«Պետությունը պետք է ոչ ստանդարտ լրացուցիչ գործադրումներով լուծի պարենային ապահովման հարցը, ինչն ուղիղ կապ ունի առաջին անհրաժեշտության ապրանքների գների հետ». Տնտեսագետ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն օրերս մամլո ասուլիսում տեղեկացրեց, որ շարունակում են իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն, որը բխում է ՀՀ քաղաքացիների շահից: Նրա կարծիքով՝ 10 տարի առաջ ՀՀ-ում ոչ ոք չէր կարող ենթադրել, որ քաղաքացիների զգալի մեծամասնությունը կկարծեն, որ ՀՀ-ում գնաճը ցածր է. Մ. Գալստյանը դա համարում է ձեռքբերում:
«Կանխատեսումների համաձայն՝ տարեվերջին մեր գնաճը կլինի 1.9 տոկոսի կարգի՝ 1.7-2 տոկոսի շրջանակներում, որը մեր թիրախի ներքին շեմին մոտ թիվ է»,- ասել էր ԿԲ նախագահը:
Ի դեպ, նա նաև հայտնել էր, որ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ ՀՀ տնտեսության վրա չեն եղել և չեն ակնկալվում:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԿԲ կանխատեսումներին՝ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը մի քանի կարևոր դիտարկումներ արեց, որոնք չէին արտացոլում Կենտրոնական բանկի լավատեսությունը: Ըստ տնտեսագետի՝ մենք այդպիսի կանխատեսումներով չպետք է հանգիստ լինենք, որովհետև առաջին անհրաժեշտության ապրանքների գների փոփոխությունը շատ ավելի կարևոր է սոցիալական ազդեցության տեսանկյունից, քան միջին գնաճը.
«Ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները շատ ավելի արագ են բարձրանում, քան ընդհանուր գների մակարդակը, և հաջորդը՝ ընդհանուր առմամբ պարենային ապահովման խնդիր կա այսօր գլոբալ առումով՝ համաշխարհային տնտեսության առումով: Վերջինը պայմանավորված է հատկապես Covid 19-ի հետևանքներով, և այստեղ յուրաքանչյուր երկիր առնվազն պետք է խստացնի և ավելի շեշտադրի պարենային ապահովության հարցերը գոնե միջնաժամկետում, որովհետև համավարակն այս պահին հաղթահարված չէ, պարզ չի՝ դա երբ տեղի կունենա և, վերջին հաշվով՝ ինչ հետևանքներ կթողնի համաշխարհային տնտեսության վրա:
Այսպիսի պայմաններում արդեն իսկ ակնհայտ է, որ մի շարք երկրներ մտցրել են պարենային ապրանքների արտահանման սահմանափակումներ և, բացի այդ էլ՝ կան օբյեկտիվ դժվարություններ՝ տեղափոխման, տրանսպորտային հասանելիության, նոր սանիտարահիգիենիկ կանոնների և այլն: Այս բոլորը պետք է հաշվի առնվի, և մանավանդ այն ֆոնին, որ պարենային ապրանքների և առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության ծավալներն են նաև նվազել համաշխարհային տնտեսությունում՝ համավարակի պատճառով»:
Տնտեսագետն ակնկալում է, որ պետությունը լրացուցիչ ջանք պետք է ներդնի՝ պարենային ապահովման խնդիրը լուծելու համար. «Պետությունը, այո՛, պետք է ոչ ստանդարտ լրացուցիչ գործադրումներով լուծի պարենային ապահովման հարցը, ինչն ուղիղ կապ ունի առաջին անհրաժեշտության ապրանքների գների հետ, որովհետև եթե մենք հանկարծ ունենանք որոշակի դեֆիցիտ և որոշակի դժվարություններ պահանջարկի բավարարման, ակնհայտ է՝ գները թռիչքաձև կաճեն: Կարճ ասած՝ կանխարգելիչ միջոցներ են պետք. ընթացիկ թվերը հրապարակելով և միայն առկա վիճակագրությամբ բավարարվելով՝ չենք կարողանա լուծել այդ հարցերը:
Ռիսկերը մնում են, այնպես չի, որ գնաճային ճնշումներ չկան. դրանք կան, և նախևառաջ ակնհայտ է, որ իրավիճակը համավարակով պայմանավորված այնքան անորոշ է ողջ համաշխարհային տնտեսության իմաստով և լուծված չի, որ չի կարող ուղղակի ռիսկեր չունենալ նաև իմ կողմից նշված այդ ուղղություններով: Դա վերաբերել է նաև Հայաստանի Հանրապետությանը, որը, բնականաբար, ինքնաբավ չէ պարենային ապահովման տեսանկյունից և ներկրում է այդ ապրանքները միջազգային շուկաներից: Եվ եթե միջազգային շուկաներում կա այդ անորոշությունը՝ հատկապես պարենային ապրանքների ոլորտում, հետևաբար՝ դա չի կարող չփոխանցվել մի երկրի, որն ունի բաց տնտեսություն, փոքր տնտեսություն, և որն ինքնաբավ չէ պարենային ապահովման իմաստով»: