Հայտնի է պատմության մեջ առաջին մարդու անունը, որի կարողությունը գերազանցել է 200 մլրդ դոլարը
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, դարձել է պատմության մեջ առաջին միլիարդատերը, որի կարողությունը գերազանցել է 200 մլրդ դոլարը: Այդ մասին գրում է Forbes հանդեսը՝ վկայակոչելով իր կողմից կազմված Forbes Real-Time վարկանիշը, որը միլիարդատերերի կարողությանը հետեւում է իրական ժամանակում:
Դրա հետ մեկտեղ նշվում է, որ ներկայում միլիարդատերին չի հաջողվել մնալ այդ նշագծում, եւ օգոստոսի 26-ին, վարկանիշի տվյալներով, նրա կարողությունը գնահատվում է 199,7 մլրդ դոլար: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ գնահատումը նոր ռեկորդ է Բեզոսի համար. հուլիսի սկզբից ի վեր ցուցանիշը մշտապես աճում է:
Այսպես, հուլիսի 2-ին միլիարդատիրոջ կարողությունը նորացրել է նախորդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 4-ի ռեկորդը եւ կազմել 172 մլրդ դոլար:
Այս իրադրությունը դիտվում է Amazon-ի բաժնետոմսերի արժեքի շարունակվող աճի ֆոնին. օգոստոսի 25-ի արդյունքներով այն աճել է 1,18 տոկոսով՝ մինչեւ մեկ հատի համար 3346,49 դոլար, իսկ ընկերության կապիտալացումը բարձրացել է մինչեւ 1,68 տրիլիոն դոլար: Ինչպես նշում է հրատարակությունը, Բեզոսին է պատկանում Amazon-ի բաժնետոմսերի 11,1 տոկոսը, եւ նա Forbes-ի վարկանիշը գլխավորում է 2017 թվականից:
Amazon-ը աշխարհում ամենախոշոր առցանց-ռիթեյլերներից մեկն է: Բացի ԱՄՆ-ից, ընկերությունն աշխատում է Կանադայում, Չինաստանում, Բրազիլիայում, Ճապոնիայում եւ Եվրոպայի երկրներում: Amazon.com ինտերնետ-խանութը աշխատանքն սկսել է 1995 թվականի հուլիսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: