Աննա Վարդապետյանի և Ռուստամ Բադասյանի հարաբերությունները լարվել են
Մեր տեղեկություններով, վերջին շրջանում բավական լարվել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և վարչապետի օգնական, Բադասյանի նախկին տեղակալ Աննա Վարդապետյանի հարաբերությունները:
Հիշեցնենք, որ վերջինս եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի, նախկին նախարար Դավիթ Հարությունյանի օգնականը, Արտակ Զեյնալյանի տեղակալը, որին փոխարինելուց հետո Բադասյանը հեռացրեց Վարդապետյանին:
Կարճ ժամանակ անց նա հայտնվեց վարչապետի օգնականի պաշտոնում և սկսեց համակարգել դատական համակարգը և իրավապահը ոլորտը:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ փաշինյանական զանգովի արդարադատությունը հասել է այնտեղ, որ քաղաքական պատվերները պատվով կատարելու համար Վարդապետյանը ինքն է գրում քննիչների որոշումները, զեկուցում ու փոխանցում կալանքի ցուցումները և այլն:
Նա ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանի հետ տանդեմ է դարձել ընդդեմ Բադասյանի, և ըստ լուրերի՝ տեղյակ է բոլոր օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների բովանդակությունից, անհնազանդներին սպառնում է անձնական բնույթի տեղեկատվության արտահոսքով և այլն:
Փաշինյանի վստահությունը վայելող Բադասյանին այս ամենն, անկասկած, դուր չի գալիս, սակայն առայժմ նա չի կարողանում միանձնյա ազդեցություն ձեռքբերել դատական համակարգում և «գույքագրում» է Վարդապետյանի ակնհայտ հանցավոր գործունեությունը, որի մասին շատ են սկսել խոսել իրավապահ համակարգում: