Արտարժութային ռեզերվները, որ «պարծենում էինք»՝ ավելացրել ենք 2019թ., հիմա օգտագործվում են նաև՝ արտարժույթի փոխարժեքը պահելու համար. Տնտեսագետ
Օրերս ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում անդրադառնալով լրագրողի հարցին, թե՝ կա՞ արդյոք դրամի արժեզրկման ռիսկ՝ նշել է, որ ոչինչ չի բացառում՝ ո՛չ դրամի արժեզրկում, ո՛չ արժևորում, ըստ նրա՝ դա կորոշեն շուկայական ուժերը:
ԿԲ նախագահը նաև տեղեկացրել էր, որ հետաքրքիր արձանագրում են արել. «Արդյունաբերության անկման տեմպերը, որ, մեր կանխատեսումներով՝ պետք է լինեին ավելի շատ, ավելի թույլ են, ինչը նաև կապված է մեր էքսպորտի թվերի հետ ու հանքահումքային արդյունաբերության հետ»:
Մարտին Գալստյանը նաև նշել էր, որ սպասվածից թույլ է եղել նաև տրասնֆերտների անկումը:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց, որ, թեև պաշտոնական վիճակագրությունն ունի մի քանի դրական միտումներ, այդուհանդերձ, տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում է կրճատվել։
«Այս վեց ամսվա ընթացքում արդյունաբերության ոլորտում, թեև դժվար է պատկերացնել, բայց պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է ոչ թե համախառն ծավալի կրճատում, այլ ընդհակառակը՝ աճ, բայց մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը պայմանավորված չէ միայն արդյունաբերության ոլորտով. այնտեղ էապես կրճատվել են առևտրի ծավալները, ծառայությունները, շինարարության ոլորտը, արտահանումը, այսինքն՝ արտահանումից արտարժութային մուտքերը ևս կրճատվել են, կրճատման միտում ունեն նույն օտարերկրյա տրասնֆերտները:
Այստեղ ակնհայտ է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հավաքական իմաստով կրճատվել է մոտ հինգ տոկոսով: Եթե այս տեմպերով գնանք, տարին կփակենք ՏԱՑ-ի մոտավորապես երկնիշին մոտ նվազմամբ, և սա չի կարող չազդել ազգային արժույթի փոխարժեքի վրա բացասական իմաստով»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե ԿԲ նախագահը նշել էր, որ սպասվածից քիչ են նվազել տրանսֆերտները, տնտեսագետն արձագանքեց.
«Սպասվածից քիչ նվազելն այդքան էլ հասկանալի չէ, որովհետև փաստացի նվազում է, ինչն ինքնին արդեն խնդրահարույց է: Եվ երկրորդը՝ պատճառները վերացված չեն այդ նվազման, որը նորից առանձին խնդրահարույց գործոն է: Մեր տրանսֆերտների գրեթե երեք քառորդը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից, և այս տարի արտագնա աշխատանքի մեկնողները, ժամանակավոր աշխատանքներում ներգրավվողները հիմնականում չեն գնացել, և, բնականաբար, մենք չենք կարող նաև սպասել այդ մարդկանց կողմից ուղարկվող տրասնֆերտների բաժինը: Սա միանշանակ ճնշում է փոխարժեքի վրա:
Ըստ էության, այս ճնշումները կան, և ԿԲ-ն իրականացնում է արժութային ներխուժումներ՝ ինտերվենցիաներ, այսինքն՝ վաճառում է արտարժույթ, որպեսզի կարողանա փոխարժեքը որոշակի շրջանում պահել: Եթե չլինեին այս կարգավորումները, մենք կունենայինք փոխարժեքի ավելի մեծ տատանումներ»:
Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ՝ դա արվում է, որովհետև փոխարժեքն ուղիղ ազդեցություն ունի դրամով արտահայտված գների վրա, իսկ գների կարգավորումը ԿԲ-ի սահմանադրական պարտավորություններից է.
«Ներմուծվող ապրանքների գները, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գները, ուղիղ կախված են նաև փոխարժեքից: Հիմնական գործիքն այստեղ վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, և երկրորդը՝ ինտերվենցիաներն են՝ ուղիղ ներխուժումները շուկա՝ առքի-վաճառքի ձևով:
Եվ այն արտարժութային ռեզերվները, որ մենք «պարծենում էինք»՝ հավաքել ենք-ավելացրել ենք 2019 թվականին, փաստացի, դրանք հիմա օգտագործվում են նաև արտարժույթի փոխարժեքը պահելու համար»:
Հիշեցնենք, դեռ մարտ ամսին՝ կառավարության արտահերթ նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա, այն է՝ 2 մլրդ 800 մլն դոլարից ավելի: «Նախորդ տարի Հայաստանի Կենտրոնական բանկը շուրջ 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել»,- ասել է վարչապետը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, իրացվելիության մակարդակը՝ բարձր»: