էր․ «Հասկանում եմ, որ վիրաբույժ ես դառնալու, Արմեն ջան, բայց մի երկու գիրք ասեմ թերապիայից կարդա, դասագրքերը քիչ են»։

Երեք օրով հեռացրեցին հերթապահություններից, բարեկամները դիմեցին դատախազություն, ես լսում էի Մոցարտի «Requiem»–ի «Lacrimosa» մասը անընդհատ և սպասում էի, երբ են ինձ ձերբակալելու անգրագիտության հետևանքով մարդ սպանելու համար։

Երեք օրից ինձ կանչեցին N=2 ենթակայան, գլխավորը ասաց, որ շարունակեմ աշխատել։ Հարցիս՝ «Բա ինձ դատելու են, ես նստեմ, էլ իմաստը որն ա՞»։ Գլխավորը էլի հայհոյախառը պատասխանեց, որ ձայնս կտրեմ ու գնամ աշխատեմ, իսկ դատի օրը որ գա՝ ինձ կտեղեկացնեն։ Ես երդվեցի ինքս իմ դիմաց, որ էլ երբեք․․․։ Գիշերները, որ կանչ չկար, չէի թողնում ռեանիմատոլոգ Մարինան քներ իմ կազուսային հարցերով, ազատ օրերս թերապիայից գրքեր էի կարդում։ 8 ամիս ես ապրել եմ այն մտքով, որ իմ պատճառով մարդ է մահացել։ Մի անգամ էլ հարցրեցի գլխավորին, բա ինչո՞ւ ինձ չեն դատում ու ստացա պատասխան, որ իմ նման տգետ… անպայման կդատեն, որովհետև ինստիտուտում սովորելու տեղը էշ էինք … (քֆուր)։

8 ամիս հետո ես հանկարծակի իմացա, որ էն հիվանդի մոտ «աբշիրնի իֆարկտ էր ու սիրտը 4 սանտիմ ճաքել էր, Աստված էլ վերևից իջներ, չէր փրկվի»։ Այդ պատճառով քրեական գործ չէր հարուցվել իմ նկատմամբ և ես չդատվեցի։

Հետագա 4 տարում ես պահեցի իմ երդումը և ոչ մի հիվանդ չմահացավ իմ հերթապահության ընթացքում։

Այսօր ժամը 17.00–ին իմ ընկեր և համախոհ Արթուր Ղազինյանը կներկայացնի հայտ առաջին ատյանի դատարանում 1000 ավել մահվան դեպքերի կապակցությամբ։ Բժշկական ոլորտի անգրագետ …… կազմակերպիչների մեղքը ակնհայտ է շատերի համար։ Բայց Հայաստանի Ֆեմիդան դատում է ոչ միայ փակ աչքերով, այլ նաև խուլ, ձետքերը կապած և վախեցած ։

Այդ ընթացքում 1000 ավել մահերի գլխավոր մեղադրյալը Instagram–ում ժպտերես ֆոտոներ է հրապարակում։ Զարմանալի չէ, որ «Requiem» չի լսում։ Վիրավորական է ժպիտը…

Հ.Գ. 32 տարի անց մանրամասն հիշում եմ այն դեպքի ամեն մի մանրամասը, այդ հիվանդիս դեմքը, պատշգամբի դիվանի գույնը…։ Ա.Թորոսյան, ի զորո՞ւ եք հիշել հազար հոգուց ավել մարդու գոնե դեմքը։ Կարծում եմ, Ձեր դեպքում, եթե մարդկային դատարանը չհաստատի արդարությունը, Երկնային Դատարանը կապացուցի Ձեզ Աստծո գոյությունը, ինչին, գիտեմ, Դուք չէք հավատում։ Իզուր…»։

Առաջին ինքնուրույն աշխատանքային օրըս իբրև բժիշկ , 1988 թվականի մի շոք օգոստոսյան կիրակի, հիվանդս մահացավ։ Հազիվ հասցրել…

Gepostet von Армен Григорян am Montag, 31. August 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս