Ո՞ր հարցում Փաշինյանի հույսերը չարդարացրեցին «Սասնա ծռերը»

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ընթանում էր «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։

Տարիներ տևած դատավարությունից հետո երեկվա դատական նիստում այդ գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը հրապարակեց այս քրեական  գործով մեղադրող դատախազների մեղադրական ճառը։

Մեղադրանքի կողմը պահանջեց խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):

Այսպիսով՝ մեղադրողը միջնորդեց Արեգ Կյուրեղյանին, Էդվարդ Գրիգորյանին պատիժ նշանակել 8,6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8,9 ամիս, Սեդրակ Նազարյանին՝ 9 տարի, Մխիթար Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս, Վարուժան Ավետիսյանին՝ 8,9 ամիս, Պավել Մանուկյանին՝ 9 տարի, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկում։

Դատական նիստից հետո դատախազ Պետրոս Պետրոսյանը, ով, ի դեպ, շատերի կարծիքով, բավականին հիմնավոր ապացույցներով հագեցած մեղադրական  ճառ ընթերցեց, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ բացարձակապես անմեղ 3 ոստիկանի սպանության համար միջնորդել ենք համաչափ պատժաչափեր:

Երեկվա դատական նիստից հետո, սակայն, թե՛ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների և թե՛ նրանց աջակիցների ու համակիրների հռետորաբանությունը, մեղմ ասած, բավականին կոշտացել է ու ակնհայտ է, որ վերջիններս միգուցե թեև սպասում էին կոշտ մեղադրական ճառի, բայց վերոնշյալ պատժաչափերը նրանց համար անկասկած, սառը ցնցուղի էֆեկտ ունեցան:

Ու հենց այդ շոկային իրավիճակում էր, որ նրանք ակամայից բացահայտեցին իրենց մտադրությունները, այն է՝ պայքարել գործող իշխանության դեմ, ում համարում են այս պատժաչափերի մեղավորը, իսկ Նիկոլ Փաշինյանին ըստ էության՝ պատվիրատու:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները, թերևս, մոռանում են, որ 3 ոստիկանի կյանք են խլել, որ տևական ժամանակ պարալիզացրել են երկրի ու մասնավորապես՝ մայրաքաղաքի բնականոն կյանքը, չեն պատասխանում այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրավելուց հետո նրանց հաջողվեր դուրս բերել այնտեղի զինանոցում եղած զենքերն ու բաժանել իրենց համակիրներին, և ի՞նչ քաոս կտիրեր այդ ժամանակ մայրաքաղաք Երևանում: Դա դեռ մի կողմ, գոնե պատասխանեին՝ ի՞նչ կապ ուներ ՊՊԾ գնդի՝ իրենց կողմից թալանված բանկոմատը «վեհ» գաղափարների համար ապստամբելու իրենց իրավունքի հետ:

Որպես վահան՝ նրանք ասում են, որ օգտվել են ապստամբելու իրենց իրավունքից, որ իրենք մարդ չեն սպանել, իսկ այդ 3 ոստիկաններին պետք է դիտել որպես զոհեր, որովհետև պատերազմում զոհերն անխուսափելի են: Կարճ ասած՝ պահանջում էին իրենց դատել պատերազմական օրենքներով:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դատախազական ճառում բազմադրվագ ու հանգամանալից ապացուցված էր խմբի մասնակիցներից յուրաքանչյուրի կատարած հանցանքը, մեղսակցությունը կոնկրետ դրվագին, չխոսենք նաև այն մասին, որ բարոյականության դաշտում անգամ նրանք տանուլ են տվել՝ որևէ անգամ ներողություն չխնդրելով իրենց կատարածի համար իրենց կողմից սպանված 3 ոստիկանների ընտանիքի անդամներից ու հարազատներից, բայց հետաքրքիր է՝ ինչպե՞ս էին նրանք պատկերացնում իրադարձությունների զարգացումը:

Թերևս մտածում էին պրծնել մանր-մունր պատժաչափերով, որոնք այս տարիներին արդեն մարված կլինեին, ու վերջիններիս համոզմամբ՝ իրենք, ինչպես ասում են, երբեք էլ վանդակավոր արև չէին տեսնի:

Միգուցե և նրանք ունեին այդ իրավունքը, որովհետև երբ իշխանափոխությունից հետո զանգվածաբար փոխվում են «Սասնա ծռերի» խափանմա միջոցներն, ու նրանք հայտնվում են ազատության մեջ, երբ կառավարության շենքում կառավարության ղեկավարը ընդունում է զինված խմբի անդամներին՝ դրանով իսկ լեգիտիմացնելով նրանց գործողությունները, իսկ վերջիններս էլ այդ հանդիպումից անմիջապես հետո գրանցում են համանուն կուսակցությունն ու իրենց անվերապահ աջակցությունը հայտնում կառավարությանն ու վարչապետին, ապա մասնակցում խորհրդարանական ընտրություններին, նրանցից յուրաքանչյուրն էլ քարտ-բլանշ ունենալու վստահություն կարող էր ունենալ:

Թե ի՞նչ պատահեց հետո, ինչո՞ւ բեկվեցին վարչապետ Փաշինյանի ու Ծռերի ուղիները, ինչ չկիսեցին, թերևս միայն իրենք կիմանան, սակայն ակնհայտ էր, որ այդ հանդիպումից հետո զինված խմբի անդամներն առնվազն հույս ունեին իրենց՝ դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող երկու ընկերներին՝ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին, ազատության մեջ տեսնել:

«Սերժ Սարգսյանի ժամանակ նրանք գտնվում էին բանտախցերում, մեր իշխանության ժամանակ նրանք ազատության մեջ են: Նրանք որևէ բարոյական իրավունք չունեն համեմատել և նույնականացնել մեր իշխանությունը Սերժ Սարգսյանի ժամանակվա իշխանության հետ, որովհետև անձամբ ինքս եմ եղել այն մարդկանցից, որոնք երաշխավորագիր են ստորագրել հեղափոխությունից անմիջապես հետո (ներողություն, չեմ կարող հիշել՝ ում համար եմ տվել, կարծեմ 2 հոգու համար եմ տվել), որպեսզի նրանք հայտնվեն ազատության մեջ: Ազատության մեջ վերադառնալուց հետո արդեն մենք որևէ ձևով դատական իշխանությանը չենք կարող խոչընդոտել կամ ուղղություն տալ: Կա դատական իշխանություն, կա քրեական գործ, տեղի է ունենում դատավարություն, եթե դատարանը որևէ վճիռ կկայացնի, մենք դրանից ավել որևէ բան անել չենք կարող: Բայց նորից եմ կրկնում՝ նրանք որևէ բարոյական իրավունք չունեն համեմատել և նույնականացնել մեր իշխանությունը նախորդ իշխանության հետ, որովհետև նախորդ իշխանության ժամանակ նրանք բանտախցերում էին, իսկ այժմ գնում են հարցազրույցների, քննադատում են մեզ»,-այսօր հարցազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Նույն ինքը՝ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը՝ «թավիշի» շնորհիվ ԱԺ պատգամավոր դարձած երբեմնի դերասանը, որ չի հիշում նույնիսկ, թե «Սասնա ծռերից» որ մեկի համար էր երաշխավորագիր տվել:  Ինչը նշանակում է, որ իրեն հրահանգվել է երաշխավորագիր ստորագրել: Բնականաբար, փեսայի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Պետք է ասել, որ նա բավականին անկեղծ էր. այո, Ծռերը նախորդ իշխանությունների ժամանակ բանտախցում էին, նախորդների ժամանակ դատարանները ՊՊԾ գունդը գրավածների, բանկոմատ թալանողների, պետական գույքը ջարդուփշուր անողների, մարդասպանների խափանման միջոցը չէին փոխում, իրենք դա արել են, ու սա Հրաչյա Հակոբյանը կարծես թե որպես ձեռքբերում է ներկայացնում, ուրեմն ինչո՞ւ նույն այդ Ծռերը չպետք է նեղսրտեն, որ բոնուսները ամբողջական փաթեթով չեն տրվում…

Ավարտելով խոսքը՝ Փաշինյանի աներորդին նշում է, որ Ծռերին դատում է նոր Հայաստանի արդարադատությունը, և ինքն այս թեմայով ավելացնլու ոչինչ չունի:

Ինչ է փոխվել այսօր, ինչու որոշեց Փաշինյանը հետ կանգնել իր նախկին դիրքորոշումից: Ինչից է վախենում Փաշինյանը և որ հարցում նրա հույսերը չարդարացրեցին «Սասնա ծռերը»:

 

Տեսանյութեր

Լրահոս