«Հայաստանում խելոք երիտասարդներ չկա՞ն». շուրջ կես միլիարդ դրամ՝ 100 սփյուռքահայ մասնագետների տեղափոխման և կեցության համար
«ԻԳործ»-ը սեպտեմբերից կանցնի գործի. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից մշակված ծրագիրը, աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած 100 սփյուռքահայ մասնագետների սեպտեմբերից կբերի հայրենիք: Նրանք կընդգրկվեն ավելի քան 20 գերատեսչությունների աշխատակազմերում: Այս մասին ասվում է պաշտոնական հաղորդագրություններում:
Ինչ խոսք, գեղեցիկ և տպավորիչ է հնչում: Փորձենք հասկանալ՝ իրականում ինչի՞ մասին է խոսքը, և մեր՝ քաղաքացիներիս գրպանից՝ բյուջեից, որքան գումար է դրա վրա ծախսվելու, որի արդյունավետությունը դեռ մշուշոտ է:
Ծրագրի մեկնարկը տրվել է այս տարի մարտ ամսին. մարտի 6-ին Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ Ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրեց, որ մեկնարկում է «ԻԳործ» ծրագիրը: Զարեհ Սինանյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է աշխարհի լավագույն համալսարաններ ավարտած և մասնագիտական բարձր կարողություններ ունեցող հայրենակիցներին ներգրավել Հայաստանի կառավարական համակարգ՝ պրակտիկանտի կարգավիճակով:
Ծրագրի մասնակիցների՝ Հայաստան տեղափոխության և կեցության ծախսը հոգալու է կառավարությունը` այս մասին տեղեկությունը նշված է կառավարության կայքէջում․
«Ծրագրի իրականացման ծախսերը մասնակիցների համար կապահովի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մասնավորապես՝ ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կեցություն` ամսական 336.000 դրամ: Ծրագիրը մեկնարկելու է 2020 թվականի հուլիսի 1-ից և տևելու է 12 ամիս»:
168.am-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից գրավոր հարցմամբ հետաքրքրվեց, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած կառույցի կողմից հեղինակած «ԻԳործ» ծրագրի 2020թ.-ի ընդհանուր բյուջեն:
Ի պատասխան՝ Գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը տեղեկացրեց.
«Հայտնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով «1156» «Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր» ծրագրի «11009» «Հանրային ոլորտում սփյուռքահայ մասնագետների ներգրավման» միջոցառմանը հատկացվել է 90,240.0 հազար դրամ: 2020 թվականի բյուջեով հաստատված՝ վերոնշյալ գումարը նախատեսվել է 20 սփյուռքահայ մասնագետների համար, սակայն պայմանավորված սփյուռքից աննախադեպ հայտերի ստացմամբ (800-ից ավելի), դրանց որակական բարձր ցուցանիշով և գերատեսչությունների կողմից ներկայացված ավելի քան 100 մասնագետի մեծ պահաջարկով՝ ծրագիրը ենթարկվեց էական ընդլայնման, հետևաբար՝ ընդլայնվեց նաև հատկացվող բյուջեն: Նոր բյուջեի հաստատումից հետո այն կհրապարակվի»:
Այսպիսով, 90 միլիոն 240 հազար դրամ՝ 20 սփյուռքահայ մասնագետի համար, իսկ պարզ թվաբանությամբ՝ 100 մասնակցի համար գումարի չափը իմանալու համար բավարար է 90 միլիոն 240 հազար դրամը բազմապատկել 5-ով: Ստացվում է՝ 100 հոգու համար ՀՀ Կառավարությունը կծախսի 451.200.000 ՀՀ դրամ կամ մոտ կես միլիարդ դրամ:
Օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այս ծրագրին անդրադառնալով՝ նշել էր.
«Այս ծրագիրը, ինչպես վարչապետն է բնութագրել, քաղաքական և ռազմավարական կարևորություն ունեցող ծրագիր է Հայաստանի համար: Սրանով մի քանի նպատակի ենք ծառայեցնում ծրագիրը՝ մեկը՝ Հայաստանը Սփյուռքին ավելի մոտ և կիրառական ձևով կապելն է, օգտագործել Սփյուռքի մարդկային, մասնագիտական ռեսուրսը՝ ի շահ պետական կառույցների և պետության կայացման, և միևնույն ժամանակ՝ փորձում ենք իրավիճակ փոխել մեր պետական կառույցներում՝ ոչ միայն տաղանդավոր մարդկանց ներդնելով և ներմուծելով հայկական կառավարման կառույցներ, այլ նաև կրիտիկական մասսա ապահովել, որեպսզի այս նոր մտածելակերպն, ավելի օպտիմալ աշխատելաոճը կարողանանք կամաց-կամաց ներդնել մեր պետական կառավարման համակարգում: Գիտեք՝ վարչապետն անցյալում շատ է խոսել, որ մենք կադրերի խնդիր ունենք, մենք գործն անելու մեթոդոլոգիայի լուրջ մշակութային պրոբլեմներ ունենք, և ահա այսօր այս ծրագրի միջոցով մի քայլ է արվում այդ ուղղությամբ»:
Իհարկե, ողջունելի է Սփյուռք-Հայաստան կապերն ամրացնող ցանկացած քայլ, բայց ի՞նչ աշխատաոճի մասին է խոսքը և ինչպե՞ս կարող են երբեք չաշխատած կամ կարճ աշխատանքային փորձով մասնագետները աշխատաոճ ունենալ: Մեկ այլ հարց ևս՝ որքանո՞վ է արդարացված պետության կողմից նման ծախսը՝ հատկապես կորոնավիրուսի բերած տնտեսական ահռելի հետևանքների պարագայում: Իրականում մեր երկրում սոցիալ-տնտեսական լրջագույն ճգնաժամ է: Մինչ օրս հեղափոխական կառավարությունն օգտագործե՞լ է արտերկրում ուսանած և Հայաստանում բնակվող բազմաթիվ մասնագետների ներուժը. Չէ՞ որ վարչապետի նշած կադրերի խնդիրը լուծելու համար դեռ երկու տարի առաջ չէր ստեղծվել կադրային բանկը:
Հիշեցնենք, այդ օրերին մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ կադրային բանկի 6 հոգանոց «քասթինգի» հանձնաժողովը սկզբում ուսումնասիրում էր դիմումները, CV-ները, ընտրում լավագույններին, ապա հարցազրույց անցկացնում նրանց հետ, բայց դիմորդների 90 տոկոսը, մեղմ ասած, «անգրագետ» է եղել՝ 4-5 հազար դիմորդից միայն 6-7 հոգի է ընտրվել:
Միայն մեկ օրինակ նշենք. դեռ անցյալ տարի 168.am-ն անդրադարձել էր կադրային բանկ դիմած մասնագետներից մեկի՝ բժիշկ-նյարդաբան Սարգիս Աբրահամյանի փորձին: Ս. Աբրահամյանը ավարտել էր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան՝ ստանալով բժշկի որակավորում: Erasmus Mundus ծրագրի շրջանակում երիտասարդ բժիշկն ուսումը շարունակել է աշխարհի լավագույն բժշկական բուհերից մեկում՝ Գերմանիայի Շարիտե համալսարանական կլինիկայի նյարդաբանության բաժանմունքում։ Սարգիսը նաև դարձել է DAAD-ի կրթաթոշակառու՝ մեկ տարի ևս ուսանելով Շարիտեում:
«Հայաստանում առկա փոփոխություններից հետո հանուն հզոր հայրենիքի գաղափարի՝ պատրաստ էինք հրաժարվել արտերկրում ունեցած բավականին խոստումնալից ապագայից, վերադառնալ Հայաստան և մեր գիտելիքներով, արտերկրում ձեռք բերված կապերով նպաստել հզոր պետության կերտմանը։ Այդ իսկ պատճառով, ուղարկել էինք մեր կենսագրականները և հրավիրվել հարցազրույցի։ Հաղթահարելով այդ փուլը ՝ փաստացի ընդգրկվեցինք վարչապետի կողմից ձևավորված կադրային բանկում և մի քանի ամիս անց հրավիրվեցինք Առողջապահության նախարարություն։ Սակայն ստացվեց այնպես, որ մենք չէինք համապատասխանում նոր կառավարության սահմանած բավականին բարձր չափանիշերին, և այդ գործընթացը փաստացի նախարարության աշխատակցի կողմից կասեցվեց»,- ասել էր Սարգիսը 168.am-ի հետ զրույցում: Ի դեպ, Սարգիսն այժմ Շարիտե համալսարանական կլինիկայի ասպիրանտ է, ու թեև նրա մասնագիտական որակները չէին բավարարել հայաստանյան կառավարության պահանջներին, բայց նրան նկատել են Գերմանիայի առաջատար կլինիկաներից մեկում, որտեղ նա իր մասնագիտական գործունեությունն է ծավալում:
Արդյո՞ք ռազմավարական ու քաղաքական առումով կարևոր չէ պահել նաև տեղի ներուժը, որպեսզի նրանք ստիպված չհեռանան երկրից, իսկ հետո պետությունն ինչ-ինչ ծրագրերով նրանց հրավիրելու փորձեր չաներ:
Ի դեպ, նմանատիպ ծրագիր արվել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման ժամանակահատվածում՝ 2017 թվականի դեկտեմբերին, այն համակարգում էր Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, ֆինանսավորումն իրականացնում էր Եվրոպական Միությունը: «YES Armenia» երիտասարդ փորձագետների ծրագիրը ներգրավել էր 21 հայ երիտասարդների Հայաստանից և սփյուռքից՝ 12 ամիս նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում կառավարության առաջնահերթություններից բխող ծրագրերի վրա աշխատելու համար:
168.am-ը Ռազմավարական նախաձեռնությունների նախկին կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանի հետ զրույցում անդրադարձավ «ԻԳործ» և «Yes Armenia» ծրագրերին:
Ըստ Ա. Խաչատուրյանի՝ «ԻԳործ» ծրագրի նպատակն ինտեգրացիան է և փափուկ վերադարձ ապահովելու փորձ կատարելը.
«Ծրագրի արդյունավետությունը հնարավոր է գնահատել միայն ծրագրի ավարտից հետո: Որպեսզի մենք կարողանանք քննադատել կամ ողջունել, ավելի շատ ինֆորմացիա է պետք: Գաղափարն ինքնին լավն է. ուղղակի խնդիրն այն է՝ դու ինչպե՞ս ես այդ փորձառությունն օգտագործում, ինչպե՞ս ես այդ մարդկանց տեղավորում, ինչպե՞ս ես այդ մարդկանց օգնում ինտեգրվել այդ համակարգում, և ամենակարևոր հարցը՝ ինչպե՞ս ես անում, որ այդ ծրագրի ժամկետն ավարտվելուց հետո այդ մարդիկ կամ գոնե նրանց մի մասը մնան, այդ նախարարություններում աշխատեն կամ գոնե այն ծրագրերն ավարտեն, որոնք սկսել են»:
«Yes Armenia»-ին անդրադառնալով՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց. «Մեզ ուղղակի հաջողվեց ծրագիրն իրականացնել Եվրամիության ռեսուրսների հաշվին: Մեր գործն ընդամենն աջակցելն էր, քանի որ ադմինիստրատիվ ֆունկցիա էինք կատարում՝ վերահսկում էինք, թե ինչ են անում ծրագրի մասնակիցները, բայց մենք գումար չէինք ծախսում՝ իրենց վարձատրում էր Եվրամիությունը, այդ առումով՝ լավ էր, որ բյուջեի վրա դա բացարձակապես բեռ չեղավ»:
Թե ինչո՞ւ կասեցվեց ծրագիրը՝ հարցի պատասխանն Ալեքսանդր Խաչատուրյանը չունի, քանի որ ծրագրի ավարտի ժամանակ, հեղափոխությունից հետո՝ 2018-2019թթ., հիմնադրամի գործունեությունն արդեն կասեցվեց, և նոր թիմ էր զբաղվում այդ գործառույթներով. «Հույս ունեի, որ կշարունակվի և նույնիսկ կընդլայնվի, որովհետև եթե ճիշտ եմ հիշում, երկրորդ մասը նախատեսում էր, որ դա ոչ միայն կլինի կենտրոնական ապարատում՝ պայմանական՝ Երևանում, այլև մարզերում: Այսինքն՝ մենք կունենայինք մասնագետներ, որոնք կգային և մարզպետարաններում կաշխատեին, որովհետև, կարծում եմ՝ այնտեղ ռեսուրսի պակասը շատ ավելի ցայտուն է, քան, ենթադրենք, Երևանում»:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի արդեն նախկին աշխատակից Սիրվարդ Համբարյանը տեղեկացրեց, որ դեռ նախարարության տարիներին եղել են պրակտիկանտներ՝ կրկին դրսի հեղինակավոր բուհերից, ովքեր ցանկություն են հայտնել իրենց մագիստրոսական թեզերը պատրաստել, մասնագիտական պրակտիկան, հետազոտություններն անցկացնել Հայաստանում: Դրանք անցկացվել են տարբեր բնագավառներում. «Նրանք եկել են խիստ պաշտոնական գրություններով՝ ընդհուպ մինչև իրենց համալսարանների ռեկտորների պաշտոնական գրություններով՝ ուղղված մեր նախարարին, վարչապետին, որովհետև անվտանգության խնդիրներ կան, և միայն ուսումնասիրություններ կատարելուց հետո էին վերցնում: Ի դեպ, այդ ուսանողները եկել են և բնակվել են իրենց հաշվին»:
Շարունակելով միտքը՝ նա մի քանի հարցադրում հղեց. «Ինչո՞ւ պիտի պետության միջոցներով այդքան հսկայական գումարներ ծախսվեն: Արդյո՞ք չկա այստեղ նաև անվտանգության խնդիր: Ինչո՞ւ է Զարեհ Սինանյանն այդքան շահագրգռված, որ նրանք մուտք գործեն միայն պետական ապարատ»:
Սփյուռքի նախարարության, ապա նաև՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախկին աշխատակիցը, մեծ հավատ ունենալով Սփյուռքի ներուժի հանդեպ, այդուհանդերձ նկատեց, որ այսօր Հայաստանում էլ կան որակյալ կադրեր, որոնց ներուժը չի օգտագործվում.
«Ի՞նչ է նշանակում՝ այս պայմաններում գտնվող Հայաստանում… Հայաստանում խելոք երիտասարդներ չկա՞ն, շատ երիտասարդներ են աշխատանքից ազատվել կամ գործազուրկ են, այնպիսի հաջող երիտասարդներ, որոնց ունակություններով, հմտություններով հիանում էինք: Նրանց թողած՝ ուրիշ ո՞ւմ պետք է բերեն, որ ավելի տեղյակ լինեն Հայաստանի ներքին կյանքին, կառավարման համակարգին, առանձնահատկություններին:
Իր կողմից խոստացված այդ պետական ապարատում աշխատելու մշակույթն իրենց երկրում արդեն ձևավորվա՞ծ է. եթե նույնիսկ, իրենց ասելով, ձևավորված է, բայց այդ տարիքի երիտասարդները հնարավոր չէ, որ արդեն հմտացած լինեն այդ գործի մեջ, կամ իրենք ինչո՞ւ պետք է բերեն իրենց մշակույթը մեզանում ներդնեն»:
Ի դեպ, մեզ հետ զրույցում արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում ուսանած փորձագետներից մեկը ևս կառավարության այս նախաձեռնությունը ոչ միայն անհեթեթ անվանեց, այլև համարեց բյուջեի բացարձակ անիմաստ ծախս: Մեր զրուցակիցը նաև նկատեց, որ կառավարությանը որակյալ կադրեր պետք չեն, այլապես կօգտվեին Հայաստանում առկա մասնագիտական ռեսուրսից: «Այսօր բազմաթիվ մասնագետներ, որոնք կրթությունը շարունակել են արտասահմանյան լավագույն բուհերում, ոչ միայն դուրս են մղվում պետական կառավարման համակարգից, այլև մտածում են արտագաղթելու մասին: Այս կառավարությանը որակյալ կադրեր պետք չեն, անիմաստ բյուջե են մսխելու: Այդ երիտասարդները կգան, մեկ տարի կապրեն՝ տուրիստի պես, ու կգնան իրենց երկրներ»,- ասաց մեր զրուցակիցը, ով այս ընթացքում աշխատում է միջազգային կառույցներից մեկում: