Ովքե՞ր կկարողանան լինել հակակոռուպցիոն դատարանի դատավոր. ներկայացնում է Սրբուհի Գալյանը
«Առաջին հերթին՝ պետք է ստեղծվի նախաքննության մարմին, որն իրականացնելու է կոռուպցիոն բնույթի գործերի քննությունը, ինչպես նաև՝ հակակոռուպցիոն դատարան, որը վերջնարդյունքում կքննի այդ հանցագործությունները և կիրականացնի արդարադատություն»,- մասնագիտական հակակոռուպցիոն դատարանի թեմայով քննարկման ընթացքում ասաց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:
Արդարադատության փոխնախարարը փոխանցեց, որ առաջարկվող նախագծով նախատեսվում է ստեղծել Առաջին ատյանի հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան՝ առնվազն 25 դատավորի կազմով, որոնցից 5-ը կքննեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր, իսկ մյուս 20-ը կզբաղվեն կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննությամբ: Ըստ Գալյանի՝ նախատեսվում է նաև ստեղծել վերադաս ատյան՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: Նախատեսվում է նաև Վճռաբեկ դատարանի երկու պալատներում ավելացնել դատավորների մեկ կամ երկու հաստիք:
«Նախագծերի համատեքստում հիմնական շեշտադրումը հետևյալն է. բոլոր դատավորները պետք է ընտրվեն բաց մրցույթի արդյունքում: Այսինքն՝ մենք կազմակերպելու ենք մրցույթ, որի արդյունքում բոլոր դատավորների թեկնածուները կանցնեն այդ ֆիլտրի միջով: Ընդ որում, ֆիլտր ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն՝ մրցութային փուլերը, այլ՝ բոլոր դատավորները պետք է անցնեն բարեվարքության ստուգումով՝ նախապես իրենց կողմից ներկայացված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկի հիման վրա»,- նշեց Սրբուհի Գալյանը:
Հակակոռուպցիոն դատարանում դատավորի պաշտոնի համար հայտարարվող մրցույթին կկարողանան մասնակցել թե՛ գործող դատավորները, թե՛ դատավոր չհանդիսացող անձինք: Մրցույթին չեն կարողանա մասնակցել այն դատավորները, դատախազները, քննիչները, հետաքննության մարմնի ներկայացուցիչները, փաստաբանները, որոնք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, և նրանց նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն: Մրցույթին չեն կարողանա մասնակցել նաև այն դատավորները, որոնց կայացրած դատական ակտով ՄԻԵԴ-ն արձանագրել է մարդու իրավունքների խախտման փաստ:
«Իհարկե, մրցութային փուլն ամփոփելուց հետո ընտրված դատավորներն անմիջապես չեն զբաղեցնելու դատավորի պաշտոնը և Արդարադատության ակադեմիայում անցնելու են հատուկ կուրս, որը կարվի ԲԴԽ-ի, Արդարադատության նախարարության և Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ»,- նշեց Սրբուհի Գալյանը: