Ի՞նչ է ցրված սկլերոզը, որո՞նք են հիվանդության առաջին նշանները. պարզաբանում է նյարդաբանը

Հարցազրույց բժիշկ-նյարդաբան, Գերմանիայի Շարիտե համալսարանական կլինիկայի ասպիրանտ Սարգիս Աբրահամյանի հետ

– Սարգիս, Գերմանիայի Շարիտե համալսարանական կլինիկայում Դուք կատարել եք կարևոր հետազոտություն ցրված սկլերոզ հիվանդության վերաբերյալ: Նախ՝ կխնդրեմ մանրամասնել՝ ի՞նչ է ցրված սկլերոզը, որովհետև մարդիկ հաճախ այն ասոցիացնում են հիշողության կորստի հետ:

– Միանգամից նշեմ, որ ցրված սկլերոզը որևէ առնչություն չունի հիշողության կորստի՝ դեմենցիաների հետ, և, այո, իրավացի եք՝ հասարակության մեջ առկա է  նման կարծիք։ Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկական բորբոքային հիվանդություն է և առավելապես հանդիպում է երիտասարդների շրջանում։

Հիվանդության զարգացման մեխանիզմը հետևյալն է. սեփական իմունային համակարգը վնասում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդային բջիջների միելինային թաղանթը, որը պատասխանատու է նյարդային իմպուլսների անխափան հաղորդման համար։ Այդ իսկ պատճառով ցրված սկլերոզը դասվում է աուտոիմուն հիվանդությունների շարքին, քանի որ սեփական իմունային համակարգը վնասում է սեփական նյարդային համակարգը։ Արդյունքում՝ գլխուղեղում և ողնուղեղում առաջանում են բորբոքային բազմաթիվ մանր օջախներ, որոնք հետագայում սպիանում են։ Արդյունքում, կախված օջախների տեղակայումից, հիվանդությունը կարող է ունենալ բազմազան կլինիկական դրսևորումներ։

– Որո՞նք են տվյալ հիվանդության առաջին նշանները, ե՞րբ է անհրաժեշտ դիմել մասնագետի, և ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ հիվանդությունն ախտորոշելու համար։

– Հիվանդության առաջին կլինիկական նշանները կարող են լինել բավականին տարբեր, և ինչպես արդեն նշեցի՝ դա կախված է բորբոքման օջախների տեղակայումից։ Սակայն առավել հաճախ հանդիպող գանգատներից են՝ վերջույթներում զգացողության խանգարումներ, տեսողական խանգարումներ, մկանային ուժի նվազում, քայլքի խանգարումներ, խիստ արտահայտված հոգնածություն և բազմաթիվ այլ կլինիկական դրսևորումներ։

Տվյալ հիվանդությունը հանդիսանում է քրոնիկական հիվանդություն, որը մշտապես պահանջում է հսկողություն։ Այդ իսկ պատճառով բավականին կարևոր է հիվանդության վաղ հայտնաբերումը և բուժումը՝ հիվանդության հետագա առաջընթացը դանդաղեցնելու նպատակով։

Հիվանդության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է նյարդաբանի կողմից զննում, ինչպես նաև գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն, որի միջոցով կարելի է հայտնաբերել բորբոքային օջախները գլխուղեղում և ողնուղեղում։ Արտերկրում ախտորոշման հաստատման համար իրականացնում են նաև ողնուղեղային պունկցիա և ուսումնասիրում ողնուղեղային հեղուկը, որը հնարավորություն է տալիս հաստատել ցրված սկլերոզը, ինչպես նաև՝ բացառել մի շարք այլ հիվանդություններ, որոնք կարող են առաջացնել նման փոփոխություններ։ Սակայն դեռևս Հայաստանում ամբողջ ծավալով ներդրված չէ ողնուղեղային հեղուկի ուսումնասիրման համար անհրաժեշտ հետազոտությունները, և կան բազմաթիվ ցուցանիշներ, որոնք անհրաժեշտ է հետազոտել։ Սակայն Հայաստանում չեն իրականացվում այդ նյութերի հետազոտությունները ողնուղեղային հեղուկում, որը լրացուցիչ խոչընդոտ կարող է հանդիսանալ ախտորոշման հաստատման հարցում։

– Հիվանդության զարգացման պատճառը հայտնի՞ է, հնարավո՞ր է խուսափել հիվանդության զարգացումից:

– Հիվանդության առաջացման պատճառագիտությունը մնում է դեռևս չբացահայտված, և տարիներ շարունակ քննարկվում է մի շարք գործոնների դերը հիվանդության առաջացման գործում։ Այդպիսի գործոններից են ժառանգական նախատրամադրվածությունը, ծխելը, արտաքին միջավայի անբարենպաստ պայմանները, հիպովիտամինոզ կամ ավիտամինոզ D-ն, Էպշտեյն-Բարր վիրուսը։

Քանի որ տվյալ հիվանդությունը հանդիսանում է բազմապատճառային, չկա որևէ հնարավորություն՝ զարգացումը կանխատեսելու, սակայն մարդիկ ունեն հնարավորություն՝ առողջ ապրելակերպ վարել, ընդունել առողջ սնունդ, հրաժարվել վնասակար սովորություններից, դրանով իսկ պահպանել առողջությունը և խուսափել տարբեր հիվանդությունների առաջացումից։

– Ցրված սկլերոզ հիվանդության բուժման ի՞նչ մոտեցումներ կան արտերկրում և Հայաստանում, ի՞նչ դեղամիջոցներ են կիրառվում, և արդյո՞ք հնարավոր է լիարժեք բուժում: 

– Հիվանդության ամենահաճախ հանդիպող ձևը գրոհներով և դադարներով ընթացող տարբերակն է։ Այդ իսկ պատճառով առանձնացնում ենք բուժման երկու փուլ։ Բուժման առաջին փուլը կիրառվում է գրոհի ժամանակ, որի ընթացքում իմունային համակարգն առաջացնում է բուռն և արտահայտված բորբոքային ռեակցիա նյարդային համակարգում, և այս փուլի բուժման նպատակն է՝ ճնշել բորբոքային պրոցեսը։

Բուժման երկրորդ փուլի նպատակն է՝ թույլ չտալ նոր գրոհների առաջացումը, այդպիսով կանխարգելելով նոր օջախների առաջացումը և հիվանդության հետագա առաջընթացը։ Բժշկագիտությունը այսօր բավականին արագ զարգանում է, և արդեն կիրառվում են բավականին արդյունավետ դեղամիջոցներ, որոնք հնարավորություն են տալիս կանխարգելել հիվանդության առաջընթացը։ Այդ արդյունավետ դեղամիջոցները, սակայն, բավականին թանկարժեք են, և քանի որ Հայաստանում դեռևս ներդրված չէ առողջապահական ապահովագրական համապարփակ համակարգ, դա լրացուցիչ խոչընդոտ է տվյալ հիվանդների երկրորդ փուլի բուժման կազմակերպման հարցում։ Հիվանդները կարիք ունեն տվյալ դեղամիջոցները տարիներ շարունակ ստանալու, ինչը մեծ ֆինանսական բեռ է:

Հիվանդության վաղ հայտնաբերումը, ինչպես նաև՝ ճիշտ ընտրված բուժումը հնարավորություն է տալիս ցրված սկլերոզ ախտորոշում ունեցող հիվանդներին ապրել լիարժեք և առանց հետագա բարդությունների։

– Վերադառնալով Գերմանիայում կատարած ձեր հետազոտությանը՝ կխնդրեի մանրամասնել՝ ի՞նչ արդյունքներ ունեցաք:

– Մեր հետազոտությունը վերաբերում էր Էպշտեյն-Բարր վիրուսի և ցրված սկլերոզի միջև կապի հայտնաբերմանը։ Հետազոտության մեջ ընդգրկված էր շուրջ 900 հիվանդ։ Իհարկե, սպասելի էր, որ Էպշտեյն-Բարր վիրուսակիր անձանց թիվը բավականին մեծ էր լինելու, սակայն այն արդյունքները, որոնք մենք ստացանք, ապշեցուցիչ էին։ Ցրված սկլերոզ ունեցող բոլոր հիվանդների մոտ առկա է Էպշտեյն-Բարր վիրուսը։

Սա վկայում է այն մասին, որ կա հստակ կապ վիրուսի և հիվանդության առաջացման միջև։ Այժմ մեր կողմից քննարկվում են մի քանի հնարավոր վարկածներ, թե ինչ մեխանիզմով վիրուսը կարող է ակտիվացնել իմունային համակարգը, և արդյունքում՝ վնասել սեփական նյարդային համակարգը։

Տեսանյութեր

Լրահոս