«Ո՛չ, Փաշինյանի անձով պայմանավորված՝ հիմնադրամին խոշոր նվիրատվություն չի՛ արվել, և դա շատ լավ է». Հայկակ Արշամյան
Օգոստոսի 4-ին Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այնտեղ ապրող մոտավորապես 50 հազար հոգանոց հայ համայնքը հայտնվել է դժվարին իրավիճակում, ինչից նրանց դուրս բերելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է դրամահավաք-արշավ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ ընդգծելով, որ Լիբանանում ձևավորվել է հատուկ հանձնաժողով՝ բաղկացած բարեսիրական կազմակերպություներից, քաղաքական կուսակցություններից, և կատարվում են հաշվարկներ՝ պարզելու համար հայ համայնքի կրած կորուստների չափը, և թեև դեռ հստակ չկա պատկերացում, թե կոնկրետ ինչ թվի մասին է խոսքը, սակայն և՛ Արամ կաթողիկոսի իրականացրած դրամահավաքի, և՛ հիմնադրամի միջոցով հանգանակված գումարն ուղղվելու է ամբողջությամբ Լիբանանի հայ համայնքի կարիքների բավարարմանը։
«Այս պահին ունենք 260 հազար դոլար, որը կուտակվել է հաշվեհամարին։ Այժմ տարբեր խողովակներով դրամահավաքները շարունակվում են, շատ շուտով՝ հաջորդ շաբաթ, Հանրային հեռուստաընկերությամբ էլ կկազմակերպենք համերգ-դրամահավաք։ Այստեղ նշեմ, որ հիմնադրամն անցած տարի շուրջ 255 հազար դոլար տրամադրեց Բեյրութի կրթական հաստատություններին, քանի որ այնտեղ սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ է արդեն տևական ժամանակ, մարդիկ իրենց գումարը չեն կարողանում բանկերից հանել, դպրոցների վիճակը շատ վատ է, դրա համար մենք որոշեցինք այդ 255 հազար դոլարն ուղղել հենց կրթական հաստատություններին։ Կարծում եմ, որ այս անգամ ևս օգնություն կհատկացնենք կրթական հաստատություններին»,- ասաց Հայկակ Արշամյանը։
Խոսելով Լիբանանում ապրող մեր հայրենակիցների համար խոշոր նվիրատվություններ անողների մասին՝ Արշամյանը տեղեկացրեց, որ պետությունների մակարդակով ամենաակտիվը Ֆրանսիան է, իսկ հայաստանյան կառույցներից ակտիվ են եղել 4 բանկ, որոնք փոխանցել են մինչև 5 միլիոն դրամ։
«Անհատ մարդիկ էլ կան, որոնք գումար են տալիս. օրինակ՝ Արա Բաբլոյանը. Նա իր անձնական միջոցներից 500 հազար դրամ հատկացրեց մեր դրամահավաքին»,- ասաց Արշամյանը։
Անդրադառնալով հայրենադարձության հարցին՝ Հայկակ Արշամյանը նկատեց, որ Հայաստանի Հանրապետության դռները մշտապես բաց են աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների համար, մենք պատրաստ ենք աշխարհի ցանկացած կետից սրտաբաց ընդունելու նրանց, սակայն կա մի շատ կարևոր հարց.
«Լիբանանում մենք ունենք 25 հազար ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող լիբանանահայ, և նրանց ՀՀ գալը մերժելն անհհնար է լինելու, բայց չէ՞ որ մենք գործ ունենք այնտեղ համայնքի նոսրացման և թուլացման հետ, այնտեղ այդպես համայնքն իր դերը կկորցնի, ինչպես եղավ, օրինակ, Սիրիայի դեպքում, բայց մյուս կողմից, եթե մեր հայրենակիցները չեն կարողանում տվյալ երկրում ապրել, մենք պետք է պատրաստ լինենք նրանց ընդունել և ինտեգրել այստեղ։ Ինտեգրման խնդիրներն էլ ամենադժվարն են, այստեղ պետք է լինի պետական քաղաքականություն, որովհետև ինտեգրման հարցում խնդիրները բազմաթիվ են՝ սկսած կրթությունից, բնակարանի, աշխատանքի խնդրից՝ մինչև մասնագիտության վերապրոֆիլավորում»,- ասաց Արշամյանը՝ նշելով, որ պետական մակարդակով մշակվում է այս հարցերը կարգավորելուն միտված ռազմավարություն։
Հայկակ Արշամյանի հետ խոսեցինք նաև 2018 թվականի քաղաքական իրադարձություններից առաջ և հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամի վարկանիշի մասին։
Մեր զրուցակիցը նշեց, որ 2018 թվականի իրադարձությունները միանշանակ աշխարհով մեկ բարձրացրել են հիմնադրամի իմիջը։ Դիտարկմանը՝ եթե իմիջը բարձրացել է, այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված, որ 2018 թվականից հետո հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնների ընթացքում հավաքվել է շատ ավելի քիչ գումար, քան 2018 թվականի քաղաքական իրադարձություններից առաջ, Հայկակ Արշամյաը նկատեց.
«2015-16-17 թվականներին հիմնադրամը հսկայական միջոցներ է ստացել պետբյուջեից, և եթե այդ թվերը հանեք, կտեսնեք, որ այնպես չէ, որ հիմնադրամի գործունեությունը բարձունքի վրա է եղել։ Բացի այդ, 2019 թվականին մարաթոնի օրը հայտարարված գումարը 2 միլիոն դոլարով ավելացել է ամիսների ընթացքում, որովհետև մարդիկ շարունակում էին նվիրատվություններ անել, իսկ այդ ամբողջ գումարն իրական գումար է եղել, և ոչ թե՝ նվիրատվության խոստում։
Ըստ Արշամյանի՝ կան նվիրատուներ, որոնք 2018 թվականի քաղաքական փոփոխություններից առաջ և հետո նույն ձևով շարունակում են կանգնած մնալ հիմնադրամի կողքին։
«Օրինակ՝ Ռոսաստանից մշտապես մեծ նվիրատվություն է արել Սամվել Կարապետյանը, և նա շարունակում է մնալ հիմնադրամի կողքին քաղաքական փոփոխություննեից հետո էլ։ Իսկ նրա նվրրած գումարով Արցախում շատ կարևոր ծրագրեր ենք անում. Օրինակ՝ կառուցվում է Երիտասարդական պալատ»,- ասաց նա։
Հաշվի առնելով այն, որ ՀՀ նախագահների անձերով պայմանավորված՝ մշտապես եղել են գործարարներ, որոնք հիմնադրամին խոշոր նվիրատվություններ են արել այնպես, ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի անձով պայմանավորված՝ անում էին Քըրք Քըրքորյանն ու Էդուարդո Էռնեկյանը, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում՝ ռուսաստանաբնակ գործարարները, Հայկակ Արշամյանից հետաքրքրվեցինք՝ կան արդյո՞ք խոշոր նվիրատուներ, որոնք մեծ գումար են փոխանցում հիմնադրամին՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի անձով պայմանավորված։
Հարցին ի պատասխան՝ Արշամյանն ընդգծեց.
«Ո՛չ, և դա շատ լավ է, որ այդպես է։ Հիմնադրամը հենց այդ առումով էլ ապաքաղաքական է, և անձով պայմանավորված չէ հիմնադրամին նվիրատվություններ անելը»։
Ինչ վերաբերում է հիմնադրամի ապաքաղաքական լինելուն, ապա Հայկակ Արշամյանից հետաքրքրվեցիք, արդյո՞ք ինքը չի քաղաքականացնում հիմնադրամը, երբ որպես այդ կառույցի տնօրեն՝ իր պաշոնական էջում հրապարակում է, օրինակ, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրամահավաքից լուսանկարներ, կամ իր հարցազրույցներում հայտարարում է, որ հեղափոխության ջատագով է։
«Ո՛չ, չեմ քաղաքականացնում։ Ես 15 տարի պայքարել եմ ՀՀ-ում փոփոխությունների համար և շատ բան եմ զոհել և չեմ փոշմանել։ Չեմ կարծում, որ դա ինչ-որ ձևով նսեմացնում է հիմնադրամի տնօրենի պաշտոնը զբաղեցնելը՝ հատկապես, որ ես ոչ թե նշանակվել եմ այդ պաշտոնում, այլ ընտրվել մրցույթով»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում