«Բարձր տեխնոլոգիական զենքերը և զինատեսակները չեն կարող ամբողջությամբ ապահովել այն խնդիրները, որոնք դրված են զինված ուժերի առջև». փորձագետ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավարությունը դեռևս ամիսներ առաջ պնդում էր, որ ռազմարդյունաբերության ոլորտում գրանցված հաջողությունները հիմք են ստեղծել զարգացնելու տեխնոլոգիատար և գիտատար ապառազինությունը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր, ռոբոտացված համակարգեր, լազերային միջոցներ, ինժեներական տեխնիկա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաև կապի, օպտիկական և օպտիկաէլեկտրոնային սարքեր:

Վերջին օրերին փաստեր հրապարակվեցին տեղական արտադրության ականանետերի, ԱԹՍ-ի հետ կապված: Իսկ ավելի վաղ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանագոտում հուլիսյան գործողությունների շրջանակում Ադրբեջանի կողմից կիրառած «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը խոցվել է հայ ինժեներների կողմից մոդեռնիզացված «Օսա» զենիթահրթիռային համակարգի միջոցով, և, որ ՀՀ-ում մշակված և արտադրված հարվածային ԱԹՍ-ի միջոցով նաև հակառակորդի տանկ է խոցվել:

Այս ամենը հանրագումարի բերելով՝ կարո՞ղ ենք խոսել ռազմարդյունաբերություն ունենալու մասին, ավելին, ենթադրել, որ այն կարող է առաջիկա տարիներին լինել տնտեսության նշանակալի ճյուղ:

168.am-ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն ասաց, որ իրականում խոսքը հիմնականում ռազմական արդյունաբերության մեկ ճյուղի մասին է, որն ավելի շատ կապված է բարձր տեխնոլոգիաների հետ։

– Կարծում եմ, գաղտնիք չէ, որ Հայաստանում այդ ճյուղը զարգացման բավականին բարձր մակարդակի վրա է, և այն, որ ռազմական արդյունաբերության մասին խոսելիս հիմնականում հիշատակվում են ԱԹՍ-ները, ռոբոտացված համակարգերը, լազերային միջոցները, դրա արդյունքն է։ Սակայն ռազմական արդյունաբերությունն ունի նաև այլ ճյուղեր, որոնք նույնպես կարևոր են, քանի որ բարձր տեխնոլոգիական զենքերը և զինատեսակները չեն կարող ամբողջությամբ ապահովել այն խնդիրները, որոնք դրված են զինված ուժերի առջև։

Նախարարության ղեկավարությունը դեռևս տարեսկզբին հայտարարեց նաև, որ նախատեսում է բարձրացնել ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գիտական մակարդակը, ապահովել նորագույն ու բարձր տեխնոլոգիաների խորը ներթափանցումը ռազմարդյունաբերության ոլորտ և դրա շնորհիվ կտրուկ բարձրացնել հայրենական ռազմական ապրանքների մրցունակությունը միջազգային շուկաներում: Ըստ Ձեզ` հայկական ռազմական արտադրանքն ի՞նչ կերպ կարող է մրցունակ լինել դրսի շուկայում, ի՞նչ տեսակ արտադրանքը:

– Այս թեմայի մասին ես բազմիցս խոսել եմ և նորից պիտի ասեմ, որ ռազմական արդյունաբերությունը պետք է հիմնվի ռազմական գիտությունների վրա։ Առաջին հերթին՝ ռազմարվեստի վրա, քանզի ռազմարվեստի գիտական ուսումնասիրության արդյունքում են սահմանվում զինված ուժերի խնդիրները, և այդ խնդիրների կատարման համար անհրաժեշտ սպառազինության տեսակների արտադրությամբ էլ պետք է զբաղվի ռազմական արդյունաբերությունը։

– Վերջերս ՀՀ-ում բացվեց «Կալաշնիկովի» գործարանը. սկզբում հավաքելու են ԱԿ-103 ինքնաձիգներ, ի դեպ, արդեն իսկ ՀՀ ԶՈւ-եր մատակարարվել է դրանք: Նախատեսվում է նաև փամփուշների արտադրություն, գիշերային տեսադիտարկման սարքերի, ինչպես նաև` ավտոմեքենաների և զրահատանկային տեխնիկայի կապիտալ վերանորոգում: Ճիշտ է` թվարկվածը «Նեյտրոն» գիտաարտադրական միավորում» ընկերության նախաձեռնություններն են` ռուսական ընկերությունների հետ համագործակցությամբ, այնուամենայնիվ, սա չի կարող դերակատարում չունենալ հայկական ռազմարդյունաբերության գործում: Այս համատեքստում  ինչպե՞ս պիտի աջակցի պետությունը ռազմական արտադրանք թողարկող ընկերություններին, որոնք գուցե չունեն այնքան մեծ ռեսուրսներ և կարողություններ, կապեր:

– Իհարկե, ողջունելի է այն, որ մենք ունենալու ենք նմանատիպ գործարաններ և կարող ենք համարել, որ սա առաջին քայլն է։ Սակայն ռազմական արդյունաբերությունն այնպիսի սպառազինության և զինատեսակների արտադրությունն է, որը ոչ միայն բավարարում է քո զինված ուժերի կարիքները, այլև հանդիսանում է արտահանվող արտադրություն։

Պետության աջակցությունը կարող է լինել բազմավեկտոր՝ սկսած հարկային արտոնություններից՝ մինչև այն, որ հենց պետությունն է հանդիսանալու խոշորագույն պատվիրատու։ Իսկ այս դեպքում ոչ խոշոր և ռեսուրսների պակասություն ունեցող ընկերությունները, ունենալով պետական աջակցությունը, կարողանալու են զարգանալ արագ տեմպերով, ինչի արդյունքում մոտ ապագայում հիմնականում հնարավոր կլինի գործել ինքնուրույն։

Տեսանյութեր

Լրահոս