«Մենք պատրաստվում ենք այդ ամենը բողոքարկել նաև դատական կարգով». Արծվիկ Մինասյանը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի դատավորների նոր թեկնածուներին։

Ըստ նրա՝ ամեն ինչ ակնհայտ է՝ այն, ինչ տեղի է ունեցել ՍԴ-ի հետ՝ զավթման գործողություն է, որը ենթակա է քրեաիրավական գնահատման։
«Վաղ թե ուշ  այն ապօրինությունները, որոնք իրենք թույլ են տալու կամ անտեսելու են օրենսդրական պահանջները, պատասխանատվություն են կրելու։ Գալու է արդարադատության պահը։

Ըստ էության, եթե արդեն համալրվում է Սահմանադրական դատարանի կազմը՝ ապօրինի հեռացված դատավորների փոխարեն, սա նշանակում է՝ ավելի են խորացնում երկրի հակասահմանադրական ընթացքը, որը վայրկյան առաջ պետք է կասեցվի։ Մենք համոզված ենք, որ համախմբված և հետևողական աշխատանքը կարող է կասեցնել այդ ընթացքը»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Նա ընդգծեց, որ խոսքն ամենևին էլ դատավորների առաջադրված թեկնածուների մասին չէ, բայց որ ապօրինի հեռացված դատավորի փոխարեն փորձում են բերել իշխանության նախընտրելի թեկնածուին՝ ի սկզբանե անընդունելի է։

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաև արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու Կառավարության մտադրությանն ու առաջիկայում կայացվելիք որոշմանը։

Դեռևս նախորդ անգամ, երբ երկարաձգվում էր արտակարգ դրությունը, ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցության աշխատանքային խումբը դեռևս նախորդ ամսվա արտակարգ դրության երկարաձգման ժամանակ բավականին ակտիվ աշխատել էին, պատրաստել նախագիծ, և ԲՀԿ պատգամավորներն ԱԺ-ում ներկայացրեցին այն։

«Մենք տեսանք իշխող ուժի վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ, շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները։ Ինչպես այն ժամանակ էինք հայտարարել,  եթե կմերժվի, մենք պատրաստվում ենք այդ ամենը բողոքարկել նաև դատական կարգով։  Մենք այդ հնարավորությունը հիմա պահպանում ենք, առաջիկայում ավելի հստակ կերևա, թե ինչ է նախատեսվում։ Մեր աշխատանքային խմբով քննարկել ենք նաև դիմակ չկրելու և ոչ պատշաճ կրելու համար ոչ իրավաչափ վարքագիծը՝ իշխանությունից ու  ոստիկանությունից սկսած, որոնք կիրառել են տուգանքներ մեր քաղաքացիների նկատմամբ։ Մենք սա համարել ենք ոչ իրավաչափ, իհարկե, ոչ բոլոր դեպքերում։ Որպեսզի մեր այս գործողությունները չմանիպուլյացնեն, ասենք, որ մենք ոչ միայն դեմ չենք հակահամաճարակային կանոնները հստակ իրացնելուն և պահպանելուն, այլ կողմ ենք և խրախուսում ենք։  Բայց ոչ թե «աչք վախեցնելով» փորձեն ամենավատ և ամենաստորացուցիչ գործողությունները»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ արտակարգ դրության երկարաձգման հետ կապված՝ ունեն օբյեկտիվ մտահոգություններ, քանի որ արտակարգ դրության հավերժական և շարունակական երկարաձգումն ունի որոշակի ենթատեքստ։

«Պետք է ևս մեկ անգամ վերահաստատեմ, որ որևէ դեպքում մեր ազգաբնակչության առողջությունը չի կարող երկրորդական լինել ցանկացած գաղափարի կամ նախաձեռնության, սակայն այս գործընթացներն առաջացնում են օբյեկտիվ կասկածներ։ Արտակարգ դրության հետ միայն այս խնդիրները չեն գալիս, երբ մարդիկ զրկված են լինում, այսպես ասած, ազատ կամարտահայտման իրավունքից։ Հետհեղափոխական Հայաստանում, որտեղ պետք է 100 տոկոսով ապահովված լիներ մարդկանց ազատ խոսքի իրավունքը, իրականությանը չի համապատասխանում՝ հաշվի առնելով արտակարգ դրության հավերժական երկարաձգումը»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ որոշել են մեկ ամսով ևս երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։

Տեսանյութեր

Լրահոս