Ինչքան փող ենք տարեկան ներարկում Թուրքիայի տնտեսության մեջ և դեռ ինչքա՞ն պիտի ներարկենք

Ամեն անգամ, երբ սրվում են հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները, հիշում ենք թուրքական ապրանքների սպառումից հրաժարվելու մասին։ Հիշում ենք, սակայն այդպես էլ ոչինչ չենք անում դրա համար։

Անցնում է որոշ ժամանակ ու կրկին ամեն ինչ մոռացության ենք մատնում՝ շարունակելով մեծ ծավալներով ֆինանսավորել մեր թշնամու տնտեսությունը։

Ներմուծումների տեսքով Հայաստանը Թուրքիայի տնտեսության մեջ կատարում է տարեկան 200-ից մինչև 300 մլն դոլարի ներդրումներ։  Օրինակ՝ անցած տարի այն կազմեց 268 մլն դոլար։ Այս տարի ներմուծումները նվազել են։ 5 ամիսների տվյալներով՝ ունենք շուրջ 77 մլն դոլարի ներկրումներ, ինչը 21 միլիոնով կրճատվել է։ Բայց այնպես չէ, որ հրաժարվել ենք թուրքական ապրանքների սպառումից։ Պարզապես իր հետքն է թողել տնտեսական ճգնաժամը, ինչը կրճատել է պահանջարկը։ Եվ ոչ միայն թուրքական, այլև ներմուծվող բազմաթիվ ապրանքների նկատմամբ։

Առաջին դեպքը չէ, որ այդպես է լինում։ Տնտեսական ճգնաժամերը միշտ էլ թողնում են իրենց ազդեցությունը ներմուծումների վրա՝ կլինի Թուրքիայից թե այլ երկրներից։ Տնտեսության վերականգնման ու պահանջարկի ավելացմանը զուգահեռ՝ կրկին ավելանում են ներմուծումները։

Այս պահին թուրքական ապրանքների ներկրումների կրճատում ունենք։ Բայց ժամանակի ընթացքում ներմուծման ծավալներն ավելանալու են, եթե պիտի այսպես շարունակենք պայքարել Թուրքիայի տնտեսության մեջ ներարկումներ իրականացնելու արատավոր երևույթի դեմ։

Զավեշտալին այն է, որ դա տեղի է ունենում 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների իսպառ բացակայության պայմաններում։ Դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, բայց թուրքական ապրանքների պակաս Հայաստանում չկա։ Ներկրում ենք հազար ու մի տեսակի ապրանք։ Դրանց տեսականին հայկական շուկայում հասնում է ընդհուպ 7-8 հարյուրի։ Սկսած սննդամթերքից, վերջացրած տնտեսական ու կենցաղային ապրանքներով։

Որքան շատ ենք ներմուծում թուրքական ապրանքներ, այնքան ավելի շատ ենք ներդրումներ կատարում այդ երկրի տնտեսության մեջ։ Դրանից ազատվելու միակ տարբերակն այդ ապրանքներին փոխարինողներ գտնելն է։ Եվ, որ ավելի կարևոր է, տեղական արտադրության կազմակերպման միջոցով։

Ապրիլյան պատերազմից հետո այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվեցին։ Պետական մակարդակով՝ հանձին էկոնոմիկայի նախարարության, կատարվեցին ուսումնասիրություններ, ընտրվեց շուրջ 5 տասնյակ ապրանքատեսակ, որոնք առաջին փուլում պիտի փոխարինեին թուրքականին։ Դրանք այն ապրանքներն էին, որ չունեին սոցիալական նշանակություն։

Կառավարությունը մտադիր էր փոխարինումը կատարել ոչ թե մաքսային ռեժիմների խստացման, այլ տեղական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու միջոցով։

Սակայն շուտով ամեն ինչ մոռացվեց և անցավ պատմության գիրկը։ Արդյունքում՝ թուրքական ապրանքները շարունակեցին անարգել հոսել Հայաստանի սպառողական շուկա՝ սպառնալիքներ ստեղծելով նաև մեր երկրի ազգային անվտանգության համար։

Ոչինչ չփոխվեց նաև իշխանափոխությունից հետո։ Ներմուծումը, այդ թվում՝ թուրքական ներմուծումը տեղական արտադրանքով  փոխարինելու ուղղությամբ՝ անցած 2,5 տարվա ընթացքում ոչինչ չի արվել։ Ինչպես այլ տեղերում, այնպես էլ այստեղ կառավարությունը հավանաբար հույսը դրել է տնտեսության ոլորտի մասնակիցների ինքնագիտակցության վրա և մի կողմ քաշվել։ Արդյունքում՝ ունենք առևտրային հարաբերությունների այնպիսի մի հսկայական ճեղք, որի մասին նույնիսկ խոսելն է զավեշտալի. թուրքական ներմուծումն անցած տարի 121 անգամ գերազանցել է արտահանմանը։

Տարբերությունն ավելի է խորացել այս տարվա առաջին 5 ամիսներին։ Հիմա արդեն այն անցնում է 250 անգամից։

Անցած տարի Հայաստանից Թուրքիա է արտահանվել ընդամենը՝ 2,2 մլն դոլարի, այս տարվա առաջին 5 ամիսներին՝ 308 հազար դոլարի ապրանք։

Փոխարենը՝ անցած տարի բերել ենք՝ 268 մլն դոլարի, այս տարվա առաջին 5 ամիսներին՝ 77 միլիոնի ապրանք։

Ի տարբերություն թուրքականի, հայկական ապրանքները Թուրքիայի շուկայում պարզապես տեղ չունեն։ Թուրքիան շատ ամուր փակել է իր մաքսային սահմանը հայկական ապրանքների համար՝ կիրառելով տնտեսական գործունեության համար անհամատեղելի բարձր մաքսատուրքեր։

Նույնիսկ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամությունը խոչընդոտ չեղավ դրա համար։ Բարձր մաքսատուրքերը պահպանվեցին՝ խոչընդոտներ ստեղծելով թուրքական շուկայում հայկական ապրանքների մուտքի համար։

Փոխարենը՝ մեր շուկայում դրանք ազատ ներմուծման և իրացման հնարավորություններ ունեն։ Այսօր էլ այդ հնարավորությունները պահպանվում են։

Բայց այս պահին դա չէ կարևորը։ Կարևորն այն է, թե ինչ կարելի է անել փակելու հայկական կապիտալի հաշվին Թուրքիայի տնտեսության մեջ իրականացվող հսկայական ներդրումների ճանապարհը և քայլեր կատարելու հայկական շուկան թուրքական ապրանքներից հնարավորինս պաշտպանելու համար։

Փաստն այն է, որ թե՛ մեկ, և թե՛ մյուս առումով բացարձակ ոչինչ չի արվում։

Ու դա նշանակում է, որ ոչինչ էլ չի փոխվելու։ Թուրքական ապրանքները շարունակելու են անարգել գրոհել հայկական շուկան, նաև խոչընդոտներ ստեղծել տեղական արտադրանքի համար։ Ոչ մի նշանակություն չունի, որ թուրքական սպառնալիքները Հայաստանի նկատմամբ վերջին շրջանում ավելի են ահագնացել։

Իշխանությունների քաղաքականությունը ներմուծման փոխարինման ուղղությամբ, եթե, իհարկե, կա նման քաղաքականություն, ձախողված է։ Խոսվում է արտահանման միտվածության տնտեսություն կառուցելու մասին, բայց այդպիսի տնտեսություն կառուցելու հիմքերը չեն երևում։ Պատահական չէ, որ արտաքին շուկաներում մեր տնտեսության դիրքերը մի բան էլ թուլանում են։

Եվ, որ շատ ավելի վատ է, թուլանում են նաև ներքին շուկայում։ Դա չափազանց մտահոգիչ երևույթ է, որը խորանալու դեպքում կարող է լուրջ սպառնալիք դառնալ երկրի տնտեսական անվտանգությանը։

Արտաքին ու ներքին շուկաներում մրցակցությանը դիմանալու համար Հայաստանի տնտեսությունն արտադրողականության բարձրացման կարևոր խնդիր ունի լուծելու։ Բայց դրա համար ներդրումներ են պետք, որոնք չկան։ Ու մինչ չկան ներդրումներ, մի բան էլ եղած ռեսուրսներն ուղղում ենք թշնամու տնտեսությունը հզորացնելուն։

 ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս