Ռոբին Շարմայի՝ «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքը վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքների։
Առաջին հորիզոնականում է Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:
Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը» երկրորդ հորիզոնականում է։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
Դենիել Գոուլմանի «Հուզական ինտելեկտը» երրորդ հորիզոնականում է։ «Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։
Չորրորդ հորիզոնականում է Միշել Օբամայի «Becoming.Իմ պատմությունը» գիրքը: Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ աղջիկը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը:
Հինգերորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։
Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» վեցերորդ տեղում է: Այս գիրքը հարգանքի տուրք է հանճարեղ վաճառականին՝ Վ. Քլեմենտ Սթոունին, ով սերը, կարեկցանքը և վաճառելու արվեստի յուրօրինակ գաղափարախոսությունն իրար է միախառնել՝ ստեղծելով հաջողության մի դինամիկ փիլիսոփայություն, որը տարեցտարի ոգևորում և ուղղորդում է հազարավոր մարդկանց՝ բացահայտելու էլ ավելի մեծ երջանկություն, լինելու առողջ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, վերագտնելու իրենց մտքի խաղաղությունը, լինելու ազդեցիկ և հարուստ:
Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը» յոթերորդ տեղում է: Գիրքն առաջին անգամ գրեթե 20 տարի առաջ լույս տեսնելուց հետո դարձել է դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այստեղ հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար: Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նա ավելացրել է այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ արդիական կմնա։
Ութերորդ հորիզոնականում է Լուկա Կայոլիի «Ռոնալդու» գիրքը: ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավիճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարելագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին: Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։
Իններորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիարժեք, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:
Տասներորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքել ենք բոլորս» գիրքը: Իր նոր գրքով Մենսոնն անխուսափելի սխալներից անցում է կատարում իրար հաջորդող պատուհասներին: Սուզվելով հոգեբանական հետազոտությունների ավազանը, ուսումնասիրելով իմաստուններին՝ Պլատոն, Նիցշե և Թոմ Ուեյթ, նա քանդուքարափ է անում կրոնն ու քաղաքականությունը, այն ուղիները, որոնք այդ երկուսը միանման են դարձնում: Նա ուսումնասիրում է փողի հետ մեր հարաբերությունները, ժամանցը, համացանցը: Պարզում է, թե ինչպես կարող է որևէ բանի չարաշահումը մեզ ողջ-ողջ կուլ տալ: Նա տալիս է հավատի, երջանկության, ազատության բացատրությունները: