Բաժիններ՝

Լիլիթ Մկրտչյանը հերքում է Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի մասնակցելու լուրերը

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային թիմի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ, դասախոս, ուսուցիչ, դասավանդման 18 տարվա աշխատանքային փորձ ունեցող Լիլիթ Մկրտչյանն առցանց ասուլիսի շրջանակում շեշտեց, որ ինքը չի մասնակցել Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի: Մկրտչյանը մասնակցել է ծրագրի, որին նաև թուրք մասնագետներ են ներգրավված եղել: Այս մասին Մկրտչյանն ասաց օգոստոսի 4-ին կայացած առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով մի շարք պատմաբանների՝ իրեն ուղղված քննադատությանը:

Ըստ մասնագետների՝ Լիլիթ Մկրտչյանը համագործակցում է թուրք պատմաբանների հետ: Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշել էր, որ Մկրտչյանն իր անուն-ազգանունը, ստորագրությունն է թողել «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» աշխատության տակ, որում Հայկական լեռնաշխարհն Արևելյան Անատոլիա կամ Կովկաս է ներկայացված:

Նա մտահոգություն էր հայտնել, որ Լիլիթ Մկրտչյանը, որը այդ աշխատության հեղինակներից մեկն է, այժմ չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար է:

«Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին և նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե մենք այսօր ավելի օգտակար աշխատություն ունենայինք, և ես դրա համար շնորհակալ կլինեի նրանց»,- առցանց ասուլիսում նշեց Մկրտչյանը:

Անդրադառնալով աշխատության մեջ Հայկական լեռնաշխարհն Արևելյան Անատոլիա կամ Կովկաս ներկայացնելուն՝ Մկրտչյանն ասաց, որ դա ոչ թե հակահայկական, այլ գիտական երևույթ է: «Եթե գիտությունը դեմ է հայկականությանը, նշանակում է՝ մենք, որպես Հայաստանի գիտնականներ, այդտեղ անելիք ունենք, որովհետև հայկական իրականությունից դուրս համաշխարհային պատմագիտական միջավայրում Հայկական լեռնաշխարհը հենց այդ տերմինաբանությամբ է օգտագործվում»,- շեշտեց նա ու հավելեց, որ այլ բան է, որ իրենք՝ պատմաբաններն ու գիտնականները, պետք է աշխարհի հետ երկխոսեն ու աշխարհին ցույց տան, որ նրանց ասած Անատոլիա հատվածը Հայկական լեռնաշխարհն է, և կիրառության մեջ մտնի Հայկական լեռնաշխարհ տերմինաբանությունը, ոչ թե Անատոլիան:

Լիլիթ Մկրտչյանն ասաց, որ չի կարող իր վրա վերցնել բոլոր պատմաբանների մեղքը: Ըստ նրա՝ հայ պամական միտքն ու հայագիտությունը վերոնշյալ հարցում շատ անելիք ունեն, այսինքն՝ աշխարհին մեր տեսնակյունից մեր պատմության դրսևորումները ներկայացնելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս